Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԱՐՑԱԽԻ ՋՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ



Ադրբեջանում վախենում են Սարսանգի ջրամբարի պատվարի փլուզումից

ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԱՐՁԱԳԱՆՔԻ…

Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բողոքի նամակ ուղարկեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Նամակում նա տեղեկացնում է, որ Հայաստանը Արցախում ստեղծում է նոր բնակավայրեր, վերականգնում է օդանավակայանը և ենթակառուցվածքները, փոխում աշխարհագրական անվանումները, մտադիր է Կուբաթլուի շրջանում կառուցել 150 տուն, ինչպես նաև Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը: Բացի դրանից, Հայաստանը Արցախում վերաբնակեցնում է սիրիահայերին. Քաշաթաղի շրջանում վերաբնակվել է 24 ընտանիք, Զանգելանում` 7, Քարվաճառում` 27: Ադրբեջանի արտգործնախարարն այս ամենը համարում է «Հայաստանի կողմից գրավյալ տարածքներում ամրապնդվելու փորձ», որը «խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակը Ադրբեջանի կողմից սեփական անզորության հավաստումն է: Հայկական պետությունների բոլոր այն քայլերը, որոնք թվարկված են նամակում (ու նաև չթվարկվածները), թելադրված են արցախահայության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ, որովհետև, առանց լիարժեք պետություն ստեղծելու, արցախահայությունը գոյատևել չի կարող թշնամական Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ:

Ադրբեջանն ամեն օր չարախնդալով մատնանշում է Հայաստանի աղքատությունը, սակայն նրա աչքի առաջ ամրապնդվում է հայկական պետականությունը` Հայաստանում և Արցախում: Աստիճանաբար օրակարգ են մտնում խնդիրներ, որոնց մասին մի քանի տարի առաջ կարելի էր միայն երազել: Այդպիսի խնդիրներից մեկը Արցախում ռազմավարական նշանակություն ունեցող Սարսանգի ջրամբարը Արցախի գյուղատնտեսական կարիքների համար ծառայեցնելն է:

Օրերս այդ թեմայի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ հանդես եկավ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Օգոստոսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսելու ջրային պաշարների համատեղ կառավարման շուրջ: Խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, եւ խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն եւ՛ հայկական կողմը, եւ՛ ադրբեջանականը», – ասել է Ա.Աղաբեկյանը: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, ապա Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ստիպված կլինի խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՋՐԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ա.Աղաբեկյանի հայտարարության կարևորությունը հասկանալու համար պետք է իմանալ հետևյալը: Սարսանգի ջրամբարը (Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի կենտրոնական հատվածում, Թարթառ (Տրտու) գետի վրա)` շահագործման է հանձնվել 1975թ., ունի ավելի քան 601 մլն խմ ծավալ: Թեպետ ջրամբարը նախատեսված է նախևառաջ ոռոգման համար, ջրամբարին կից կառուցվել է նաև համանուն հիդրոէլեկտրակայան: Իսկ ոռոգման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղում տեղումների տարեկան քանակը միջինում կազմում է 581մմ: Մինչդեռ հայտնի է՝ եթե տեղումների տարեկան քանակը 600 մմ-ից քիչ է, ապա անհրաժեշտ է արհեստական ոռոգում:

Կարող է թվալ, թե ջրամբարի ծավալը լիովին բավարար է ԼՂՀ բնակչության ջրի խնդիրը լուծելու համար, քանի որ, հաշվի առնելով սանիտարական նորմերը, 200 հազար բնակչության պարենային անվտանգությունը, և խմելու ջրի անհրաժեշտ ծավալն ապահովելու համար Արցախի Հանրապետությանը պետք է 355 մլն խմ ջուր, որը կազմում է Սարսանգի ջրամբարի ծավալի 59 տոկոսը:

Սակայն հարցն այն է, որ Սարսանգի ջրամբարը նախատեսված է 128 հազար հա տարածք ոռոգելու համար, որից մոտավորապես 118 հազարը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում, ներկայիս ԼՂՀ տարածքից դուրս: Սարսանգի ջրամբարը ժամանակին ջրով էր ապահովում Ադրբեջանի 6 շրջանները: Այսինքն` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքում Սարսանգի ջրամբարի ջրով ոռոգվում էր ընդամենը 10 հազար հա տարածք` նախատեսվածի ընդամենը 8%-ը:

Սա, ինչպես նշում է արցախցի քաղաքագետ, ԼՂՀ ջրային անվտանգության խնդիրների երկարամյա ուսումնասիրող Դավիթ Բաբայանը (նա նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակն է), Խորհրդային Ադրբեջանի կողմից վարվող հատուկ, այսպես կոչված հիդրոճնշման կամ ջրահաբեկչության քաղաքականություն էր. ադրբեջանցիները ջրամբարները կառուցում էին նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս և այդպիսով թույլ չէին տալիս, որպեսզի հայերն օգտագործեն իրենց գետերի ջրերը, ինչի հետևանքով ԼՂԻՄ-ում գյուղմթերքի բերքատվությունը ԽՍՀՄ միջին մակարդակից ցածր էր: 1980-ականների վերջին Լեռնային Ղարաբաղի 218 հազար հա մշակովի ցանքատարածություններից ոռոգվող էր ընդամենը 26.2 հազար հեկտարը կամ 12%-ը: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը հարուստ է ջրային պաշարներով. նախկին ԼՂԻՄ գետերի միջին տարեկան հոսքը կազմում է 942 մլն խմ (մեկ տարվա ընթացքում այդ գետերի բերած ջրի ընդհանուր ծավալը). սա 2.6 անգամ ավելի է 200 հազար բնակչությանն անհրաժեշտ ջրի քանակից:

Դ.Բաբայանը գրում է, որ «Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի վարած հիդրոդեմոգրաֆիական քաղաքականության հետևանքով ադրբեջանցիները կարողացել էին ժողովրդագրական վերահսկողություն հաստատել նախկին ԼՂԻՄ կարևոր գետերի, ինչպես նաև Հագարո, Թարթառ և Խաչեն գետերի ակունքների նկատմամբ` նախկին Լաչինի և Քելբաջարի շրջաններում: Բաքվի իշխանություններին հաջողվել էր ժողովրդագրական վերահսկողություն հաստատել նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 88%-ի նկատմամբ»:

ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Դեռ 1990-ականների սկզբին, երբ Ադրբեջանն Արցախը մեկուսացնելու թշնամական քայլերի շրջանակում փակեց իր տարածքից Ղարաբաղ հոսող գետերի հունը, Արցախն իր հերթին սահմանափակեց Սարսանգի ջրամբարից դեպի ադրբեջանական Թարթառի շրջան հոսող ջրի քանակը: Այսուհանդերձ, Սարսանգի ջրամբարի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու համար հայկական կողմին անհրաժեշտ է կառուցել ջրանցքներ այնպիսի տեղանքով, որը մոտ է հայ-ադրբեջանական շփման գծին, ինչը պահանջում է մեծ ծախս: Դեռևս խորհրդային տարիներին արցախցիներն առաջարկում էին ջրանցք կառուցել և Սարսանգի ջուրը հասցնել Մարտունու շրջանի ցածրադիր վայրերը` Կուրոպատկինո գյուղի շրջակայք, սակայն Բաքվի իշխանություններն արգելում են, թեպետ Սարսանգի ջրերով ոռոգվում էին Աղդամի շրջանի ցանքատարածությունները` ընդհուպ Մարտունու շրջանի սահմանը:

ԼՂՀ կառավարության որդեգրած ռազմավարության համաձայն` առաջիկա 3 տարիների ընթացքում կառուցվելու են բազմաթիվ ջրանցքներ (ինչպես նաև հիդրոկայաններ, որոնք Արցախը կդարձնեն լրիվ ինքնաբավ էլեկտրաէներգիայի տեսանկյունից): Առայժմ Սարսանգի ջրամբարի ջուրը արցախցիներն օգտագործում են այսպես. ձմռանը էլեկտրաէներգիա են արտադրում, և այդ ժամանակահատվածում ջուրը պարզապես հոսում է, այսինքն` հասնում նաև Ադրբեջան, բայց տարվա այդ եղանակին, բնականաբար, այնտեղ չեն կարող այն օգտագործել ոռոգման նպատակով: Իսկ ամռանը հայերը ջրամբարն են լցնում, և գետի (Թարթառի) ջուրը, բնականաբար, Ադրբեջան չի հասնում, ու դարձյալ նրանց հողերը մնում են անջրդի: Այսինքն` ոչ ոք միտումնավոր Թարթառի ջուրը չի կտրում. «Մեզ այդ ջուրն օբյեկտիվ նպատակներով է անհրաժեշտ»,- նշում է Դ.Բաբայանը:

Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները, բնականաբար, տուժում են: Ներկայումս մի շարք ադրբեջանական գյուղերի ցանքատարածքներ, որոնք ժամանակին ոռոգվել էին Սարսանգի ջրամբարից, անապատացման վտանգի առաջ են կանգնած: Վերջերս այդ գյուղերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ տեղական իշխանություններից պահանջելով ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար:

ԼՂՀ-ն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է համագործակցել ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ, սակայն Բաքուն մշտապես մերժել է: «Ադրբեջանցիները մեր այս առաջարկին ի պատասխան` բազմիցս հայտարարել են, որ իրենց տարածքները, որոնք ժամանակին օգտվել են Սարսանգի ջրամբարից, ավելի լավ է չորանան: Բայց այդ որոշումից հազարավոր մարդիկ տուժում են հենց Ադրբեջանում»,- ասում է Դ.Բաբայանը: Հանդիպումներից մեկի ժամանակ ադրբեջանցիները հայտարարել են՝ «Դա մեզ պետք չի, մենք նավթի վաճառքով ավելի մեծ գումարներ ենք վաստակում, քան, ասենք, կարող ենք այդ հողերի ոռոգումից ապահովել»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ

Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում նախևառաջ քաղաքական է. նրանք վախենում են, որ ԼՂՀ իշխանությունների համագործակցության առաջարկին համաձայնելով` ինքնաբերաբար կընդունեն այն փաստը, որ ԼՂՀ-ն բանակցությունների ինքնիշխան կողմ է, որի հետ Ադրբեջանը հարկադրված հաշվի է նստում: Այս մտավախությունն է արտահայտել, մասնավորապես, ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն` մեկնաբանելով Արցախի փոխվարչապետի հայտարարությունը: Նկատենք, որ ադրբեջանցիների մտավախությունը միանգամայն տեղին է:

Ադրբեջանում ուրիշ մտավախություններ էլ կան` կապված Սարսանգի ջրամբարի հետ: Նրանք վախենում են, որ` ա) Սարսանգի ջրամբարի պատվարը չի դիմանա, կփլուզվի, ու Ադրբեջանի 6 շրջաններ կհեղեղվեն, բ) հայերը կպայթեցնեն Սարսանգի ջրամբարը, ինչը կառաջացնի նույն հետևանքը:

Առաջին մտավախությունն արտահայտել է Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության նախագահ Ահմեդ Ահմեդզադեն` 3 տարի առաջ. «Ամռան եւ ձմռան ամիսներին, երբ գետի ստորին հոսանքներում տեղակայված շրջաններում ջրի կարիքը մեծանում է, հայկական կողմը փակում է ջրամբարից եկող ջրի հոսքը: Արդյունքում, եթե ջուրը թույլատրելի մակարդակից ավելի բարձրանա, ամբարտակը կարող է փուլ գալ, եւ առնվազն 6 շրջան կարող է ջրի տակ անցնել», – ասել է նա:

Հարկ է նկատել, որ այս մտավախությունը նույնպես հիմնազուրկ չէ, բայց այս հարցում ևս մեղավոր է Ադրբեջանը: Բանն այն է, որ Սարսանգի ջրամբարի պատվարի վերաբերյալ տեխնիկական ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Մինչդեռ այն նախագծվել է Բաքվում՝ 1965-1966 թթ.: Այդ աշխատանքներն իրականացրած մասնագետների հիմնական մասը հայեր են եղել: Նախագիծը կազմելիս մեծ օժանդակություն է ցուցաբերել նաև Երևանում տեղաբաշխված, Անդրկովկասում միակը հանդիսացող և Մոսկվայի ենթակայության ներքո գտնվող «Հիդրոսպեցստրոյ» մասնագիտացված կազմակերպությունը, որը կատարել է ամբարտակի ամրացման, ինչպես նաև կառուցվածքների շուրջը ցեմենտային ամրացման հատուկ աշխատանքներ: Եվ քանի որ Սարսանգի ջրամբարը միութենական նշանակության ռազմավարական օբյեկտ էր, շինարարությունն իրականացվել էր հատուկ վերահսկողության պայմաններում և ավարտվել 1974թ., իսկ մեկ տարի անց օբյեկտը հանձնվել է շահագործման: Եվ եթե այսօր Ադրբեջանում մտահոգված են պատվարի ամրությամբ, թող բարի լինեն գոնե տրամադրեն ջրամբարի տեխնիկական փաստաթղթերը, որոնք, ամենայն հավանականությամբ, Բաքվում են:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Սարսանգի ջրամբարի անվտանգությունն ապահովելու համար: Անցյալ տարի, օրինակ, Կառավարությունը 30 մլն դրամ հատկացրեց Սարսանգի ջրամբարի պատվարի տեխնիկական հսկողության ու նրա վիճակի համալիր վերլուծության համար: Աշխատանքները կտևեն 3 տարի: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արեստակ Սարուխանյանի խոսքով, առաջին տարում նախատեսված է իրականացնել Սարսանգի պատվարի համալիր ուսումնասիրություն և պարզել՝ ինչպիսի՞ կառուցվածքի հետ գործ ունենք, ի՞նչ կա նրա ներքևում, ինչպիսի՞ տարրերից է այն կառուցված, ինչպե՞ս է իրականացվել շինարարությունը: Այս ամենը կապված է բարդ հաշվարկների հետ: Ստեղծվել են հետազոտական աշխատանքների 6` հիդրոլոգիական, սողանքների կանխատեսման ուսումնասիրության, հիդրոտեխնիկական, երկրաֆիզիկական-երկրաբանական, սեյսմոլոգիական, վթարային իրավիճակներում կանխատեսվող աղետի չափի գնահատման խմբեր, որոնցում ընդգրկվել են բազմափորձ, ունակ մասնագետներ, որոնք լավագույնն են Հայաստանում:

Ա.Սարուխանյանի խոսքով, «Սարսանգի պատվարը գտնվում է վտանգավոր սեյսմիկ գոտում, որտեղ հնարավոր են ուժգին երկրաշարժեր: Ուստի պարտավոր ենք ունենալ հավաստի տվյալներ` հնարավոր երկրաշարժի դեպքում Սարսանգին սպառնացող վտանգի վերաբերյալ: Այդպիսի կառուցվածքները պահանջում են մշտական դիտարկում և ուսումնասիրություններ, վերանորոգման միջոցառումներ, պահանջում են մշտական հոգատարություն: Այլապես փոքրիկ վտանգները մեծանալով` ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել աղետի»:

Իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի աջակցում այս աշխատանքներին, թեպետ աղետի դեպքում վնաս են կրելու հենց իր հազարավոր բնակիչները: Եվ ստացվում է, որ Կառավարությունը միջոցներ է ծախսում նաև Ադրբեջանի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՊԱՏՎԱՐԻ ՊԱՅԹԵՑՈՒՄԸ

Անդրադառնանք ադրբեջանցիների երկրորդ՝ «հայերը կարող են պայթեցնել Սարսանգի ջրամբարը» մտավախությանը, որն արտահայտել է Ադրբեջանի Բնապահպանական կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը` «Էխո» թերթի խնդրանքով մեկնաբանելով ԼՂՀ փոխվարչապետի առաջարկությունը: «Նրանք կարող են ահաբեկչական գործողություն իրականացնել ադրբեջանական բնակչության նկատմամբ` օգտագործելով Թարթառ գետի ջրերը: Հայաստանը Սարսանգի ջրամբարը պայթեցնելու սպառնալիքով կարող է շանտաժի ենթարկել Ադրբեջանին և նրանից փող պահանջել»,- ասել է նա:

Վերոշարադրյալից արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը շահագրգռված չեն Սարսանգի ջրամբարի փլուզումով, հակառակ դեպքում ֆինանսական միջոցներ չէին ծախսի վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատակով, և ոչ էլ կմտածեին Սարսանգի ջրերը հայկական տարածքներ ուղղելու մասին: Լուրջ պաշտոն զբաղեցնող և փաստացի գիտական աշխատանք կատարող Թ.Զեյնալովի մտավախությունը նախևառաջ հիվանդագին վախի հետևանք է, որը Ադրբեջանի իշխանությունը ներշնչում է հայերի նկատմամբ: Միևնույն ժամանակ, դա վկայություն է այն բանի, որ ադրբեջանցիներն իրենք միանգամայն հակված են այդպիսի ոճրագործության, եթե, իհարկե, հայերի տեղում լինեին: Ասվածի համատեքստում առաջին պլան է մղվում Սարսանգի ջրամբարի անվտանգության ապահովման խնդիրը. Ադրբեջանի իշխանությունը ավելի քան ընդունակ է նման ստորության, որպեսզի մեղքը հայերի վրա գցի: Առավել ևս, երբ մի քանի տարի հետո ջրերն ուղղվեն դեպի հայկական տարածքներ:

Տեղին է հիշել, որ Ադրբեջանի իշխանությունը արցախահայության դեմ «ջրահաբեկչության» տարիների փորձ ունի, և առաջին իսկ հնարավորության դեպքում կդիմի այդ միջոցին: 1991 թվականին, օրինակ, Ստեփանակերտը խմելու ջրով սնուցող գետերից մեկի մեջ մեծ քանակությամբ կրեոլին կոչվող դեղանյութ էր լցրել (խոշոր և մանր եղջերավոր անասունների քոսի դեմ դեղամիջոց), ինչի հետևանքով քաղաքի մի մասը 10 օր շարունակ չէր կարողանում ծորակի ջուր օգտագործել` գարշելի հոտի և առողջության համար վտանգավոր լինելու պատճառով:

2005թ. նոյեմբերի 13-ին Հյուսիսարևելյան Չինաստանի Ցզիլին նահանգի նույնանուն քաղաքում քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի հետևանքով ավելի քան 100 տ բենզոլ լցվեց Ամուր գետի Սունգարի վտակը, ինչի հետևանքով գետակի ջուրը մի քանի օր օգտագործման համար դարձավ անպիտան: Վերլուծելով այս դեպքը` քաղաքագետ Դավիթ Բաբայանը գտնում է, որ բնապահպանական աղետի նույն իրավիճակը Հայաստանում և Արցախում ստեղծելու համար բավական է ընդամենը 200 լ բենզոլ լցնել Թարթառ, Արփա և Որոտան գետերը: Հիշեցնենք, որ բենզոլը օրգանական նյութ է` քաղցրավուն հոտով անգույն հեղուկ, բենզինի բաղադրիչներից մեկը: Պարունակվում է հում նավթի մեջ: Թունավոր է և քաղցկեղածին:

Քաղաքագետի կարծիքով, ահաբեկչության հետևանքներն ավելի սոսկալի կլինեն, եթե բենզոլի փոխարեն օգտագործվեն ռադիոակտիվ նյութեր, մանավանդ որ պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ հայերին մեղադրում է Քարվաճառի տարածքում միջուկային թափոններ թաղելու համար: Արդյո՞ք Ադրբեջանն ապատեղեկատվական այդ ֆոնը չի ստեղծում ռադիոակտիվ նյութերով ահաբեկչություն իրականացնելու իր իսկ նախապատրաստվող քայլերն ապագայում քողարկելու նպատակով:

ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Դ.Բաբայանը գրում է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ պետք է բոլոր ջանքերն ուղղել այն բանին, որպեսզի այն տարածքները, որոնք հանգուցային են ԼՂՀ ջրային անվտանգության ապահովման առումով, մշտապես մնան Արցախի վերահսկողության տակ: Նման տարածքներ են, մասնավորապես՝ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները… Քարվաճառի շրջանը կորցնելու դեպքում Լեռնային Ղարաբաղն իրականում կունենա միայն 156 մլն խմ լրիվ վերահսկվող ջրային պաշարներ, որոնք չեն բավարարի հանրապետության պարենային անվտանգության և բնակչության ջրային պահանջների նույնիսկ կեսը, մանավանդ հաշվի առնելով այն, որ նախկին ԼՂԻՄ տարածքում սկիզբ առնող գետերն ամռանը ցամաքում են: …Եթե Ադրբեջանը կրկին հնարավորություն ստանա ջրահաբեկչության քաղաքականություն վարելու, ապա Արցախի և Հայաստանի համար հետևանքները կլինեն սարսափելի: Այս դեպքում վտանգված կլինեն ոչ միայն Արցախի գետերը, այլև Սևանա լիճը (քանի որ Արփան ու Որոտանը սկիզբ են առնում Քարվաճառում -Ա.Յ.), այսինքն՝ Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը»:

Ամփոփենք. ԼՂՀ-ում շարունակվում է անդառնալի գործընթացը` Ադրբեջանի հետ հնարավոր եւ հավանական համարվող բոլոր կապերի խզումը: Սարսանգի ջրամբարի ջրերը դեպի հայկական տարածքներ ուղղելու ծրագիրն այդ գործընթացի մի մասն է: Համագործակցությունից հրաժարվելու բոլոր բացասական հետևանքների պատասխանատուն Ադրբեջանն է:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


29/08/2013