Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴԵՊԻ ԼԵԱՌՆ ԱԲՈՒԼ»



«ԱՅՆՏԵՂ ՍՐՏԻ ՊԵՍ ՍԱՐԵՐԸ ԲԱ՜Ց ԵՆ»

Նոյեմբերի 1-ին «Ջավախք» հայրենակցական միությունում տեղի ունեցավ անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» գրքի շնորհանդեսը: Ժողովածուում ամփոփված են Մկրտիչ Սարգսյանի ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնցում պատկերված են Ջավախք լեռնաշխարհի բազմերանգ գույներն ու բույրերը, նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը, հոգեբանական դրսևորումները` «Ջավախքի հոգին»: Առանձին բաժիններով գրքում տեղ են գտել նաև Ջավախքի գրական գործիչներին նվիրված խորհրդածություններ, հուշեր, գրախոսականներ և այլն, ինչպես նաև վրացիներին և վրաց գրողներին առնչվող հոդվածների շարքը:

Ահա այսպես է բանաստեղծորեն ներկայացրել գրողը հայրենի Ջավախքի բնապատկերը.

Այնտեղ սրտի պես սարերը բա՜ց են,
Եվ սրտի նման աղբյուրները պարզ,
Ծաղիկներն այնտեղ շաղերով թաց են,
Երկինքը կապույտ, երկինքը երա՜զ…

Կապույտ լեռները ննջում են մուժում,
Արտում ձգվում է բարակ սայլուղին,
Կարոտի անուշ երգեր է հուշում
Գետակի վրա կորացած ուռին…

Եվ այն հանդերում, արտերում արձակ,
Այն խոր ձորերում, գետափին այն ջինջ,
Մի խենթ մանկություն երգի պես անցավ,
Եվ մի սիրտ վառվեց սիրով առաջին…

Հանդերում մնաց սևաչ լեռնուհին,
Գարնան արևոտ անձրևի ներքո,
Քեզ հեռու տարավ բարակ սայլուղին,
Քեզ ուրիշ ափեր կանչեցին երգով…

Բայց միշտ թովեցին հանդերը արձակ,
Լեռները կապույտ, աղբյուրները ջինջ,
Ուր մի մանկություն երգի պես անցավ,
Եվ մի սիրտ վառվեց սիրով առաջին…

Միջոցառման ընթացքում «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն ընդգծեց, որ գիրքը հատկապես կարևոր է Ջավախքում հայապահպանության համար: Նա նաև համոզված է, որ գիրքը վեր է հանում Ջավախքում ներկայումս առկա մի շարք հիմնահարցեր. «Ես ապշեցի` ևս մեկ անգամ ընթերցելով Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունները, քանի որ դա այսօր Վրաստանում տեղի ունեցող մոնոէթնիզացման` վրացականացման պրոցես է, որը Մկրտիչ Սարգսյանը խորությամբ զգացել է և իր գործերում պատկերել»:

Մկրտիչ Սարգսյանը, իր կյանքի մեծ մասը ապրելով Երևանում, սրտում միշտ վառ էր պահում ծննդավայրի` հայրենի երկիր Ջավախքի սերն ու կարոտը։ «…Իմ հայրենի Ջավախքի ամեն քարն ու թուփը, նրա մարդիկ, անկախ իրենց ազգությունից, թանկ են ինձ համար: Սահյանի բառերով ասած` այնտեղ ամեն ինչ իմ աչքերով է ինձ նայում: Մոր կաթի քաղցրությունն ունի ծննդավայրը: Սա պիտի լավ իմանալ…»,- գրում է գրքի հեղինակը:

Ի դեպ, եկող տարի լրանում է գրողի 90-ամյակը: «Գրքի շնորհանդեսով մենք սկսում ենք նաև Մկրտիչ Սարգսյանի 90-ամյակին նվիրված հանդիսությունների շարքը»,- ասաց «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ գրքում հիմնականում վերահրատարակություններ են. «Ճիշտ է` վերահրատարակություններ են, բայց նոր ընթերցմամբ: Մի նոր տեսանկյունից մի նոր աշխարհ է բացում գիրքը»:

Ելույթներ ունեցան նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գրողներ Ներսես Աթաբեկյանը, Սամվել Խալաթյանը, Վահան Սաղաթելյանը, արվեստագետ Լևոն Մութաֆյանը, գրականագետ Մարգարիտա Խաչատրյանը, «Հայկական հանրագիտարանի» տնօրեն Հովհաննես Այվազյանը և նրանք, ովքեր, ներկայացնելով գրողի ստեղծագործությունները, ևս մեկ անգամ կարևորեցին գրքի տպագրությունը հատկապես մեր օրերում:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Հոգևոր-մշակութային


07/11/2013