Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԵՂԻ ԺՊԻՏԸ



Դար ու դարեր հզորագույն բանակ ունենալու ահավոր անհրաժեշտությունից պատրանքաթափ էինք լինում եւ դար ու դարեր մի նիհարիկ բանակ ունենալու ուժ եւ հնարավորություն չունեինք։ Ոչ միայն։ Չունեինք նաեւ զենք կրելու, զենք բանեցնելու իրավունք, այդ զենքը թաքցնելու համարձակ ճարպկություն։ Եվ, առաքինության հերոսի քղամիդն առնելով ուսներիս, պատսպարվեցինք «սուր վերցնողը սրից կընկնի» սխալմունքի մեջ, պաշտպանվեցինք այդ մխիթարանքով, որպեսզի ինքներս մեզնից չզզվենք։ Այդպես դատարկ ձեռքերով անզեն ինքնապաշտպանություն էինք ձեւացնում մատյան գնդերի, լեգեոնների, փաղանգների, նետողաց եւ շատ ուրիշ ենիչերիների դեմ։ Մերկ ձեռքերով՝ ինչպես կարատեում է լինում, զենք ու զրահի դեմ՝ ինչպես կարատեում չի լինում։ Իբրեւ հետեւանք մեր անզորության՝ դատապարտված էինք մեր թշնամուն դառնորեն ժպտալ՝ իբրեւ հաշտության ու խաղաղության հրավեր, որպես միակ ելք, որպես արքայական խոզությունից փրկվելու միջոց։ Իսկ Փրկիչը կար եւ ասում էր. «Սիրիր քո թշնամին եւ եկ զկնի Իմ»։ Դարձյալ արքայական հիվանդությունից բժշկվելու հավատով մեր աբգարյան հրավերը ուղարկեցինք Փրկչին եւ գնացինք նրա ետեւից, որովհետեւ թշնամուն ժպտալուց հետո կես քայլ էլ չի մնում մինչեւ նրան սիրելը։ Շտապեցինք Փրկչի ետեւից, եւ նրան խաչից իջեցնողներից մեկը մենք էինք՝ երեքից մեկը, երեք հերոսից առաջինը։ Այդ օրվանից մեր կռիվը դարձավ կռիվ Տիրոջ անվան համար։ Ազատամարտիկներից մեզ հռչակեցինք Աստվածամարտիկներ։

Այդպես խեղճի ժպիտով ուրիշներին սիրելով, ուրիշների արանքներում, ծակամուտ, ծպտյալ ու աննկատ ապրում ենք, չմեռանք, կանք՝ առանց կայանալու, առանց փրկվելու կամ ամեն օր մի կերպ փրկվելով։

Առանց կայանալու այդպես էլ պիտի ապրեինք, որովհետեւ մենք հավատի հերոս էինք ու Քրիստոսի զինվոր, որովհետեւ մենք հայրենիքի հերոս չէինք եւ ոչ էլ հայրենիքի զինվոր, որովհետեւ մենք չունեինք□ բանակ։ Ուրիշ պատճառ չկա։

Հիմա ունենք այն, ինչը չունեինք դարեր ու դարեր։ Ունենք Բանակ։ Ունենք հայրենիքի զինվոր։ Վերջապես կայանալու ենք, վերջապես ուժեղի ժպիտով ենք սիրելու ուրիշներին։

Փառք ու պատիվ հայ զինվորին, փառք ու պատիվ ազգային բանակն ստեղծողներին։ Համբուրենք նրանց ճակատը եւ խոնարհվենք նրանց հերոսական հիշատակի առջեւ։

ՍԱՍՈՒՆԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Բանակ և հասարակություն


13/02/2014