Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ՝ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՀԱՍՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ



Փոխգնդապետ Վիկտոր Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկի շտաբի պետն է: Ծնվել է Գորիսում: 1988թ. դպրոցն ավարտելուց հետո, երբ սկիզբ էր առել Արցախյան շարժումը, նախապես որոշած լինելով, որ զինվորական է դառնալու, հաջողությամբ հանձնեց քննությունները և ընդունվեց ՌԴ բարձրագույն զինվորական ուսումնարանի հակաօդային պաշտպանության բաժին։ Երբ 1992թ. ավարտեց ուսումը, Հայաստանն արդեն անկախ երկիր էր, հայ ժողովուրդը կոնոնավոր բանակ էր ստեղծում, որպեսզի կարողանա պաշտպանել պայքարով ձեռք բերված իրավունքներն ու սատարի Արցախի ազատագրական պատերազմին:

-Երբ մեկնում էի սովորելու, չէի պատկերացնում, որ ես ուսանողական նստարանից կհայտնվեմ մարտական գործողությունների նախապատրաստվող զորամասի կազմում: Ինչպես ասում են` «նավից պարահանդես»: Ընդունվեցի ծառայության նոր կազմավորվող զորամասում` որպես զենիթային դասակի հրամանատար, իսկ զորամասը տեղափոխվեց Գորիս` պաշտպանելու Հայաստանի հարավային սահմանները: Այսպես սկսվեց երիտասարդ սպա Վիկտոր Խաչատրյանի մարտական ուղին, որն ավելի ուշ շարունակվեց Հատուկ գնդի կազմում:

Որպես զորային ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար, մոտոհրաձգային զորամասի կազմում Վիկտոր Խաչատրյանը մասնակցում է հակառակակորդի կրակակետերի ոչնչացման բոլոր գործողություններին և հասնում Հորադիզ:

– Զենիթային դասակը պարտավոր էր կասեցնել թշնամու օդային հարձակումները, բայց ադրբեջանցիները, տալով զգալի թվով ինքնաթիռների և ուղղաթիռների կորուստ, ինչպես ցամաքում, այնպես էլ օդում կորցրել էին մարտունակությունը և օդային հարձակումների մասին հիշում էին միայն հերթական լուրջ պարտությունից հետո: Այնպես որ, մենք` զենիթայիններս, նույնպես մասնակցում էինք բոլոր մարտական գործողություններին:

Հրադադարից հետո՝ մինչև 1997թ., Վիկտոր Խաչատրյանը ծառայությունը շարունակում է առաջնագծում, այնուհետև, որպես ՀՕՊ ավագ սպա, ծառայում է զորամիավորման շտաբում: 2000-2004թթ. նա կրկին առաջնագծում էր, որից հետո նորից մեկնեց ՌԴ՝ սովորելու ակադեմիայում։ Վերադառնալով` նշանակվեց զորամասի շտաբի պետ: Փոխգնդապետ Վ. Խաչատրյանը պարգևատրվել է գերատեսչական մի շարք պարգևներով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

– Զորամասի առջև դրված խնդիրները շատ լուրջ են: Մենք պետք է ապահովենք հանրապետության տարածքի մի զգալի հատվածի օդային անվտանգությունը: Մարտական դիվիզիոնները հաջորդաբար մարտական հերթապահություն են կատարում ու միաժամանակ զբաղվում են գիտելիքների, հմտությունների կատարելագործմամբ: Այդ նպատակով անցկացվում են զորավարժություններ, մարզումներ, ռազմերթեր, հավաքներ: Դիվիզիոնների հրամանատարները, պատասխանատու սպաները մասնակցել են Աշուլուկում անցկացված վերջին համատեղ զորավարժությանը և ցույց տվել հնարավոր ամենաբարձր արդյունքները, ինչը խոսում է մեր ստորաբաժանումների բարձր մարտական պատրաստականության մասին: Միաժամանակ պետք է նշեմ, որ մենք տեղյակ ենք մեր հնարավոր հակառակորդի կարողություններին, տեսնում ենք, նրանք ինչպես են մարզվում, ինչ վարժություններ են կատարում և մշակում ենք մարտավարության այն միջոցները, որոնք անհրաժեշտ են խափանելու նրանց նախահարձակ մտադրությունները:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ազգային բանակ


01/08/2013