Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 10 ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ (Շարունակություն)



Սկիզբը՝ նախորդ համարում

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն անցկացրեց հանրապետության հյուսիսարևելյան շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Տ.Խաչատրյանի գնահատմամբ, գրանցված արդյունքները գոհացնող են:

Հայկական երկու հանրապետությունների միջև առկա փոխգործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 12-13-ը աշխատանքային այցով Արցախում եղավ ՀՀ Նախագահը: Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացավ բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկա վիճակին, որից հետո մասնակցեց բանակային բնագծի հյուսիսարևելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ անցկացվող զորավարժությունների դիտարկմանը` «Գումարտակի անցումը պաշտպանության» թեմայով: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորման բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարևորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թևերում և թիկունքում: Զորավարժության առանձնահատկությունը մեր զորքերի ոչ ստանդարտ գործողություններն էին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի կատարած այցի ընթացքում գոհունակությամբ նշեց, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել զինվորների ֆիզիկական պատրաստության ասպարեզում:

Բանակի ուսումնանյութական բազան ներկայումս գտնվում է արդիականացման փուլում: Հրաձգարաններում ստեղծվել են որակյալ ուսումնական կետեր: Բացի ստացիոնար ուսումնանյութական բազայից, ՀՀ զինված ուժերում այսօր կիրառվում է նաև վաշտային կրովի ուսումնանյութական բազա, որն ակտիվորեն կատարելագործվում է ՀՀ ԶՈՒ հեռանկարային պլանի համաձայն: 2013 թ. ընթացքում շահագործման են հանձնվել ռազմական և ուսումնական նշանակության մի շարք շինություններ: Առաջիկա տարիներին կվերակառուցվեն և համապատասխան սարքավորումներով կհամալրվեն զինված ուժերի բոլոր զորամասերի շարահրապարակները և մարզահրապարակները:

6. ԲԱՆԱԿՈՒՄ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՎԱԼՈՒՄ

Դեռ հունվարի 18-ին, ամփոփելով 2012 թ. աշխատանքային արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. «2013 թ. մենք անհաշտ պայքար ենք մղելու արատավոր երեւույթների դեմ, որոնք քաղաքացիական իրականությունից ներթափանցում են զինված ուժեր»:

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Մարտական հերթապահության բարոյահոգեբանական ապահովման խնդիրները և կատարելագործման ուղիները» թեմայով համաբանակային կոնֆերանս, որի ընթացքում անդրադարձ եղավ նաև մարտական հերթապահությունում ծագող կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման և հանգուցալուծման առանձնահատկություններին:

Ապրիլի կեսին Երևանի պետական համալսարանի «Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս» կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ պաշտպանության բանակ և սպա-հոգեբանների հետ սեմինար-պարապմունք անցկացրին` «Առաջին հոգեբանական օգնության հնարքները» թեմայով: Նրանց ընդունեց նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումներում նույնպես արծարծվեց բանակում արատավոր երևույթների դեմ պայքարի խնդիրը: Սեյրան Օհանյանը, անդրադառնալով դրանց, նշեց. «Մենք գիտենք նաև մեր թերությունները և համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում»։ Իսկ ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը իր ելույթում մանրակրկիտ կերպով անդրադարձավ բանակի կանոնադրական և իրավական հարաբերություններին, առկա թերություններին, դրանց կանխարգելմանը, բացառմանն ուղղված միջոցառումներին ու ծրագրերին։ Նա արձանագրեց նաև այդ ոլորտում առկա դրական տեղաշարժը:

Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով, որի կազմակերպիչներն էին Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը և Պետական կառավարման ակադեմիան: Գիտաժողովի նպատակն էր համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը եւ գործնականորեն կիրառել ոլորտի կայացման աշխատանքներում: Քննարկվող հարցերն էին` զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, դրանց վերացման ուղիները, զորակոչի հոգեբանական կողմը:

2013թ. մեծ ուշադրություն դարձվեց կրտսեր` վաշտ (մարտկոց) օղակի հրամանատարներին, որոնց հատուկ աջակցություն ցուցաբերվեց, այդ թվում` միջանձնային հարաբերությունների մթնոլորտի բարելավման հարցում:

Հունիսի 7-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հայտարարեց, որ մշակվում է դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու մեծ ծրագիր: Խոսքը նախևառաջ հրամանատարների մանկավարժական կուլտուրան բարձրացնելու մասին է:

2013 թ. ավելացվեց զորամասերի ԶԾԱ ապահովման մշտական հանձնաժողովների ինչպես պատասխանատվությունը, այնպես էլ գործունեության արդյունավետությունը։ Դրան նպաստեցին, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով առաջին անգամ անցկացված` «Զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման և ապահովման լավագույն զորամաս» մրցույթ, մայիսի 30-ին կազմակերպված ԶԾԱ համաբանակային կոնֆերանսը, ինչպես նաև «Անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով արտագնա մեթոդական հավաքները։

Արտակարգ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները քննարկվել են նաև հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում:

2013թ. հուլիսի 26-28-ը ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ, կազմակերպեց սուիցիդալ հոգեբանության խնդիրների և հոգևոր անվտանգության վերաբերյալ երկօրյա դասընթաց:

Օգոստոսի 16-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը լինելով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում կարգապահական խնդիրներին, ընդգծեց. «Բանակն ամրոց է պետության մեջ։ Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով։ Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու ուրիշ օրենքներով՝ բերդի օրենքներով»։

7. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

2013 թ. բարելավվել են ԶՈՒ զինծառայողների կենցաղային պայմանները: Զինվորի համար այսօր ստեղծվել են բոլոր պայմանները՝ ծառայությունը որակով և ճիշտ կազմակերպելու համար. կացարաններում կան մարզական անկյուններ, բաղնիք-լվացարանային պայմանները բարելավվել են, գործում են ակումբները, կան գրադարաններ, կազմակերպվում են կինոդիտումներ, տարբեր ստեղծագործական խմբակներ, համերգներ և այլն: ԶՈՒ կապիտալ շինարարության ծրագրի համաձայն` կառուցվել են բազմաբնակարան շենքեր զինծառայողների համար, ինչպես նաև զորանոցներ, շտաբներ, զորավարժարաններ և այլն:

Տարվա ընթացքում ավելի մեծ ուշադրություն է դարձվել կադրային աշխատանքին: Այս ոլորտում գնահատվել են կոռուպցիոն ռիսկերը և մշակվել դրանք նվազագույնի հասցնելու մեխանիզմներ: Ռազմական ակադեմիայում ուսումը շարունակելու նպատակով սպաների ընտրության գործընթացում նախադրյալներ են ստեղծվել արդարության ու անաչառության սկզբունքների պահպանման համար (ընտրությունը կատարվում է հանձնաժողովների միջոցով):

Հոկտեմբերի 20-30-ը ռազմաուսումնական հաստատությունների 2013թ. շրջանավարտների հետ անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ տարեցտարի աճում է երիտասարդ սպաների նկատմամբ ուշադրությունը: Այդուհանդերձ, այս ոլորտում դեռևս կան խնդիրներ: Նորավարտ սպաների պրոբլեմային հարցերն առավելապես սոցիալական ոլորտում են` վարձատրություն և բնակարանային ապահովում: Ընդ որում, դժգոհությունները գերակշռում են ամուսնացածների շրջանում: Վարձակալությամբ բնակվող սպաների մի մասը նշում է, որ բնակարանի վարձի փոխհատուցման գումարը տվյալ տարածքում շատ ավելի քիչ է, քան փաստացի վարձը: Որոշ զորամասերի մշտական տեղակայման վայրերում դեռևս չկան մշակութային և ժամանցի օջախներ, որոնց առկայությունը հնարավորություն կտար լիարժեք կազմակերպելու սպաների ընտանիքների անդամների առօրյան: Այս խնդիրների լուծումը նախատեսվում է առաջիկայում:

8. ԶՈՒ ՀԱՄԱԼՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 15-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Մեր առաջնահերթ խնդիրներից է զինված ուժերը ժամանակակից, այդ թվում` հայրենական արտադրության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելը: Այդ նպատակով պետք է ամրապնդենք բանակ-տնտեսություն կապը` խթանելով ռազմարդյունաբերությունը»: Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահն ընդգծեց, որ «Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցք շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը», և որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մեր պետության անվտանգության իրական երաշխիք է համարում Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Որպես ՀՀ նախագահի առաջադրած խնդրի իրագործում` 2013 թ. հագեցած էր հայ-ռուսական ռազմական համագործակցության սերտացմանն ուղղված միջոցառումներով ու բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով: Բավական է նշել, որ հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, տարվա ընթացքում երկու անգամ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 2013 թ. հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գագաթնակետը դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցն էր Հայաստան, որի ընթացքում վերջնական և բարձր մակարդակով համաձայնություններ ձեռք բերվեցին Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման, Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից արտադրանքի գնման, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանը սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու վերաբերյալ:

Մինչ այդ` մայիսի 3-ին տեղի ունեցած «ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով կոլեգիայի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ թե՛ գնումներն ու մատակարարումները, թե՛ ռազմարդյունաբերական պլանավորումը գտնվում են ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սեյրան Օհանյանն ընդգծել էր նաև, որ. «այս ոլորտները վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել են զգալի առաջընթաց»:

Հունիսի 7-ին Ս.Օհանյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ մշակվել է ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը և մշակման փուլում է ռազմարդյունաբերության զարգացման ծրագիրը:

Հունիսի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին: Նա հավելեց, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ու զենքի մատակարարումը շարունակվում են անխափան, և որ ՀՀ զինված ուժերի համալրումը նորագույն սպառազինություններով ու տեխնիկայով շարունակվելու է նաեւ ապագայում: Բացի այդ, արդիականացվելու են ՀՀ օդուժն ու հակաօդային պաշտպանության համակարգը: Վերազինվելու են նաեւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը և սահմանապահ ստորաբաժանումները: «2014 թվականը վերազինման առումով շատ կարեւոր տարի է լինելու»,- ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղարը:

Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ ձևավորվել է Հայաստանի պաշտպանության եռաստիճան համակարգ, որի առաջին աստիճանը ազգային ԶՈՒ-ն են, երկրորդը` հայ-ռուսականը, և երրորդը` ՀԱՊԿ-ն: «Այս բազմաէշելոն համակարգը թույլ է տալիս այսօր վստահությամբ նայել ապագային եւ զբաղվել երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցերով»,- ասաց Ն.Բորդյուժան:

Իսկ ԼՂՀ պաշտպանության բանակում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան այն աստիճանի է համալրվել, որ պահեստների խնդիր կա: Ձմեռային ուսումնական փուլի ավարտին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը լրատվամիջոցներին հայտարարեց. «Անցյալ տարի երկու պահեստ հանձնվել է շահագործման, սակայն եւս մեկ պահեստի կառուցման անհրաժեշտություն է նկատվում»: Նոր կառուցվելիք պահեստը իր չափերով ավելի մեծ կլինի, քան բոլոր եղած պահեստները միասին:

Նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, անդրադառնալով հունիսին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի ընձեռած նոր հնարավորություններին՝ նշեց, որ ձեռք բերված համաձայնության շնորհիվ այսուհետ կընդլայնվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման մեր կարողությունները, ինչպես նաեւ կզարգանա ռազմական արդյունաբերությունը. տեղական կազմակերպություններն այդ համաձայնագրի շնորհիվ հնարավորություն կունենան ուղղակի կապ հաստատելու ՌԴ համապատասխան կազմակերպությունների հետ եւ իրականացնելու գործարքներ, իհարկե՝ պաշտպանության նախարարության համաձայնությամբ. «Մեր նպատակը մեկն է` ապահովել զինված ուժերը հատուկ նշանակության հեռահար ճշգրիտ սպառազինությամբ, որն ի զորու կլինի կանխարգելելու մարտական գործողությունները»,- ասաց նա:

Նախարարի խոսքով, ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է նաև այլ երկրների հետ: «Եվրոպական երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մենք արդիականացնելու ենք հիմնականում փոքր միջոցներ, հատուկ միջոցներ եւ, ըստ հնարավորության, նախկին Խորհրդային Միության սպառազինություն եւ ռազմական տեխնիկա»,- հունվարին ասել էր Սեյրան Օհանյանը:

9. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

2013 թ. շարունակվել են պաշտպանական բարեփոխումները, մասնավորապես, ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի ինստիտուտի կայացման ուղղությամբ: Աշխատանքներ են կատարվել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան հոդվածներում, որպես լրացում, վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտի պարտականությունները սահմանելու նպատակով: Քննության են առնվել ստորաբաժանումների հրամանատարների, սպաների առաջարկություններն ու տեսակետները:

Արհեստավարժ սերժանտական կազմի ինստիտուտը ներդնելու շնորհիվ հատկապես սահմանամերձ շրջաններում լուծվել են նաև տեղի բնակչության սոցիալական խնդիրները:

10. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ

Հունիսի 7-ին Ս.Օհանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ԶՈՒ-ում ձևավորվել է ռազմավարական պլանավորման նոր մշակույթ, և որ Պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլը կսկսվի 2014թ. և կընդգրկի 2014-2020թթ. ժամանակահատվածը:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ.: Որպես այդ գործընթացի արդյունք` Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա կերաշխավորվի պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի մինչև 2020թ. հեռանկարային զարգացումը: Ռազմավարական վերանայման առանձին փուլերը ներառելու են Հայաստանի առջև ծառացած ներկա ու ապագա ռազմական սպառնալիքների բացահայտումն ու գնահատումը, իրավիճակի զարգացման սցենարների մշակումն ու խաղարկումը, զինված ուժերի խնդիրների հստակեցումը, անհրաժեշտ ռազմական կարողությունների պլանավորումը: Իհարկե, այս ամենը` ռազմական ագրեսիան դիմակայելու ունակ զորային կառույցի ձևավորմանը զուգահեռ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/01/2014