Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՈՆԹԵԻ ՕՐԻՆԱԿՈՎ
ՄՈՆԹԵԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Նոյեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան 56-րդ տարեդարձի օրն է, նաեւ` Հիշատակի օրը: Այդ առիթով զրուցեցինք հերոսի անունը կրող ռազմամարզական վարժարանի սաների հետ եւ փորձեցինք պարզել` ի՞նչ է սովորեցնում նվիրյալ հայորդու կյանքը՝ հերոսական կերպարը:

Հովհաննիսյան Վահե. «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ: Կարծում եմ` այս անուն ազգանունը յուրաքանչյուրիս մեջ` անկախ մասնագիտությունից, բնակության վայրից, սոցիալական դիրքից, պաշտոնից, հպարտության զգացում է արթնացնում: Նրա կյանքը հայրենասիրության, նվիրումի, ազնվության, արդարամտության, արժանապատվության վկայություն է: Մոնթեն թեև այսօր մեզ հետ չէ, սակայն նա ապրում է յուրաքանչյուր հայի հոգում, ապրում է ամեն տարի վարժարան ընդունվող տասնյակ սաների սրտերում: Հիշում եմ` մի անգամ մրցույթի պիտի մասնակցեի, հերթ էի կանգնել, սպասում էի, որ հայտագրվեմ, կողքիս կանգնածը հարցրեց` «Մոնթեի սա՞նն ես»: Հասկանում էի, որ նկատի ունի` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, բայց ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, ամբողջությամբ պատկերացրի այն ահռելի պատասխանատվությունը, որ ինձ վրա եմ վերցրել` դառնալով «հերոսի սանը»: Կանգնել էի նեղ ու երկար միջանցքում եւ մտածում էի` արդյոք կկարողանա՞մ լինել նույնքան անկեղծ, ճշմարիտ, անշահախնդիր, բարի, ինչքան Մոնթեն էր, կկարողանա՞մ նրա օրինակով գործել, կկարողանա՞մ հարկ եղած դեպքում հրաժարվել ինձ առաջարկվող տաք բաճկոնից եւ «զիջել» իմ զինվորին, համարձակություն կունենա՞մ, եթե կարիք լինի, առանց վարանելու զոհաբերել կյանքս՝ հանուն հայրենիքի: Երկար մտածեցի` մի քանի օր, եւ ինքս ինձ պատասխանեցի` այո, այլապես ի՞նչ եմ անում նրա անունը կրող վարժարանում… Խոստացա` ձգտելու եմ որդեգրել Մոնթեի ապրելաձեւն ու բարոյականությունը»:

Մալխասյան Ռաֆիկ. «Մոնթեի մասին շատ եմ լսել, կարդացել: Ինքս ինձ համար որոշ չափով բացահայտել եմ նրա կերպարը` լուսավոր, ազնիվ եւ իր գործին նվիրված մարդ… Մարդ, որ պատրաստ էր անցնել դժվարին փորձությունների միջով՝ հանուն վեհ նպատակի, մարդ, որ եկել էր կռվելու Արցախի հաղթանակի համար եւ վստահ էր` Արցախը իր վերջին պայքարը չի լինելու, մարդ, որ ապացուցեց` գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը… Նա միս ու արյունից էր, մարդ էր, նա ինչ-որ մեկի հորինած կերպարը չէր, առասպել չէր… Երանի ես էլ տեսնեի նրան, սեղմեի ձեռքը, նայեի աչքերի մեջ, լինեի նրա զինվորը: Այսօր Մոնթեի կերպարը ուղղորդում է մեզ, անունը` համախմբում, ասված խոսքերն էլ սովորեցնում են անկեղծ սիրով սիրել հայրենիքը»:

Կարապետյան Ալեքսանդր. «Մոնթեն մինչեւ վերջին շունչը պայքարեց մեր համազգային նպատակին հասնելու-հաղթելու համար եւ այդ ճանապարհին երբեք չկորցրեց մարդկային վեհ նկարագիրը, դարձավ մեր ժողովրդի պայքարի, ոգու ամրության, ազատ ապրելու անկոտրում կամքի մարմնացումը: Վարժարանում սովորող յուրաքանչյուր սանի հոգում նրա հիշատակը միշտ վառ է, այստեղ մենք սերտում ենք նրա հայրենանվեր գործունեության դասերը և հասկանում, որ պարտավոր ենք պատշաճորեն ներկայանալ ինչպես միջազգային հավաքներում, այնպես էլ առօրյա կյանքում, պարտավոր ենք լինել շիտակ, համարձակ, իսկ թշնամու հանդեպ` անզիջում։ Պարտավոր ենք շարունակել նրա գործը. չէ՞ որ Մոնթեն ասում էր՝ իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»:

Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Լուս.՝ Ա.Գ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ