Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ 1-ին բանակային զորամիավորման շրջանակներում տեղի ունեցան մեկշաբաթյա հրամանատարական հավաքներ: Նպատակը գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարական կազմին տեսական ու գործնական պարապմունքների միջոցով խոր ու համակողմանի գիտելիքների փոխանցումն էր, նրանց հրամանատարական հմտությունների և ունակությունների բացահայտումն ու կատարելագործումը:

Հավաքների պետ, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ավագյանը յուրաքանչյուր պարապմունքից առաջ, դրանք դեպի ճիշտ հուն ուղղորդելու համար, հավաքի մասնակիցներին ներկայացնում էր թեմայի կարևորությունը, հանդես գալիս դիտողություններով ու առաջարկություններով:

Տեսական պարապմունքներն ընթացան մարտավարամասնագիտական, գաղափարադաստիարակչական, թիկունքային և զորքերի հետ անմիջականորեն առնչվող այլ ուղղություններով:

Դասախոսություններն ուղեկցվում էին կանոնադրության դրույթներին համապատասխան անհրաժեշտ պարզաբանումներով, դիդակտիկ նյութերի ցուցադրմամբ:

Գործնական պարապմունքներն ընթացան զորամիավորման ենթակա զորամասերից մեկի բազայի վրա, ուր բացազատված ուսումնական կետերում տեղի ունեցան շարային պատրաստությունից ու տարբեր ստուգողական վարժություններից ցուցադրական պարապմունքներ: Դրանցում հրամանատարներն իրազեկվեցին մարտական պատրաստության, պատրաստականության բարձր աստիճանի ապահովման համար անհրաժեշտ ենթակա օղակների կանոնակարգված գործողություններին, ծանոթացան մարտի նախապատրաստման փուլերին: Գործնական պարապմունքներում իրենց գերազանց դրսևորեցին փոխգնդապետ Խաչատրյանը, կապիտաններ Մկրտչյանը, Մեծոյանը, ավագ լեյտենանտ Պողոսյանը:

Ուսուցանողների դերում սպաներից ոչ պակաս ակտիվություն դրսևորեցին սերժանտներն ու շարքայինները՝ կրտսեր սերժանտներ Արսեն Ասատրյանը, Ռաֆիկ Ասլանյանը, Արտյոմ Պողոսյանը, շարքայիններ Մհեր Մկրտչյանը, Արմեն Մայիլյանը, Գագիկ Խաժակյանը, Արծրուն Ռամազյանը, Հովհաննես Կարապետյանը, Ստեփան Թովմասյանը: Պարապմունքներում ընդգրկված էին նաև այնպիսի թեմաներ, որոնք առնչվում էին զինվորի կարգացուցակի համաձայն հրամանատարի ամենօրյա պարտականությունների կատարմանը: Ցուցադրվեցին գումարտակային հրետանու կիրառումը մարտի ժամանակ և հակատանկային ու ականանետային դասակների նախապատրաստված բնագծի զբաղեցումը: Զինվորների վարժ ու հստակ գործողությունները վկայեցին նրանց մասնագիտական գիտելիքները գործնականում գերազանց կիրառելու մասին, որն, ինչ խոսք, առանց հրամանատարի ղեկավարման հարուստ փորձի և ճիշտ որոշումների կայացման, հնարավոր չէ իրականացնել:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ