Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՊԱՐՏՎԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ



♦ Ադրբեջանցի զինվորները վախենում են «պատահական գնդակից»:
♦ Զինվորները քաղցած են եւ անընդհատ ուտելիք են խնդրում բնակիչներից:
♦ Արտակարգ պատահարների հիմքում ազգամիջյան խնդիրներն են:

ԿԵՂՏԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՋՐԻ ԵՐԵՍ

Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում փետրվարի 20-ին կատարված հերթական սպանդը ցնցել է այդ երկրի հասարակությանը: Հիշեցնենք, որ զինվորներից մեկը մարտական հենակետում գնդակահարել է իր 6 ծառայակիցներին եւ ինքնասպան եղել:
Միջադեպը շոկի մեջ է գցել Ադրբեջանի նախագահին. նրա արձագանքը կտրուկ էր եւ բուռն. անմիջապես պաշտոնազրկել է զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Չինգիզ Շաֆիեւին եւ նրա կոչումն իջեցրել մեկ աստիճանով: Նրա փոխարեն նշանակվել է Բաքվի կայազորի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, որը, ի դեպ, Ադրբեջանի 250 «ազգային հերոսներից» մեկն է եւ Ալիեւի ամենավստահելի գեներալը: Բացի դրանից, Իլհամ Ալիեւը հրամայել է հետաքննել միջադեպը, պատժել մեղավորներին եւ «անել այնպես, որ նման միջադեպերն այլեւս չկրկնվեն»:
Վերջին արտահայտությունը ցույց է տալիս միայն Ադրբեջանի նախագահի զայրույթի եւ ինչ-որ տեղ նաեւ հուսահատության աստիճանը եւ գործնական ոչ մի նշանակություն չունի, քանի որ ադրբեջանական բանակում առնվազն տարին մեկ անգամ նվաստացած զինվորները գնդակահարում են ծառայակիցներին եւ ինքնասպան լինում: Հիշենք. 2010թ. հունվարի 28-ին ադրբեջանցի զինվորը սպանեց իր 4 ծառայակիցներին, երկուսին վիրավորեց եւ ինքնասպան եղավ: 2009թ. Շամխորի զորամասում զինվորը սպանեց 4 սպայի եւ մեկ ենթասպայի, վիրավորեց 4 զինվորի եւ ինքնասպան եղավ:
Ողբերգական միջադեպի արդյունքում, ինչպես միշտ, ջրի երես են դուրս եկել ադրբեջանական բանակի բոլոր արատները: Սպանված զինվորներից մեկի եղբայրը` Սերվեր Քերիմովը, լրատվամիջոցներին պատմել է, որ իր ընտանիքը զորամասի հրամանատարության հետ համաձայնության էր եկել, որպեսզի եղբայրը ծառայի համեմատաբար ապահով հենակետում, որտեղ «պատահական գնդակից» զոհվելու հավանականությունը փոքր է: Այս խոստովանությունը վկայում է, որ ինչպես ադրբեջանական հասարակությունը, այնպես էլ զինվորները վախենում են հայկական զինված ուժերից, մահից, պատերազմից:
«Ենի մուսավաթը» գրում է, որ սպանվածի եղբայրը դժգոհել է նաեւ զորամասում ծառայության պայմաններից. «Հեռուստատեսությամբ մի քանի օրինակելի զորամաս են ցուցադրում… Թող գան տեսնեն այդ վայրերում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի վիճակը… Զինվորներն այնքան անմարդկային պայմաններում են, որ կարող են սպանել իրենց հրամանատարներին»,- ասել է նա:
Թերթի տվյալներով, Թարթառի շրջանում տեղակայված զորամասերում նույնպես ողորմելի վիճակ է: Տեղի բնակիչները հայտնում են, որ հրամանատարները զորամասերում կամայականությամբ են զբաղված, զինվորների սնունդն ու հագուստը չափից ավելի ցածր որակի են: Քաղցած զինվորներն ստիպված անընդհատ ուտելիք են խնդրում բնակիչներից:
«Ենի մուսավաթը» գրում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները բանակը մսով ապահովելու գործարքից միայն յուրացնում են տարեկան 5 մլն դոլար: Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը 2010թ. հոկտեմբերի դրությամբ հունգարական «OTR» բանկում ուներ 65 մլն եվրոյի (!) հաշիվ: Այն բանից հետո, երբ Աբիեւը իր եկամուտների մասին հայտարարագիր չի ներկայացրել, բանկը «սառեցրել է» նրա հաշիվը («panorama.am», 25.02.2010):
Ադրբեջանցի ռազմական լրագրող Ջասուր Սումերինլիի խոսքով, ոչ կանոնադրական հարաբերություններին նպաստում են նաեւ սպաների ցածր աշխատավարձը, բարեխիղճ ծառայելու շարժառիթների բացակայությունը, նրանց միջեւ անառողջ փոխհարաբերությունները եւ օրենքի ոտնահարումը: Պատգամավոր Զախիդ Օրուջի տվյալներով, վերջին 6 տարում Ադրբեջանի բանակը կորցրել է 500 զինծառայող, որից 300-ը (այլ տվյալներով` 450-ը)` ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով:

ԱՅԼ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բացի վերոնշյալ պատահարից, մի միջադեպ էլ եղել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերից մեկում: ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի խոսքով, մեր հետախուզության նախնական տվյալների համաձայն` ադրբեջանցի զինվորը անզգույշ է վարվել նռնակի հետ, ինչի հետեւանքով 4 զինծառայող վիրավորվել է, որոնցից մեկը` ծանր:
Ըստ Ս.Հասրաթյանի` միայն փետրվարի 19-21-ը ադրբեջանական բանակում գրանցվել է առնվազն 8 մահվան եւ 5 վիրավորվելու դեպք: «Փաստը վկայում է, որ թշնամու բանակում վերադաս հրամանատարությունն իրավիճակին չի տիրապետում»,- ասել է ՊԲ մամուլի խոսնակը («panorama.am», 21.02.2011):
Ահա վերջին օրերին կատարված մի քանի միջադեպ եւս: Գյանջա քաղաքում տեղակայված զորամասի զինծառայող Լոգման Սալիմզադեն փետրվարի 22-ին զորանոցի երրորդ հարկի պատուհանից ընկել է եւ հոսպիտալացվել: Ադրբեջանցի բլոգերները սոցիալական ցանցերում այն կարծիքն են հայտնել, որ այդ պատահարը նույնպես ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանք է եղել, եւ իշխանությունները պարզապես փորձում են կոծկել միջադեպը:
Փետրվարի 24-ին Թովուզի շրջանում ավտոճանապարհային պատահարի հետեւանքով մահացել է 1 զինծառայող, 5-ը վիրավորվել են: Փետրվարի 11-ին գազով թունավորվելուց մահացել է Ադրբեջանի ՊՆ ուսումնավարժական կենտրոնի բաժնի պետ, գնդապետ Այդին Ալլահվերդիեւը, իսկ փետրվարի 10-ին Նախիջեւանի զորամասերից մեկում հիվանդությունից մահացել է Սարվան Հուսեյնովը:
Փետրվարի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սպանվել է զինծառայող Թուրալ Հուսեյնովը: Բայց քանի որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չէր խախտել, ՊԲ մամուլի խոսնակ Ս.Հասրաթյանը ենթադրեց, որ Հուսեյնովը, ամենայն հավանականությամբ, այն դիվերսանտներից մեկն է, ովքեր փետրվարի 17-ին փորձել են թափանցել ՊԲ դիրքեր եւ, կորուստներ կրելով, փախել են:

ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՍՐՎԵԼՈՒ

Արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքով, Ադրբեջանի ԶՈՒ-ում կանոնադրական խախտումները կատարվում են ոչ միայն կենցաղային, այլեւ ազգային հողի վրա: Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը գրեթե միշտ առաջին գիծ է դուրս բերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Դրանով Ադրբեջանի իշխանությունը, մի կողմից, նպաստում է ազգային փոքրամասնությունների քանակի նվազմանը (հնարավոր զոհերի դեպքում), մյուս կողմից փորձում է այդ ժողովուրդների մեջ ատելություն սերմանել հայերի հանդեպ:
«Լուրջ հիմքեր կան պնդելու, որ ոչ կանոնադրական հարաբերությունների մեծ մասը ազգամիջյան խնդիրների հետեւանք են, եւ առաջիկայում այդ խնդիրներն ավելի են սրվելու»,- կարծում է Դ.Բաբայանը («armenpress.am», 08.02.2011):
Ադրբեջանական մամուլն ու փորձագետները միակարծիք են այն հարցում, որ փետրվարի 20-ին կատարված սպանդի պատճառը հանցագործություն կատարած զինվորի շարունակական նվաստացումն է: Ըստ որոշ տեղեկությունների, ծառայակիցները նրան բռնաբարել են:
Թերեւս, այս ամենը հաշվի առնելով է, որ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էն Դերսին իր վերադասին դեռ 2009թ. հուլիսի 2-ին ներկայացված գաղտնի զեկույցում (որը գաղտնազերծել է հանրահայտ «Wikileaks» կայքը) գրել է. «Նույնիսկ իր ամբողջ ռազմական ունակությունն ու ներուժը ներդնելու դեպքում Ադրբեջանը դժվար թե բավականաչափ ուժ ունենա` հաղթելու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին ու հայկական բանակին: Այդ տարածաշրջանի դիրքն ամեն ինչով նպաստավոր է հենց հայկական կողմի համար
ԼՂ հարցում Ադրբեջանը վարդագույն սցենարներ է ուրվագծում իր համար` իրականում դրա հիմքերը չունենալով: Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը իրական գործողություններից եւ արդյունքներից շատ հեռու է»:
«Wikileaks»-ը գրում է նաեւ, որ ամերիկացի բազմաթիվ ռազմական փորձագետների, Ադրբեջանում ԱՄՆ մեկ այլ դեսպանի (2000-2003թթ.)` Ռոս Ուիլսոնի վերլուծությունները համընկնում են Էն Դերսիի կարծիքի հետ: Դրանցում մասնավորապես ասվում է.
«Իլհամ Ալիեւը չարաչար սխալվում է, երբ հանրության առջեւ հաճախակի կրկնում է, թե Ադրբեջանն ի վիճակի է հաջողությամբ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղը գրավելու իր ռազմական գործողությունները: Իրականությանը տեղյակ ցանկացած ողջամիտ ադրբեջանցի պետք է հասկանա, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չպետք է դիմի պատերազմական գործողությունների: Նույնիսկ ամենաբարենպաստ մարտադաշտում ադրբեջանցիներն անհամեմատ ավելի մեծ կորուստներ կունենան, քան նախկինում»:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


10/03/2011