Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՄ ՀԻՄԱ ԵՍ



365 օր առանց նրա, ամբողջ մեկ տարի… Օրեր, ժամեր, վայրկյաններ։ Մոր աչքերը ժամացույց, իսկ արցունքները՝ վայրկյանացույց։

Դաժան է, շատ դաժան է պատանի հասակում լինել ճակատագրի զոհը։ Եկեք այսօր էլ հիշենք նրան, խոսենք նրա մասին։ Ապրում են մտքերը նրա։ Ախր մարմինը նրա միայն երկինք տենչաց։ Մտքերը նրա չծերացան, և արդեն մեկ տարի է՝ ննջում են։ Բայց դրանք դուրս կգան լույս աշխարհ և հասանելի կլինեն։ Հազար բառ կար մտքերում, հազար երազանք սրտի խորքում, հազար մի համբույր, հազար ծրագիր ու նպատակ, որ մնացին մտքի ծալքերում։

Մեկ տարի առանց Գոռի։ Կանցնի տասը, հարյուր տարի ինչպես մեկ շունչ ու ակնթարթ, իսկ հիշատակն իմ քաջ ասպետի միշտ վառ ու պայծառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Կյանքս սիրո մի թռչուն էր,

Սիրտս սեր էր անրջում,

Խինդ ու բերկրանք Ձեզ ընծայած՝

Հոգիս երկինք է թռչում։

Մի՛ արտասվեք, սիրելինե՛ր

Հավերժինն եմ հիմա ես,

Կյանքս երազ, մահս վայրկյան,

Ձեր կողքին եմ հիմա ես։

Ռուզաննա Տիգրանյան

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Ճակատագրեր


26/09/2013