Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ՈՔ` ՄԵԶՆԻՑ ԲԱՑԻ



Դեռ շատ փոքր տարիքից հայրս պարբերաբար ինձ համար սպորտային գործիքներ էր գնում, սպորտային խաղեր հորինում և այնպես էր անում, որ ես միշտ հաղթում էի։ Իսկ պարտվել չէի սիրում, գիտեի, որ դա շատ ամոթ բան է։ Հայրս միշտ ասում էր, որ տղամարդը կյանքում պետք է ուժեղ լինի, կարողանա պաշտպանել ինքն իրեն, իր ընտանիքն ու հայրենիքը…

Հինգ տարեկանից հաճախել եմ Հ. Շահինյանի անվան մարմնամարզության դպրոց։ Դպրոցական տարիներին ամառային արձակուրդներս անցկացնում էի, իմ շատ սիրելի Փարպի գյուղում, և քանի որ Փարպին միշտ համարվել է մարզիկների գյուղ, իսկ իմ տարիքի բոլոր տղաները անխտիր զբաղվում էին ըմբշամարտով, ես էլ նրանց հետ սկսեցի հաճախել պարապմունքների։ Երևանում հաճախում էի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի դպրոց՝ դառնալով ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Մարգարյանի սաներից մեկը։ Օգտվելով առիթից` ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պապիկիս՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 90-ամյա հետախույզ Հովհաննես Հովհաննիսյանին (Հագո պապին), հայրիկիս և ընկեր Սամվելին. նրանք են իմ մեջ սերմանել սերը հայրենիքի նկատմամբ, ընկերասիրություն, դաստիարակել խիզախություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ։

Հագո պապս պատմում էր Հայրենական մեծ պատերազմից, հայրս` Աֆղանական և Ղարաբաղյան պատերազմներից, իսկ ընկեր Սամվելը, լինելով ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընկերն ու քրոջ ամուսինը, պատմում էր նրա սխրանքներից, հայրենասիրությունից… Առաջին անգամ 2006թ. մայիսի 28-ին Գարեգին Նժդեհի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 32 կգ քաշային կարգում գրավեցի առաջին մրցանակային տեղն ու 13 տարեկան հասակում արդեն որոշեցի, որ դառնալու եմ հայրենիքի պաշտպան զինվորական։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ՌԴ օդադեսանտային զորքերի բարձրագույն հրամանատարական ուսումնարան ու ավելի շատ սկսեցի զբաղվել սպորտով. սովորելու ընթացքում բազմիցս դարձել եմ ոչ միայն ըմբշամարտի, այլև տարբեր մարզաձևերի (ձեռնամարտ, սամբո, հրաձգություն, ռազմական քառամարտ) մրցույթների հաղթող և մրցանակակիր։ 2011թ. պտտաձողի վրա կատարել եմ 355 շրջումով ձգում և դարձել ուսումնարանի ռեկորդակիր։ 2012թ. Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի «Ընկերակցության մարտիկ» (ՉՏՌվ րՏՊՐցՋպրՑՉՈ) մրցույթի «Դիպուկահար» անվանակարգում չեմպիոն դառնալուց հետո հասկացա, որ դեսանտայինների կարգախոսը՝ «Ոչ ոք` մեզնից բացի», խորթ չէ նաև հայ զինվորին, և երբ բարձրացվեց մեր եռագույնն ու հնչեց օրհներգը, ես մեծ ցնծություն ապրեցի, և երբ նկատեցի, որ հայրս, ներկաների մեջ հպարտ կանգնած, այլ երկրների սպաների հետ մեր դրոշին է պատվի առել, արցունքներն իրենք իրենց հոսեցին…

Այս տարի նույն մրցույթի «Ատլետ» անվանակարգում դարձա չեմպիոն, սակայն «Դիպուկահար» անվանակարգում զիջեցի Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին, գրավեցի երրորդ մրցանակային տեղը։

Այժմ սովորում եմ չորրորդ կուրսում։

Հայ զինվորին մաղթում եմ ամուր առողջություն, հզոր ուժ, անկոտրում կամք և տոկունություն, որպեսզի է՛լ ավելի հզորացնենք դժվարին պայմաններում կայացած մեր բանակը: Դա հենց մե՛նք պետք է անենք, և… Ոչ ոք` մեզնից բացի:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
կուրսանտ

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Բանակ և հասարակություն


12/12/2013