Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՎԱՔ



Օրերս ավարտվեց 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում ծառայության նշանակված` ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաների հրամանատարական տասնօրյա հավաքը, որը նախատեսված էր ընթացիկ ուսումնական տարվա մարտական և գաղափարադաստիարակչական պատրաստության պլանների համաձայն:

Հավաքի նպատակն էր տեսական ու գործնական պարապմունքների միջոցով զորքերի ծառայության ու մասնագիտական ոլորտներից գիտելիք հաղորդել նորանշանակ սպաներին, ինչպես նաև բացահայտել նրանց հրամանատարական կարողությունները:

Զորամիավորման հրամկազմն անցկացրեց շարային ստուգատեսներ, գաղափարադաստիարակչական, իրավական, զորքերի ծառայության, հետախուզական պատրաստության, փաստաթղթային իմացության թեմաներով պարապմունքներ: Քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում էին զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը, արտակարգ դեպքերի ու պատահարների նվազեցմանը, զինվորական ծառայության կանոնադրական կազմակերպմանը, զորամասերում տարվող կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը, զինծառայողների սոցիալական ապահովությանը, ՀՀ օրենսդրությանը, ենթակաների հանդեպ վերաբերմունքին և այլն:

Նորանշանակ սպաները ծանոթացան ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի ելույթին ու նրա ցուցումներին, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված զինվորական հանցագործությունների բնույթին, երիտասարդ սպաների կայացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ուղեցույց-ձեռնարկի բովանդակությանը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից մշակված մեթոդական ցուցումներին` Հայոց բանակի մարտական ոգու և զգոնության կտրուկ բարձրացման վերաբերյալ:

Հավաքների ղեկավարն էր զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ն. Ամիրխանյանը: Նրան օգնում էին զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Ա.Համբարձումյանը և փոխգնդապետ Կարեն Հարությունյանը: Հավաքների ընթացքում իրենց ակտիվությամբ աչքի ընկան սպաներ Ա.Պողոսյանը և Ա. Հարությունյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Ազգային բանակ


07/11/2013