Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԸ ՈԳԵԿՈՉՈՒՄ Է ՀԵՐՈՍԻՆ



Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց, որոնք իրենց անձնազոհությամբ տեր կանգնեցին հայոց աշխարհին, և կայացավ փառավոր հաղթանակը: Հերոսներից շատերն ընկան ռազմի ճամփաներին ու հավերժ մնացին անմահ: Նման հավերժի ճամփորդ է ու սիրելի կերպար Պետրոս Ղևոնդյանը՝ հրամանատար Պետոն: Հունվարի 30-ին լրացավ քաջորդու 50-ամյակը, սակայն արդեն 20 տարի է, ինչ նա մեզ հետ է հոգեպես, իր սխրանքով ու անձնազոհությամբ: 1994 թվականի փետրվարի 14-ին Քարվաճառի Եղեգնուտ գյուղի մոտ վիրավոր ազատամարտիկին մարտադաշտից հանելու համար մարտիրոսվեց Պետոն: Ծնվել է 1964 թվականին ՀՀ Նաիրիի շրջանի Պռոշյան ավանում: Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Փետրվարի 10-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում հանդիսավոր նշվեց հերոսի ծննդյան 50-ամյակը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության և Ազգային ժողովի անդամներ, զինվորականներ, հերոսի հարազատներ, մարտական ընկերներ, ռազմական վարժարանի սաներ, աշակերտներ, մտավորականներ: Սկզբում ցուցադրվեց ԼՂՀ ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի կողմից նկարահանված ֆիլմը՝ նվիրված Պետոյին: Ելույթ ունեցան Պետոյի զինակից ընկերները՝ գնդապետ Դավիթ Մանուկյանը, Իգոր Սարգսյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Արցախի հերոս, Վարանդայի գումարտակի հրամանատար Արշավիր Ղարամյանն իր ելույթում նկարագրեց, թե ինչպես Պետոն նստեց շտապօգնության մեքենան և վարելով այն՝ փորձեց մոտենալ վիրավոր զինվորին, սակայն ականի պայթյունից մարտիրոսվեց քաջորդին: Հերոսի ավագ քույրը՝ Անահիտ Ղևոնդյանը, շատ էր հուզված. շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Հատկապես հուզումնալից էր ազատամարտիկ Արմեն Մարտիրոսյանի խոսքը: Արմենն այն վիրավոր ազատամարտիկն է, որի կյանքը փրկելու համար մարտիրոսվել է Պետոն:

-Այդ չարաբաստիկ օրը Պետոն զոհվեց, բայց փրկեց վիրավոր զինվորի կյանքը: Այդ ազատամարտիկը ես էի: Երանի չլիներ այդ պահը. գուցե Պետոն ողջ կմնար, -ասաց Արմենը՝ շարունակելով, որ վիրահատությունից հետո իմանալով կատարվածի մասին՝ շատ է հուզվել, իրեն մեղավոր զգացել: Այնուամենայնիվ, Աստծուն խնդրել` իրեն որդի պարգևի, որ Պետոյի անունով կոչի: Կատարվել է Արմենի երազանքը: Նա բեմի վրա էր իր 10-ամյա որդու՝ Պետրոսի հետ, որը երդվեց նմանվել իր հերոս անվանակցին:

Միջոցառման ընթացքում Պետոյին և հայոց գոյամարտին նվիրված երգերով ելույթ ունեցավ ԼՂՀ ՊԲ «Ասպետ» երգի պարի համույթը: Մարտական ընկերոջն իր անզուգական կատարումով ոգեկոչեց երգիչ-ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանը՝ երգելով «Գարահիսար լեռան լանջին» երգը:

Քաշաթաղի շրջանի միջնակարգ դպրոցը 2010 թվականի ապրիլի 10-ին անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ: Ասմունքով ու բեմական ներկայացմամբ իրենց խոսքն ասացին այս կրթօջախի սաները՝ երդվելով լինել հետնորդը քաջերի: Աշակերտների ելույթն ընդունվեց ծափողջույններով ու ոգևորությամբ: Քաշաթաղի շրջանից ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էլլա Միրզոյանը:

Զ. ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Բանակ և հասարակություն


13/02/2014