Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



Փաստագրական վիպակ

Աշնանային կարճ օրն արդեն սկսել էր մթնել, երբ հանրապետական հավաքակայանից զինակոչիկներով լի գնացքը շարժվեց: Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդունելության մրցույթից երեք անգամ դուրս մնալուց հետո գնում եմ բանակ: Տխուր եմ, իմ ընկերները, որոնք սովորելու ձգտում չունեին և ժամանակին մեկնեցին ծառայության, արդեն վերադառնալու են, իսկ ես նոր եմ գնում: Գնում եմ, որովհետև իմ երկրի քաղաքացին եմ, հիվանդ չեմ, ու որքան էլ մեծ լինի սովորելու ձգտումս, կրկին տարկետում վերցնելու, չգնալու ոչ մի հնարավորություն չունեմ:

Գերբեռնված պլացկարդ կոչվող վագոնում տղաները տեղավորվում, խմբավորվում էին: Շատերը նույն քաղաքից, շրջանից ու նույն գյուղից էին ու իրար կողքի նստելու, միասին գնալու համար ընդհարվում, վիճաբանում էին ուրիշ բնակավայրերի, անծանոթ տղաների հետ, որոնց ուզածը դարձյալ նույնն էր` երկար ու անհայտ ճանապարհն անցնել հարազատի ջերմություն ունեցող տղերքի ընկերակցությամբ: Հավանաբար երբեք և ոչ մի տեղ մարդկանց, այն էլ տասնութ- քսան տարեկան ջահելների ծանոթությունն ու դրան հաջորդող մտերմությունն ու ընկերությունը միանգամից չի ստացվում: Վիճաբանությունները հաջորդում էին միմյանց, բայց երբ կեսգիշերին՝ Հայաստանի սահմանն անցանք ու մտանք Վրաստան, իջևանցի շատախոս տղան սկսեց երգել.

Հեռավոր հուշերում մի քաղաք,
Աղջիկներ, աղջիկներ անհամար,
Մոտեցա, որ ասեմ սիրում եմ,
Նա ասաց. դեռ փոքր ես այ տղա…

Օտար քաղաքի, ձյան փաթիլների տակ շրջող ուրախ աղջիկների ու մերժված սիրո մասին էր իր թախծոտ ձայնով պատմում զինակոչիկը:

Երգը կարծես միանգամից հաշտեցրեց բոլորին:

Հետո նա անցավ կատակ երգի.
Ինչո՞վ է վատ իմ խմելը օրական,
Արաղը խանութից, գինին տնական…

Արթնացանք Թբիլիսիում: Գնացքի կարճ կանգառի ժամանակ տղաներից ոմանք հասցրեցին տեղի ԴԵՊՈ-ի աշխատակիցներին փող տալ, որ իրենց համար գնումներ կատարեն, բայց Վրաստանից հետո մեր սննդի պաշարներն ամբողջովին սպառվել էին, ու հենց գնացքը կանգ առավ Սոչիի կայարանում, և խանութների աշխատողները սննդամթերքով, լիմոնադով ու պեպսի կոլայով բեռնավորված սայլակներով գրոհեցին վագոնները, մենք սկսեցինք առանց գինը հարցնելու գնել առաջարկվող բոլոր մթերքները, որովհետև ամենքս էլ ճանապարհին ծախսելու համար անհրաժեշտ գումարն ունեինք, իսկ առևտրականներն էլ, ինչպես երևում էր, զինակոչիկներին գնացքի բաց պատուհաններից ապրանք վաճառելու լավ փորձ ունեին: Նրանք այնքան գնացին ու եկան, մինչև բոլորի պահանջները բավարարեցին: Այդ երկար կանգառի ընթացքում զորակոչի ղեկավար գնդապետը և համալրվող զորամասերը ներկայացնող սպաները գնում-գալիս էին շարժակազմի երկայնքով ու աչքի պոչով հետևում առևտրին: Գնացքի մեջ էլ հանրապետության կոմերիտմիության կենտկոմի` զորակոչն ուղեկցող փողկապավոր տղաներն էին անցնում վագոնից վագոն, երբեմն կանգնում, խոսում տղերքի հետ: Մեզ մոտ, երբ խոսակցությունը կարծես թե ավարտվել էր, նրանցից մեկն ասաց. «Ծխելու բան չունե՞ք»: Ծխողները հանեցին տուփերն ու ամեն մեկն իր սիգարետն առաջ պարզեց, որ վերցնի, բայց այդ կոմսոմոլիկը, առանց գլանակ վերցնելու, ծիծաղեց, ու խմբով գնացին դեպի հաջորդ վագոնը:

Վագոնում հարաբերությունները գնալով ջերմանում էին: Զինակոչիկներն սկսել էին ճանապարհի ձանձրույթն ու հարազատների կարոտը երգով փարատել: Չգիտես ինչու երգել ցանկացողները գալիս էին հենց այնտեղ, որտեղ Ալբերտ անունով զինակոչիկն էր, Երեւանի Ավան թաղամասից, իր ընկերների հետ: Աբոյի ձգողականության պատճառը պարզեցի, երբ «Մարտիկի երգը» ավելի լավ լսելու համար մոտեցա նրանց խմբին: Նոյեմբերյանցի Հովոն լավ էր երգում, եւ երբ վերջացրեց, Աբոն սեղանի տակից հանեց օղու շիշը և լցնելով բաժակները ասաց.

-Իրոք, շատ լավ էր ախպերս, Հովո ջան ապրես, սիրտս տակնուվրա արեցիր, ցավդ տանեմ, արեք խմենք մեր մերերի կենացը, ես իրանց կյանքին մեռնեմ, աստված իրանց առողջություն, համբերություն տա, մինչև մենք մեր պարտքը կատարենք ու հետ գանք: Հովո ջան, ախպեր, շատ լավ էր, խնդրելու եմ, որ էս երգը ամեն օր երգես, մինչև տեղ կհասնենք:- Այսպես ամեն երգողի հետ տղերքը մի բաժակ օղի էին խմում: Հաճախ իրենց կիսատ էին լցնում, երգողին, որպես պարգեւատրում, լիքը: Չնայած հսկողությանը, նրանք Սոչիում կարողացել էին սննդամթերքի հետ նաև օղի գնել:

Վագոնի վերջում տեղավորվել էին Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի զինակոչիկները: Այդ խմբից Արսենը, որ բարեկիրթ ու շփվող անձնավորություն էր, հերթական երգը լսելուց հետո ասաց՝ իրենց հետ նաև թուրքեր կան:

– Կան, թող առաջ գան, խի՞ չեն երևում,- ասաց Աբոն:

Արսենը գնաց ու հետ եկավ նրանցից մեկի հետ.

– Ծանոթացեք, անունը Նիզամի է:- Վերջինս ակնհայտորեն մեզանից մեծ էր, նեղ ու պեպենոտ դեմքով, ներս ընկած մանր ու կլոր աչքերով, խիտ ու չենթարկվող մազերով:

– Նիզամին դասատու է, բանակ է գնում իր աշակերտի հետ, նա ամաչկոտ, չխոսկան տղա է, չուզեց գալ,- ավելացրեց Արսենը:

– Նիզամի ջան պարսիկ բանաստեղծի անունը խի՞ են դրել քո վրա, կարողա՞ դու էլ ես պոետ, բանաստեղծություններ ես գրում,-հարցրեց Աբոն:

– Աբո ձան, Նիզամի Գանձան պարսիկ ցի, ադրբեձանցի ա,-ասաց Նիզամին ադրբեջանցուն հատուկ «տառադարձությամբ»:

– Արա, լսի, էդ թեմայով ինձ հետ չփորձես վիճել, եթե պարսիկը Գանձայում է ապրել, ուրեմն թուրք ա, հա՞, դու, որ Հայաստանում ես ապրում, հայ ես, հա՞, բայց լավ, չեմ ուզում շարունակել առ, խմի:

Աբոն օղու լիքը բաժակը մեկնեց թուրքին: Նիզամին խմեց ու ձեռքն Աբոյի ծնկին դնելով` ասաց.

– Տղերք ձան, Աբո ձան, ձեր ցավ տանեմ, մի հատ երգե՞մ:

– Մի հատ էլ, տասը հատ էլ,- խրախուսեց Արսենը:

Եվ Նիզամին երգեց.

Իբրեւ արծիվ սավառնում ես սարեսար,
Թնդացնում ես երկինք, գետին Անդրանիկ:

Վատ չէր երգում, ձայնը դուրեկան էր, բայց երբ վերջացրեց, Աբոն բաժակը կրկին մեկնեց նրան: Եվ երբ Նիզամին երկրորդ բաժակն էլ դատարկեց, Աբոն ասաց.

– Լսիր, Նիզամի, քեզ մի հարց եմ տալու, միայն ուզում եմ, որ անկեղծորեն պատասխանես:

– Ասա, Աբո ձան, ես շատ անկեղծ պատասխան տամ քեզ:

– Անդրանիկի մասին երգը դու սրտա՞նց երգեցիր, թե՞ որ մենք հայերով շատ ենք, դուք թուրքերով` քիչ, երգեցիր, որ մենք մեզ լավ զգանք, ու դու էլ մեր դուրը գաս…

– Վա՞յ, Աբո ձան, քո ցավ տանեմ, Անդրանիկ փաշի երգն ով ցի սիրում, համ էլ ես ադրբեձանցի եմ, թուրք ցեմ: Թուրքն ուրիս ա, ադրբեձանցին` ուրիս,- պարզաբանեց Նիզամին: Աբոն ժպտալով ուղիղ Նիզամու աչքերին նայելով, շարունակեց.

– Նիզամի, հորս արեւ, դու շատ հետաքրքիր պտուղ ես երեւում, բայց ասեմ, Անդրանիկի մասին երգերը մենք կերգենք, դու ուրիշ բան երգի, ասենք՝ «ավլեմ, թափեմ փոշին», «գալիս ես,գալիս ես դու ինձ մոտ», «դերասան», ձեր Զեյնաբի երգերից:

FFF

Վագոնի մեկ այլ հատվածում էլ Ղարաբաղի տղաներն էին խմբվել: Նրանք Երևանի, Աբովյանի տեխնիկական ուսումնարանների շրջանավարտներ էին և, ունենալով Հայաստանի ժամանակավոր կամ հիմնական գրանցում, զորակոչվել էին մեզ հետ: Նրանցից մեկը` Ասատուրը, անընդհատ խոսում, պատմություններ էր անում, ընդ որում ոչ թե բարբառով, այլ մաքուր գրական հայերենով: Տղերքը նրան «պիսատել» էին անվանում, որովհետև ինքն իրեն գրող էր համարում ու մոտը եղած աշակերտական տետրում ամեն օր ինչ որ գրառումներ էր անում:

-Ի՞նչ ես գրում, չափածո՞, թե արձակ,- մի անգամ հարցրի Ասատուրին:

-Սկսել եմ պատմվածքից, հետո կանցնեմ վեպերի, վիպասան եմ դառնալու:

-Տպագրվե՞լ ես:

-Առյաժմ ոչ, ախպերս, բայց շուտով, գուցե հենց բանակում էլ տպագրվեմ: Դու էլ ես գրո՞ւմ,-հարցրեց ինձ:

-Չէ, ես ընթերցող եմ, գրականություն սիրող,-ասացի:

-Էդ դեպքում ասա` Ցական Շողենցի վեպերը կարդացե՞լ ես:

Մի պահ մտածելուց հետո հիշեցի, որ «գրական տեղեկատուում» հանդիպել եմ այդ անուն-ազգանվանը, նույնիսկ նկարը մտաբերեցի` մորթե գլխարկով, բեղերով մարդ էր, որին Հակոբ Մելքումովին էի նմանեցրել: Պիսատելին ասացի, որ չգիտեմ էլ, թե այդ գրողն ինչ վեպեր է գրել:

-Ասեմ, իմացիր, նրա վեպերից մեկը մեր գերդաստանի, մեր ընտանիքի մասին է: Իմ նախնիները մելիքներ են եղել, մեծահարուստ: Ցականի հայրը մեր հողերի կառավարիչն է եղել: Նրանք ապրել են մեր տանը: Ինքը մեծացել, համալսարան է սովորել ու մեր ընտանիքի մասին վեպ է գրել: Բաա՜, ախպերս…

-Գրական կեղծանուն ունե՞ս:

-Մտածում եմ էդ մասին: Մի քանի տարբերակ ունեմ, վերջնական ընտրությունը տպագրվելուց առաջ կկատարեմ:

-Գրի, գրի՛, երևում է` շնորհք ունես, լավ գրող կդառնաս,-խրախուսեցի երիտասարդ գրողին:

Գնացքը դուրս էր եկել ռուսական հարթավայր, չէինք էլ իմացել, թե երբ, որտեղ էին էլեկտրաքարշը փոխարինել շոգեքարշով: Երկաթուղին հիմնականում ձգվում էր անտառների միջով, գիշեր ու ցերեկ անձրև էր տեղում: Տխուր էի, գնալով ավելի հաճախակի էի հիշում տունը, մերոնց: Հայրս մինչև վերջ չէր հավատում, որ չեմ ընդունվի համալսարան ու բանակ կգնամ: Ցավում էի հորս համար, ինձ հետ կապված նրա հույսերը չէին իրականանում: Մեծ եղբայրս բանակում էր ու դեռ մեկ տարի էլ ուներ ծառայելու, մինչև նա զորացրվեր, մորս աչքերը ջուր կկտրեին: Սկսել էի կարոտել քույրերիս, փոքր եղբորս: Հիշում էի սիրածս աղջկան…Վերջին անգամ բանակ գնալուցս չորս օր առաջ տեսա նրան: Ես Շրջանայինի կանգառում էի, ինքը ավտոբուսի միջից մեծ-մեծ աչքերը հառել էր վրաս, անկասկած ավելի շուտ էր ինձ տեսել և սպասում էր, թե երբ ես էլ իրեն կնկատեմ… Մեր հայացքները հանդիպեցին, նրա մթագնած, սպասումով լի աչքերը միանգամից լուսավորվեցին: Պարզ, շատ պարզ տեսա… ձեռքը տարավ սրտին: «Դու ես իմ սերը»,- ասաց նրա սիրտը: «Իմ սերը»,- արձագանքեց հոգիս: Նայում էինք իրար լուռ ու կարկամած: «Եթե իջնի, կներեմ քրոջ արարքն ու կասեմ ճշմարտությունը»,- միանգամից անցավ մտքովս, իսկ նա, հավանաբար, սպասում էր, որ ես իրեն կանչեմ կամ բարձրանամ ավտոբուս: Բայց «իկարուսի» դռները փակվեցին: Տեսա ինչպես, մարդկանց արանքից անցնելով, մոտեցավ մեքենայի հետևի պատուհանին ու ձեռքը դրեց ճակատին: Նրա հուսահատ հայացքից ինչ-որ ցավ դեմ առավ կոկորդիս: «Տաքսի»,- անցավ մտքովս ու կանգնեցրի պատահած առաջին մեքենան, եւ երբ ուզում էի նստել… «Կներեք, փոշմանեցի»,- ասացի վարորդին ու դուռը թափով ծածկեցի: «Իկարուսը» ծանր հեռանում էր, հետևից թողնելով ծխի սև քուլաներ, որոնք օղակ- օղակ գալարվելով ցրվում, տարածվում էին փողոցում, ես չէի հասկանում, թե ինչ եմ ուզում, չէի կողմնորոշվում ինչ անել: Բախտի սև սատանան, ծխի քուլաների պես պար էր գալիս ասֆալտին և մեզ բաժանում՝ գուցեև ընդմիշտ:

…Գլուխս դուրս էի հանել վագոնի պատուհանից, ու անձրևի մանր կաթիլները խփում էին դեմքիս: Սկսեցի մտքումս արտասանել բոլոր այն բանաստեղծությունները, որոնք գրել էի ու նվիրել նրան, տվել, որ կարդա…: Չէի ափսոսում ու չէի ամաչում բանաստեղծություններ գրելուս համար: Աշխարհում բոլոր սիրահարվածներն են բանաստեղծ դառնում, մանավանդ ջահելներն ու առաջին անգամ սիրահարվածները: Հավանաբար սերը հենց բանաստեղծությունն է, կամ բանաստեղծությունն ինքնին սեր է, որովհետև երկուսն էլ ծնվում են մարդու սրտում, որից հետո միայն ձև ու կերպարանք են ստանում…

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


07/11/2013