Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԲԺԻՇԿ ԵՄ



ՏԱԹԵՎ ԱՎԵՏԻՍՅԱՆ
բուժծառայության կապիտան

Ինձ համար ընտանիքի կատարելատիպը հորս ընտանիքն է՝ իմ ընտանիքը մանկության ու պատանեկության տարիներին։ Ես բժիշկների ընտանիքում եմ ծնվել։ Ցավով եմ ասում՝ հիմա փոխվել են չափանիշները, արժեքները, փոխվել է բժշկի հավաքական նկարագիրը։ Իմ մանկության տարիներին բժիշկը գթասրտության, անձնվիրության, ազնվության խորհրդանիշ էր։ Մեր տանը մի փոքրիկ առանձնասենյակ կար, որտեղ հայրս եւ մայրս հիվանդներ էին ընդունում։ Աշխատանքից հետո սեփական նախաձեռնությամբ շարունակում էին օգնել իրենց կարիքն զգացող մարդկանց՝ փոքրիկ հիվանդասենյակ բացելով տանը։ Հիվանդները մեր տուն էին գալիս ամենատարբեր գանգատներով, ամենատարբեր ժամերին։ Մեր դուռը միշտ բաց էր նրանց առաջ։ Երբ հորս խնդրում էին, որ մի քիչ խնայի իրեն, ասում էր՝ ես բժիշկ եմ։ Ասում էր հպարտությամբ ու այնքան մեծ իմաստ ու բովանդակություն էր դնում բժիշկ բառի մեջ։ Ավելորդ է ասել, որ հայրս ու մայրս հիվանդներին օգնում էին առանց որեւէ նյութական ակնկալիքի։ Նրանք այնքան վեր էին նյութապաշտությունից, այնքան բարձր էին գնահատում իրենց կոչումը, պատիվը, հեղինակությունը, նրանց հոգսերը, ձգտումները այնքան անանձնական էին ու բարձր։
…Ծնողներս վանեցիներ են։ Ես մեծացել եմ Վանի, Արեւմտյան Հայաստանի մասին զանազան պատմություններ լսելով։ Հորս պատմածներից շատ բան չեմ հիշում, բայց նրա աչքերի կարոտը, սրտի ջերմությունը, ինքնաբուխ սերը մինչեւ հիմա հոգուս մեջ են։ Միշտ ասում էր՝ Ղարաբաղը, Նախիջեւանն ու մեր արեւմտյան հողերը՝ Վանը, Կարսը, Մուշը, Սասունը… մի օր միանալու են Հայաստանին։ Երանի նրանց աչքերին, ովքեր կտեսնեն այդ հրաշքը։ Հայրս մեզ տանում էր Նախիջեւան՝ Ագուլիս, ու անընդհատ կրկնում էր՝ սա ձեր հայրենիքն է։ Ագուլիսի եկեղեցիներից ստացած տպավորությունը երբեք չի մոռացվի։
Հայրս իսկական մտավորական էր։ Իր կարդացած գրքերը փոխանցում էր երեք աղջիկներին՝ Դոստոեւսկի, Տագոր, Շեքսպիր…. Մորս նախասիրությունը գեղանկարչությունն էր՝ գույների պոեզիան։ Երեկոյան մեր ընտանիքը հավաքվում էր թեյի սեղանի շուրջ եւ խոսում էր արվեստից, գրականությունից, մարդկային հարաբերությունների բարոյականությունից։ Հորս ամեն խոսքը, խորհուրդը, դատողությունները ձեւավորեցին իմ մտածելակերպը, աշխարհընկալումը, բարոյական չափանիշները, վարքը։
…Պատահական չէր, որ մենք՝ երեք քույրերս, ընտրեցինք բժշկի մասնագիտությունը։ Երեքս էլ դպրոցում շատ լավ էինք սովորում, որովհետեւ այլ կերպ լինել չէր կարող, որովհետեւ հայրս չէր սիրում միջակություն, ասում էր՝ միջակությունը անպարտաճանաչություն է, անպատասխանատվություն… Ես բժշկական ինստիտուտ ընդունվեցի 60 միավորով, այսինքն՝ երեք քննությունից էլ 20 միավոր ստացա։ Բժշկի ազնվագույն կերպարը այնքան ամուր էր նստած մեր սրտում, որ ուրիշ մասնագիտություն ընտրելու մասին խոսք լինել չէր կարող, թեեւ շատ եմ սիրում գրականություն, երաժշտություն ու կարող էի շատ լավ բանասեր դառնալ կամ երաժիշտ… Իմ ուսանողական տարիները համընկան ցրտի, մթի, նաեւ ազգային զարթոնքի ու ազատագրական պատերազմի հետ։ Այդ օրերին հայրենասիրություն բառը մի ուրիշ իմաստ ու խորհուրդ ուներ։ Ֆիդայական ջոկատները հող էին ազատագրում, նորակազմ ազգային բանակը պաշտպանում էր երկրի սահմանները։ Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի, Անդրանիկի, Բաղրամյանի ոգին հառնել ու սխրանքի էր մղում երիտասարդ սերնդին։ Ազգային բանակում ծառայելու միտքը այդ տարիներին արթնացավ։ Ու հենց առաջին պատեհ առիթի ժամանակ առանց տատանվելու ծառայության անցա զինված ուժերում։ Ես մտածում էի, որ պիտի աշխատեմ հոսպիտալում կամ պոլիկլինիկայում, պիտի բժշկեմ հիվանդներին, ու երբ ինձ առաջարկեցին վարչական աշխատանք, փոքր-ինչ տարակուսեցի, բայց մտածեցի, որ ցանկացած աշխատանք իր կարեւորությունն ունի։ Հետո շատ սիրեցի իմ գործը։ Ես ամեն օր շփվում եմ այն հիվանդների հետ, որոնք պետք է պետպատվերի շրջանակում բուժվեն ՊՆ բուժհիմնարկներում կամ պաշտպանության նախարարության ուղեգրով՝ բուժօգնություն ստանան քաղաքացիական բուժհիմնարկներում։ Նրանք զինվորների կամ զինծառայողների ծնողներն են, հաշմանդամ ազատամարտիկները, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները։ Մարդիկ, ովքեր հոգատարության, ջերմ խոսքի, ուշադիր վերաբերմունքի կարիք ունեն։ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանը կարգադրել ու հորդորել է առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերել հիվանդների հանդեպ, անել ամեն ինչ, որ նրանք պաշտպանության նախարարությունից հեռանան ավելի ինքնավստահ, ավելի պաշտպանված զգան իրենց, որ ի դեմս պաշտպանության նախարարության՝ տեսնեն հենարան, հենման կետ, թիկունք։ Այս խոսքերը իմ ծառայության հավատամքն են ու շատ ներդաշնակ են իմ հոգուն, իմ ցանկություններին։ Ծառայության ընթացքում ես ավելի լավ հասկացա բարի խոսքի, հոգատարության, ուշադիր վերաբերմունքի արժեքը։ Մարդկային ջերմությունը, սերը մարդու ցավը ամոքող ամենազորեղ միջոցն է։ Երջանիկ եմ, որ մարդիկ իմ աշխատասենյակից հեռանում են խաղաղված, լավատեսությամբ, հույսով։
Ես մեկ աղջիկ ունեմ ու մեկ որդի։ Աղջիկս ցանկանում է բժշկուհի դառնալ, իսկ տղաս դեռ հինգ տարեկան է, բայց հաստատ որոշել է, որ զինվոր է դառնալու։ Նա ոչ մի նվեր չի ընդունում զինվորական համազգեստից ու զենքից բացի։ Մեր տանը մի քանի տոպրակ տարբեր տեսակի զենքեր կան, ու որդուս «զինվորական համազգեստին» կապիտանի աստղիկներ են։ Ես էլ եմ ցանկանում, որ տղաս զինվորական դառնա՝ լինի ուժեղ, կարգապահ, հայրենասեր, սկզբունքային։ Դրանք զինվորականին բնորոշ ամենակարեւոր հատկանիշներն են։ Եվ որ ամենակարեւորն է՝ ցանկանում եմ երեխաներիս փոխանցել այն արժեքները, որոնք առաջնային էին իմ հոր ընտանիքում։ Ցանկանում եմ, որ նրանք լավ մարդ մեծանան՝ սիրող, զգայուն սիրտ ունենան, լինեն համարձակ, արդարամիտ ու ճշմարտախոս։ Սիրեն աշխատանքը, լինեն բանիմաց, կիրթ ու ապրեն ազնիվ ու առաքինի կյանքով։ Ծառայությունս ու երեխաներիս դաստիարակությունը իմ կյանքի ամենակարեւոր նպատակն են։
…Օրերս ես արժանացա «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալին։ Ուրախ ու երախտապարտ եմ, որ իմ ծառայությունն այդքան բարձր գնահատվեց։ Կանանց տոնի առթիվ այդ պատվելի մեդալը ամենամեծ նվերն էր, որը պարտավորեցնում է ծառայել ավելի նվիրումով ու բարեխղճորեն։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլոր զինծառայող կանանց տոնը, ցանկանում եմ, որ նրանք միշտ գնահատված լինեն։

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
մայոր
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Բանակ և հասարակություն, Թերթ


17/03/2011