Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ



Զորակոչի վերջին օրն է: Չնայած տեղացող, հորդառատ անձրեւին, ծնողները կենտրոնական հավաքակայանի առջեւ անհամբեր սպասում են, թե երբ իրենց ներս կհրավիրեն՝ հետեւելու վիճակահանությանը: Զորիկ Թամրազյանը կնոջ եւ կրտսեր որդու հետ եկել է բանակ ճանապարհելու ավագ որդուն՝ Գարեգին Թամրազյանին: Ասում է՝ որդին լավ դաստիարակություն է ստացել, կոփված է, ինքնուրույն և համոզված է, որ լավ ու պարտաճանաչ զինվոր է դառնալու: Ըստ նրա` «Մեր զավակները իրենց ոգեղենությամբ են հզոր: Նրանք պետք է իմանան, որ հայոց Արտաշես թագավորը մեր սահմաններին, ըստ պատմահայր Մովսես Խորենացու, սահմանաքարեր է տեղադրել, որոնցից շատերը հայտնաբերվել են 20-րդ դարում: Հայ զինվորները պետք է իմանան, որ իրենք հայկական լեռնաշխարհի Արտաշիսյան սահմանաքարերի մշտարթուն պահապաներն են եւ պետք է աչալուրջ ու զգոն լինեն կոյունլու ցեղերի նավթադոլարային տափարակներից եկող վտանգի նկատմամբ»: Նորակոչիկի ծնողը նշում է, որ հրամանատարությունից էլ ակնկալիքներ ունի. «Թող լինեն խիստ, պահանջկոտ եւ արդար»:

Հավաքակայանի դարպասներից այս կողմ եռուզեռ է: Հսկիչ-անցագրային կետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Թադեւոսյանը տղաներին հիշեցնում է. «Մեր բանակը, որը հաղթել է մահվան վախը, անպարտելի է եւ ամենակարող»: Իսկ նրա ծառայակիցը՝ ավագ ենթասպա Ֆարֆարյանը, բարեմաղթում է. «Տղանե՛ր, բարով գնաք, բարով գաք»:

Հավաքակայանի մանդատային հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Ա. Ավանեսյանը մաղթանքի խոսքերից հետո հետաքրքրվում է` արդյոք կա՞ն օտար լեզուների տիրապետողներ, մարմնի վրա դաջվածքներ ունեցողներ, եւ պատասխանները գրանցում է մատյանում: Փոխգնդապետը նկատում է, որ տարեցտարի մեծանում է մարմնի վրա դաջվածքներ ունեցող զորակոչիկների թիվը: Յուրաքանչյուր դաջվածք հավաքակայանում մեկ անգամ եւս ուսումնասիրվում է, եթե այն ներառված է հատուկ ցանկում, ապա զորակոչիկը ուղարկվում է լրացուցիչ հետազոտության. «Ընդհանուր առմամբ, այս զորակոչի ընթացքում լրահետազոտման եւ բուժման է ուղարկվել 50 զինակոչիկ: Բայց սա չի նշանակում, թե զինկոմիսարիատները թերացել են, ուղղակի փոքր կասկածի դեպքում անգամ անմիջապես արձագանքում ենք: Տարածքային զինկոմիսարիատների աշխատանքում որակական առաջընթացն ակնհայտ է, ասածիս ապացույցն այն է, որ դեռեւս մի քանի օր առաջ զորակոչային պլանը կատարվել էր 100 տոկոսով»: Փոխգնդապետից հետաքրքրվեցինք` արտերկրից քանի՞ զինակոչիկ է ձմեռային զորակոչի ընթացքում համալրել զինված ուժերի շարքերը: Պարզվեց` 61 երիտասարդ վերադարձել են հայրենիք` իրենց պարտքը կատարելու:

Հավաքակայանի մասնագիտական սենյակներում էլ ականատես եղանք, թե ինչպես են զորակոչիկներին զննում նյարդաբանը, թերապեւտը եւ այլ բժիշկներ, որից հետո տղաները պատվաստում են ստանում ինը անուն վարակների դեմ: Ըստ բժշկական հանձնաժողովի նախագահ, բուժծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանի, պատվաստումն ամենակարեւոր միջոցառումներից է, քանի որ զորակոչիկին ապահովագրում է դիմադրողականության անկումից: «Պատվաստումներն իրականացնում ենք բոլոր չափանիշներին համապատասխան,- ասում է նա:- Զորակոչիկները զորամասերում եւս կանցնեն առաջնային զննում եւ երկու շաբաթ կլինեն բժիշկների հսկողության տակ: Կսահմանափակվեն նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու շփումները: Հնարավոր է` նորակոչիկներից ոմանք ունենան ջերմային ռեակցիա, ինչը բնական է»: Մեր խնդրանքով հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ հունվարի 13-ին բանակ զորակոչված եւ հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանի դեպքին: «Շատ ցավալի է: Պատճառների վերաբերյալ վերջնական պատասխանը կտա քննությունը: Մենք հավաքակայանում նորից ուսումնասիրեցինք երիտասարդի բժշկական փաստաթղթերը, քանի որ մեզ մոտ նշված էր, թե հետազոտվել էր նրա ողնաշարն ու քննվել քթի վիրահատությունից հետո հետվիրահատական վիճակը, ինչի արդյունքում ծառայության համար որեւէ սահմանափակում չի նախանշվել: Վստահեցնում եմ, որ մեր աչքից ոչինչ չի վրիպում»,- եզրափակում է Գայանե Ղուկասյանն ու շարունակում հետեւել բժիշկների աշխատանքին:

Մինչ ոմանք հետազոտվում են, մյուսները հավաքակայանի բակում ծանոթանում են, զրուցում, կատակում նաեւ խնդրում մեր լուսանկարչին լուսանկարել իրենց: Այնուհետեւ մենք տղաների հետ միասին ուղղվում ենք վիճակահանության սենյակ: Այստեղ արդեն ծնողների ներկայությամբ նորակոչիկները «Ը», «Մ», «Ա» այբբենական համարակալմամբ արկղերից («Ը» գրությամբ արկղին մոտենում էին ընդհանուր հիմունքներով ծառայելու կանչված զորակոչիկները, «Մ»-ին` վարորդական մասնագիտացում ստացածները, ինչպես նաև մեխանիկ-վարորդի, կապավորի որակավորում ունեցողները, իսկ «Ա» մակագրությամբ արկղին` համապատասխան արտոնության իրավունք ունեցողները) վիճակահանության սկզբունքով թերթիկ են դուրս քաշում, որի վրա նշված է ապագա ծառայության վայրը:

Եվ ահա հրաժեշտի համար տրվում է մի քանի րոպե, տղաներին շրջապատում են հարազատները, գրկախառնվում, կանայք հուզվում են, տղամարդիկ` խորհուրդներ շշնջում: Դրսում նրանց են սպասում ավտոբուսները… Բարի ճանապարհ…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


06/02/2014