Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 10 ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ



1. ՀՀ ԵՎ ԼՂՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Անցնող տարվա ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմաններում իրավիճակը եղել է լարված. թշնամու կրակից զոհվել ու վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Այդուհանդերձ, հայկական կողմը եղել է պայմաններ թելադրողի դերում և լիովին վերահսկել իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների կանխարգելմանը: Մասնավորապես՝ մարզումների, զորավարժությունների ու պարապմունքների ընթացքում անձնակազմին ուսուցանվել են հանկարծակի հայտնված թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի հետ ձեռնամարտի բռնվելու և նրան ոչնչացնելու հնարքներ: Բացի այդ, հնարավորինս կատարելագործվել են դիտակետերն ու խրամուղիները, կատարվել են ինժեներական մեծածավալ աշխատանքներ, ստեղծվել են պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներ, ինչի շնորհիվ մեր զինվորը կարող է հանգիստ դիտարկում անցկացնել եւ հարկ եղած դեպքում էլ արձագանքել հակառակորդի ցանկացած խախտման: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի խոսքով, այսօր մեր մարտական դիրքերի «ինժեներական կառույցները կանխարգելում են դասական ոճով մարտական գործողությունների վարումը», և հակառակորդը սադրանքի դիմելուց առաջ պետք է լավ մտածի:

ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերում անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով պաշտպանական գծի ողջ երկարությամբ վերակահավորվել է դիտակետային համակարգը, կատարելագործվել է առաջնային գծի ղեկավարումը, լուրջ բարեփոխումներ են կատարվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Ուժի մեջ է մտել մարտական հերթապահության կազմակերպման նոր ձևը, որի շնորհիվ զինվորը հանգստանում է ոչ թե 2, այլ 4 ժամ: Բացի այդ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանի հրամանով ձեռնարկվել են մի շարք հակազդիչ միջոցառումներ: Այս ամենը շրջադարձային ազդեցություն է ունեցել շփման գծի ողջ երկայնքով տիրող իրավիճակի վրա` հօգուտ հայկական կողմի:

Գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանի խոսքով, ինչպես 2012 թ., այնպես էլ 2013-ին հակառակորդի կրակի հետևանքով զոհված կամ վիրավորված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը կրել է 5 զոհ և վիրավոր: Շփման գծում մեր զորքերի դրսևորած մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստականության շնորհիվ հակառակորդի խափանարար (դիվերսիոն) գործողություններն այս տարի նախորդ տարվա համեմատ նվազել են:

2. ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶՈՒՄ

Դեռևս ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում նշվեց, որ նախորդ զորակոչի ռազմաբժշկական ապահովման ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց, ինչպես նաև կոռուպցիայի դեպքերի քանակի նվազում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խնդիր առաջադրեց գարնանային զորակոչի ամբողջ ընթացքում ապահովել հանրային լայն իրազեկման իրականացումը, գործընթացի թափանցիկությունն ու բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտը:

Գարնանային զորակոչի իրականացման միջոցառումների նկատմամբ հսկողությունն է՛լ ավելի խստացվեց: Փոփոխության ենթարկվեցին նորմատիվ իրավական ակտերը: Պաշտպանության նախարարը չբացառեց, որ կարող են հիմնովին վերանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները:

ՀՀ ԶՈՒ պատմության մեջ առաջին անգամ տարվա երկրորդ զորակոչը կազմակերպվեց դեկտեմբեր-հունվար ամիսներին: Այն առանձնահատուկ էր նաև նրանով, որ զինակոչիկների ծառայության վայրը նրանց ծնողների ներկայությամբ որոշվում էր վիճակահանությամբ` գործնականում բացառելով կոռուպցիայի որևէ դրսևորում:

3. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՈՒՐՋ

Հունվարի 15-ին պաշտպանության նախարարությունում ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստում հանրապետության նախագահը նշեց, որ «ուժային կառույցները, այդ թվում` բանակը, ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, փրկարարական ստորաբաժանումները, նրանց քաղաքացիական հատուկ ծառայողները, սպայակազմը և ենթասպայակազմը պետության անվտանգության հենասյունն են: Անվտանգությանը ցանկացած լուրջ մարտահրավերի դեպքում առաջին հերթին նրանք պետք է կարող լինեն գործելու միասնաբար` ունենալով համատեղելի ընթացակարգեր և փոխլրացնող տեխնիկական միջոցներ»: Ավելին, ՀՀ նախագահը շեշտեց. «Այսօր մեր առջեւ նոր խնդիր է ծառացած` պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր զինված ուժերի շուրջ»:

Որպես խնդրի լուծման մի քայլ` մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի մասնակիցների համար դասախոսություններով հանդես եկան ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, արտաքին գործերի նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Դասախոսությունները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական դոկտրինին, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին:

Պետական կառավարման համակարգը զինված ուժերի շուրջ համախմբելուն ուղղված կարևոր միջոցառում էին հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական-հրամանատարաշտաբային մարզումները, որոնց թեման էր` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ»:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ոստիկանության և ՀՀ Ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Զորավարժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Պաշտպանության նախարար Ս.Օհանյանի խոսքով՝ «Արձագանք-2013»-ն անցավ «հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում»: Մարզումների շնորհիվ պետական կառավարման մարմիններին փորձ հաղորդվեց ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար: Բարձրացվեց պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակման աստիճանը ռազմաքաղաքական իրավիճակի լարվածության պայմաններում: Բացի այդ, կառավարման համակարգում ներդրվեցին նոր արդյունավետ միջոցներ:

4. ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Պաշտպանության նախարարությունում հունվարի 15-ին անցկացված վերոհիշյալ նիստում ՀՀ նախագահը խնդիր առաջադրեց. «Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպան առաջին հերթին մտավորական է: Պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ համբավը վերականգնելու ուղղությամբ»:

Հունիսի 7-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, հասարակության առաջ հանդես գալով հաշվետվությամբ, նշեց, որ ձևավորվել է ռազմական կրթության հայեցակարգը, ըստ որի` այն սկսվում է ՆԶՊ առարկայի դասավանդումից, ներառում ռազմամարզական, կադետային դպրոցները, ռազմական ինստիտուտները (մարտավարական օղակ` բակալավրի որակավորումով), վերապատրաստման դասընթացները տարբեր օղակների հրամանատարների համար: Հաջորդ փուլում` 2014թ., ստեղծվելու է ռազմական ակադեմիա` մագիստրոսի որակավորումով սպաներ պատրաստելու համար (հրամանատարաշտաբային օղակ): Իսկ դրան կհաջորդի ամենաբարձր` ռազմավարական և անվտանգային մակարդակի ուսումնական հաստատության ստեղծումը` ՀՀ ՊՆ ԱՌՀԻ հիման վրա:

Սեպտեմբերի 3-ին Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկնարկեց ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի համար նախատեսված առաջին հրամանատարաշտաբային 11-ամսյա դասընթացը, որին մասնակցում է 2013-14 թթ. ուսումնական տարվա դիմորդներից ընտրված 11 ունկնդիր: Դասընթացն ավարտելուց հետո նրանք կստանան «ռազմական կառավարման մագիստրոսի» որակավորում և հնարավորություն կստանան նշանակվելու զորամասի, միավորման հրամանատարի կամ հավասարազոր պաշտոնում: Հրամանատարաշտաբային դասընթացի հիման վրա ՌԻ-ում ստեղծվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետ, որի կազմի մեջ է մտել Սպայական կադրերի որակավորման բարձրացման (ՍԿՈԲ) կենտրոնը: (Վերջինիս հիմքի վրա կազմակերպվում են վաշտի (մարտկոցի) և գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարների համապատասխանաբար 12- և 25-շաբաթյա դասընթացներ: Դեկտեմբերի կեսին ավարտվեց սեպտեմբերի 23-ից մեկնարկած հրամանատարաշտաբային ֆակուլտետի նշված կենտրոնի հաստիքապաշտոնային «Կապիտան» զինվորական կոչումով նախատեսված որակավորման 12-շաբաթյա դասընթացը):

Վերոնշյալը ռազմական ինստիտուտի վերակազմակերպման` 2013 թվականին նախատեսված գործընթացի բաղկացուցիչն է: Վերակազմավորման շնորհիվ ռազմական ինստիտուտը կապահովի ռազմական կրթության շարունակականությունը` կադրեր պատրաստելով ինչպես «ռազմական կառավարման բակալավր», այնպես էլ «ռազմական կառավարման մագիստրոս» մասնագիտություններով:

ՌԻ վերակազմակերպումը նոր պահանջներ ներկայացրեց նաև բուհական 1-ին աստիճանի (բակալավրիատ) կրթությանը: Մշակվեցին ռազմական կրթության նոր չափորոշիչներ և ծրագրեր` հատուկ ուշադրություն դարձնելով միջառարկայական կապի վրա: Փոխվեց գնահատման համակարգը. անցում կատարվեց 20 միավորանոց համակարգի:

Համալրվեց ՌԻ ուսումնանյութական բազան. տարվա ընթացքում ինստիտուտը համալրվեց նռնականետի և տանկի վարժասարքերով, կահավորվեցին լսարանները: Ինստիտուտում կատարվեց ընթացիկ վերանորոգում, կառուցվում է նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը:

Ավելացել է ուշադրությունը նաև սպայական միամյա դասընթացների նկատմամբ, որոնց մասնակիցները բուհերի այն շրջանավարտներն են, ովքեր ցանկություն են հայտնել պարտադիր ժամկետային ծառայության փոխարեն մեկամյա դասընթացներ ունկնդրելուց հետո 3 տարով պայմանագրային ծառայության անցնել որպես սպա` դասակի հրամանատար: Ավարտական քննությունների ժամանակ, ինչպես նաև բուն ծառայության ընթացքում, նշված սպաները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն` ոչնչով չզիջելով ռազմական բուհ ավարտածներին: Միամյա դասընթացներն ավարտել ցանկացողների թիվը գնալով աճում է:

Չափազանց կարևոր էին նաև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին առաջին անգամ անցկացված «Ռազմավարական ղեկավարում» մասնագիտությամբ մեկամսյա դասընթացները, որոնց ունկնդիրները բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներն էին:

5. ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ իրականացված տարբեր մարզումների եւ զորավարժությունների շնորհիվ բարձրացել է մեր զորքերի մարտական պատրաստականության մակարդակը, լուրջ ձեռքբերումներ կան կարգապահության ամրապնդման ոլորտում:

Մասնավորապես, վերջին երկու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ԶՈՒ հրամանատարական կազմի պատրաստության գործընթացին: Հատկապես կարևորվում է ձեռք բերված ժամանակակից սպառազինությանը և ռազմական տեխնիկային տիրապետելուն ուղղված խորացված մասնագիտական հավաքների անցկացումը: Ըստ իրականացված ծրագրային փոփոխությունների՝ գործնական պարապմունքների 30%-ը և զորավարժությունների մի մասն անցկացվում են գիշերային պայմաններում:

Մարտական պատրաստության ուսուցումը ներկայիս ծրագրերով լիովին համապատասխանում է հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների դիմակայման և հակահարձակ գործողություններ իրականացնելու պահանջներին: Ծրագիրն անընդհատ վերանայվում է և ենթարկվում անհրաժեշտ փոփոխությունների: Մարտական պատրաստության միջոցառումները ծրագրվում են այնպես, որ զորամասերը մարտական բարձր պատրաստականության հասնեն` ծախսելով ավելի քիչ միջոցներ, այսինքն՝ ՊՆ ղեկավարությունն առաջնորդվում է «Նվազագույն միջոցներով` առավելագույն արդյունք» սկզբունքով, ինչը ենթադրում է հրամանատարական կազմի հատուկ մեթոդական պատրաստություն:

ԶՈՒ զարգացման տեմպից կախված՝ վերջին տարիներին փոփոխություններ են տեղի ունեցել զորավարժությունների անցկացման գործընթացում, պարբերաբար կիրառվում են նորարարություններ՝ պայմանավորված հակառակորդի հավանական գործողությունների բնույթով: Մասնավորապես՝ 2013թ. անցկացված զորավարժություններում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեբանական արգելագոտիների հաղթահարմանը և հրետանային ստորաբաժանումների գործողություններին:

Այս առումով կարևոր էին, օրինակ՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին 1-ին բանակային զորամիավորման հրետանային ստորաբաժանումների հետ անցկացված զորավարժությունները, որոնց հիմնական առանձնահատկությունն այն էր, որ, բացի ճամբարներում ընդգրկված ուժերից, մարտական պատրաստականության լուրջ փորձություն անցան նաև զորամիավորման մյուս հրետանային ստորաբաժանումները: Կարևորելով միաժամանակ անցկացվող դիվիզիոնային 3 զորավարժությունները` ծավալվող գործողություններին անմիջականորեն հետևում էր ՀՀ զնված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զորավարժության ընթացքում բոլոր դիվիզիոններն էլ գրանցեցին նշանակետերի խոցման լավ արդյունքներ: Ընդ որում, գերազանց խոցում իրականացրած շարքայինների մեծ մասը բոլորովին վերջերս բանակ զորակոչված զինվորներ էին:

Մայիսի 16-ին ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մոտոհրաձգային զորամասերից մեկի հիմքի վրա անցկացվեց գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն: Գործողության մեջ դնելով գումարտակի տրամադրության տակ եղած ուժերի և միջոցների ողջ խմբաքանակը` ստորաբաժանման անձնակազմը փայլուն կատարեց իր առջև դրված պաշտպանական ու հարձակողական բնույթի մարտական խնդիրները և արժանացավ զորավարժության ղեկավարության բարձր գնահատականին:

Մայիսի 20-24-ը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանի ղեկավարությամբ անցկացվեց բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին, որպես ուսուցանվող, մասնակցում էր հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը: Զորավարժության ընթացքում պայմանականորեն խաղարկվեց միավորման բերումը «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պաշտպանական մարտի կազմակերպումն ու վարումը և հարձակման նախապատրաստման գործողությունները: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկա հրամկազմին՝ հաջող անցկացված զորավարժության համար:

Հունիսի 11-13-ը զորամիավորումների և զորամասերի դաշտային կառավարման կետերում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն` «Զինված ուժերի կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանական օպերացիա նախապատրաստելիս» թեմայով: Արձանագրվեց նկատելի առաջընթաց:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հուլիսի 15-ից 19-ը ԼՂՀ պաշտպանության բանակում զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեց հրամանատարական հավաք: Հավաքների կարևորությունն էր վկայում այն հանգամանքը, որ հենց միջոցառման մեկնարկին մասնակից սպայակազմին հանդիպեց և վերջիններիս ուղղված խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հավաքների ընթացքում գլխավոր գործնական պարապմունքը մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությունն էր` «Ուժեղացված գումարտակի պաշտպանության անցնելը սպառնալից ժամանակաշրջանում: Պաշտպանական մարտի վարումը: Մխրճված հակառակորդի ջախջախումը մոտեցված ռեզերվների հետ համատեղ» թեմայով: Հրամանատարական հավաքների կարևորությունն ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Սեպտեմբերի 2-7-ը ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման շրջանակներում անցկացվեցին լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց թեման էր` «Ուժեղացված զրահատանկային գումարտակի բերումը մարտական պատրաստականության աստիճանի, երթի իրականացումը և պաշտպանական բնագծի զբաղեցումը հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում, ինչպես նաեւ պաշտպանական մարտի նախապատրաստումը, վարումը և հակագրոհի անցկացումը»: Զորավարժությանը մասնակցեցին նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Զորավարժությանը հետևում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զորավարժության սցենարի համաձայն՝ զորամասերից մեկի պատասխանատվության գոտում անցկացվեց մարտական հրաձգությամբ գումարտակային օպերատիվ- մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվեց պաշտպանողական գործողություններին: Ամենից առաջ հավանական հակառակորդի սրընթաց առաջխաղացումը հաջողվեց կասեցնել հրետանային հուժկու կրակի շնորհիվ, որից հետո մոտոհրաձգային վաշտերն սկսեցին հակառակորդի հարձակվող կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի հաջորդական ոչնչացումը: Դասակներից մեկի դիրքերի կորստի վտանգը կանխելու նպատակով մարտի մեջ մտան նաեւ ՀՄՄ-ները` արդյունավետ պայքարելով հակառակորդի իջեցրած դեսանտի դեմ:

Շարունակելի

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/12/2013