Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵՐՁՈՐՈՒՄ



Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Խաղաղության հրապարակում առավոտից մարդաշատ էր. այստեղ էին քաղաքային հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, շրջվարչակազմի և Բերձորում գործող կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, բնակիչներ, հյուրեր: Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրում կայացավ Արցախի Անկախության հռչակման օրվան նվիրված տոնական միջոցառումը: Խոնարհված 3 պատերի մոտ, որոնց վրա քանդակված են շրջանի ազատագրման համար զոհված ազատամարտիկների անունները, խոնարհվեցին ծաղիկներ: Մեկ րոպե նահատակների հիշատակը հարգելուց հետո Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները ողջունեցին ներկաներին՝ շեշտելով, որ իրենք են այսուհետ Հերոսների արյամբ թաթախված հարազատ հողի տերերը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ներկաներին շնորհավորելով նոր ուստարվա՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև Արցախի Անկախության հռչակման տոնի առթիվ, կարևորեց ուսուցչի դերը մեր երկրի համար, նշելով, թե ինչ մաքառումների գնով է ձեռք բերվել այսօրվա խաղաղությունը: Շնորհավորանքի խոսք ասացին Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանը, Բերձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը, որ կարևորեց դպրոցականներին ռազմահայրենասիրական երգով դաստիարակելու խնդիրը: Եղան նաև պարգևատրություններ: Հայտարարվեց, որ Դիցմայրիի հիմնական դպրոցի տնօրեն Արամ Մխիթարյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Շրջվարչակազմի պատվոգրի արժանացան Բերձորի Վ. Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը, ուսուցիչներ Հեղինե Սահակյանը և Մուշեղ Մովսիսյանը, ոստիկանության աշխատակիցներ:

Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով շրջանի 5 ազատամարտիկներ՝ Սուրեն Խաչատրյան, Վոլոդյա Գալստյան, Գևորգ Գևորգյան, Վիլեն Սիմոնյան և Հայկ Համբարձումյան, արժանացան ԵԿՄ 20-ամյակի հուշամեդալով: Երեկոյան Վեհափառի հրապարակում կայացավ համերգ, որին մասնակից եղան նաև բերձորցի աշակերտները, «Բերձոր» համույթի երաժիշտները: Իր ուրախ երգերով հանդես եկավ Գորիսից ժամանած «Գուսան Աշոտ» համույթի երգիչ Արկադի Մարդյանը: Օրը եզրափակվեց տոնական հրավառությամբ:

Զ. Ը.

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Հոգևոր-մշակութային


12/09/2013