Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՆԽՄԱՆ ԱՐՎԵՍՏ



ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Գևորգյան մարտաոճը հիմնված է հայ մարդու հոգեկերտվածքի առանձնահատկությունների, հայոց այբուբենի և հայ առաքելական հավատքի վրա: Բազում գաղտնիքներ պարունակող մեսրոպյան այբուբենի գրերը նաև ֆիզիկական շարժումների և մարտական տեխնիկայի խորհուրդ են իրենց մեջ կրում:

Ուսումնասիրելով հայոց այբուբենի ծագման առանձնահատկությունները և դրա բազմաշերտ խորհուրդը` հայոց գրերին կարելի է վերագրել նաև ֆիզիկական շարժումների իմաստ, քանի որ դրանք իրենց մեջ կարող են ամփոփել միտք, շարժում և ուժ եռամիասնությունը: Սա է պատճառը, որ հայկական մարտաոճը զուտ ֆիզիկական շարժումների համակարգ չէ, այլ` կատարելագործման ուղի, ուժի և խաղաղասիրության` հայ մարտիկին բնորոշ իրական հատկանիշների ձեռքբերման ճանապարհ: Հայոց պատմության բոլոր շերտերը ուսումնասիրելով, ակնհայտ է դառնում, որ հայ մարդը, հայ մարտիկը երբեք մարտ, պատերազմ չի հրահրել, սակայն նենգաբար նախահարձակվողին արժանի հակահարված է տվել: Այս գաղափարն է հայկական մարտաոճի հիմքում: Եվ հենց այս գաղափարի մեջ են ամփոփվում մարդասիրությունը, ագրեսիան կանխելու և իրավիճակը վերահսկելու` մարտիկի կարևորագույն հատկությունը, ուժն ու հզորությունը:

Հայկական Գևորգյան մարտաոճը առանձնահատուկ է մտքի, հոգու և ֆիզիկական ամրության եռամիասնության իր գաղափարով: Շատ վաղ տարիքից զբաղվել եմ մարտարվեստով, ուսումնասիրել չինական «Վինգ Չուն» և տիբեթյան ընտանեկան մենաստանի «Թեսքաո» ոճերը, իսկ հայկական մարտաոճ ստեղծելու գաղափարը ծնվել է 1992 թվականին:

Գևորգյան մարտաոճի հիմքում միայն մարտարվեստի հնարքներն ու շարժումները չեն, այլ մտքի արագությունը, ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, մարդասիրությունը, հայ մարտիկին բնորոշ խաղաղասիրությունը, այս ամենի հետ մեկտեղ` նաև տեղին ու ճիշտ ժամանակին հզոր հակահարված տալու կարողությունը: Հայկական Գևորգյան մարտաոճի բնույթը համապատասխանում է հայ մարտիկի, հայ մարդու էությանը` երբեք նախահարձակ չլինող, բայց ոտնձգությանը արժանի հարված տվող: Հայկական մարտաոճի հետևորդները կարողանում են զգալ մարդկանց միջև մշտապես տեղի ունեցող էներգափոխանակումը, կանխազգալ դիմացինից եկող ագրեսիան և շատ արագ կանխարգելել այն:

Միաժամանակ հնարավոր է պայքարել բազմաթիվ հակառակորդների դեմ` հասնելով կատարյալ արդյունքի` ճկունության, արագ կողմնորոշվելու հատկության, համապատասխան գիտելիքների շնորհիվ:

Անդրադառնալով մարտարվեստին առհասարակ, պետք է ընդգծել. մարտարվեստի դպրոց կամ խմբակ հաճախելիս անհրաժեշտ է, որ մարդը նախ և առաջ գիտակցի, որ գնում է սովորելու կյանքի արվեստ և դաստիարակվելու այն գիտակցությամբ, որ հոգին ու մարմինը պետք է հավասարաչափ կրթել, այլապես կխախտվի ներդաշնակության սկզբունքը, ինչն էլ շատ հաճախ դառնում է ագրեսիայի և անհավասարաչափ զարգացման պատճառ: Գաղտնիք չէ, որ այս իրավիճակում արդեն անխուսափելի են դառնում լարված հարաբերություններն ու կոնֆլիկտները: Խոսքը միայն մարտի մասին չէ, այլև ընդհանրապես հասարակական, նաև միջանձնային հարաբերությունների: Գիտելիքների այս ամբողջական, համապարփակ պաշարը որևէ այլ միջավայրում, ցավոք, հնարավոր չէ ստանալ:

«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում առաջնորդվում են մտքի, հոգու և մարմնի հավասարաչափ զարգացման մեթոդաբանությամբ` բացառելով եսասիրության (էգոիզմի) զարգացումը: Դպրոց ընդունվելու պատրաստ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ ստանալու է այն գիտելիքները, որոնք իրեն կօգնեն դառնալու ավելի հավասարակշռված, ուժեղ, խելամիտ: Ունենալով այսպիսի մարդկային որակներ` մարդը դառնում է ավելի հաջողակ թե՛ իր անձնական կյանքում, թե՛ մասնագիտական ոլորտում և թե՛ առօրյա շփումներում: Սկսած մատաղ սերնդից մինչև հասուն տարիքի մարդիկ պետք է կարևորեն այս գաղափարները և առաջնային դարձնեն իրենց կյանքում` նույնիսկ առօրյա զբաղվածության ու ծանրաբեռնվածության պարագայում ժամանակ հատկացնելով այս գիտելիքների ձեռքբերմանը, գիտակցելով, որ այս ամենը իրենց դարձնելու է միմիայն ավելի ուժեղ, ավելի խաղաղ ու ինքնատիրապետող:

Ծնողը, իր փոքրիկին տանելով այսպիսի կենտրոն, պետք է նրան բացատրի, որ երեխան գնում է սովորելու մարտարվեստ` բարի, ուժեղ և խելացի դառնալու համար, այլ ոչ թե երեխայի մեջ սերմանի եսասիրություն, ինչ-որ մեկին ծեծելու, իր ուժը ցուցադրելու ցանկություն: Ցավոք, վերջինը ավելի տարածված է մեր հասարակությունում: Ծնողները շատ հաճախ անզգույշ կատակներով երեխային անգիտակցաբար ուղղորդում են դեպի ագրեսիա, քանի որ իրենցից շատերի մեջ էլ այն թյուրընկալումն է, որ մարտարվեստը միայն ծեծելու, կոտրելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար է: Այսպիսի միջավայրում երեխան մեծանում է ագրեսիայի հակումներով և ձեռք է բերում բացասական հատկանիշներ, որոնք հետագայում` չափահաս տարիքում, մարդուն կանգնեցնում են բազմաթիվ բարդ խնդիրների առջև, որոնցից ամենատարածվածն այսօր կոնֆլիկտային փոխհարաբերություններն են:

Երբ չափահաս մարդը շարունակաբար ձգտում է ավելի լավը դառնալ, ինքնակատարելագործվում է, նա լավագույն օրինակն է լինում իր երեխայի համար և կարող է ճիշտ ուղղորդել նրան` մեծացնելով ուժեղ, բարի ու ինքնավստահ երեխա:

Մարդիկ, ովքեր ամեն օր, ամեն ժամ ինքնակատարելագործվում են, փոխանակում են իրենց մտքերը թե՛ խոսքի և թե՛ մարմնակրթության միջոցով, որոշ ժամանակ անց կարողանում են առողջ փոխհարաբերություններ ստեղծել իրենց միջավայրում, լինի դա ընտանիք, կրթական հաստատություն, աշխատավայր, թե ընկերական միջավայր: Կարողանում են հասկանալ միմյանց նույնիսկ առանց խոսքի, ավելի խաղաղ ու ինքնավստահ են դառնում, քանի որ իրապես ուժեղ մարդը ինքնավստահ, բարի ու խաղաղասեր մարդն է: Գևորգյան մարտարվեստը նախ և առաջ խաղաղասիրության, բարության, մեծահոգության, ագրեսիայի կանխման արվեստ է…

Շարունակելի

Մեր ինտերնետային կայքէջը` www.gevorgyankungfu.com

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Հոգևոր-մշակութային


01/08/2013