Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑՅԱԼԻ ԳԶՐՈՑՆԵՐԻՑ



Արտյոմ Սեյրանի Պողոսյանը՝ իմ սիրելի աշակերտը, դեռ 15 տարեկան էր, երբ զենք վերցրեց: Նա սովորում էր Երևանի գեղարվեստական մասնագիտական տեխնիկական Մ14 ուսումնարանի խեցեգործների խմբում, ցուցաբերում էր բացառիկ ունակություններ, խելացի էր, կիրթ, բանիմաց: Ուսումնարանն ավարտեց գերազանց գնահատակններով: Թեև հաճախ էր բացակայում դասերից… մեկ ամսով, երկու, հետո գալիս պակասը լրացնում էր… Այնպիսի ներշնչանքով էր պատմում իրենց ռազմաճակատային լավ ու վատ օրերից: Նրա տարերքը Արցախն էր, արցախյան շարժումը, Արցախի ազատագրությունը: Ոչ մի կերպ մեզ չհաջողվեց համոզել Արտյոմին շարունակել ուսումը որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում: Պատասխանը մեկն էր. «Սովորելու ժամանակը կգա, այսօր կռվել է պետք»: Հետո ես նրան հանդիպեցի զինվորական հիվանդանոցում, տեսարանը հուզիչ էր, անսովոր… Արտյոմը` անկողնում: Սիրտս կտոր-կտոր եղավ: Նայում էի այդ հրաշք տղային` բարձրահասակ (չէր էլ տեղավորվում մահճակալին), գեղեցիկ, խելացի-հասուն հայացքով… Կատակում էր, ծիծաղում, հուսադրում մեզ, որ մենք չընկճվենք իր վիճակից:

Արտյոմ, հարազատս, սիրելի տղաս, այսօր աչքերս թաց են, բայց, ոչինչ, կանցնի։ Ես նայում էի նրան ու ժպտում, ժպտում՝ արցունքների միջից, որովհետև գիտեի, որ նրա մեջ այնքան տոկունություն, այնքան մեծ ուժ կա, որ նա կարող է դիմակայել ամեն մի դժվարության… Մտքիս մեջ կրկնում էի. «Շարունակիր, տղաս, նույն ոգով, մենք՝ քո բոլոր ուսուցիչները, հպարտանում ենք քեզնով, և շատ կուզեինք, որ քո հասակակիցները գոնե մի քիչ նմանվեին քեզ, լինեին քեզ պես հայրենասեր, քեզ պես կյանքով լեցուն: Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում քո ծնողներին(հատկապես մայրիկիդ), քո մարտական քաջ ընկերներին ու նրանց հարազատներին, ի վերջո՝ քեզ, սիրելի Արտյոմ, քո հայրենանվեր, սուրբ գործի համար»։ Բարին ընդ քեզ, զավակս։

Հայ գրականության ուսուցչուհի
ՍՈՒՍԱՆՆԱ ՇԱՔԱՐՅԱՆ

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Բանակ և հասարակություն


12/12/2013