Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐԸ



«Ես հպարտ եմ բոլոր նրանց համար, ովքեր զինվորական համազգեստ են հագնում»

Ես ինձ ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայի հետ անհաշտ մարդ եմ համարում, եթե չասեմ` նույնիսկ խորթ, հեռու եւ միշտ էլ հարազատներիս, գործընկերներիս ինքնամոռաց խորասուզումը զանազան սոցիալական կայքեր` «Համադասարանցիներ», «Թվիթեր», «Սկայփ», «Ֆեյսբուք» եւ այլն, հոգուս խորքում եթե ոչ ծիծաղելի, ապա գոնե ժամանակի անտեղի ու անիմաստ վատնում եմ համարել: Եվ թերեւս կշարունակեի այդպես մտածել, եթե մտերիմ ընկերս, որ դրսում է ապրում, ուղղակի պարտադրաբար ինձ չներքաշեր վիրտուալ շփումների ու ծանոթությունների այդ աշխարհը… Իսկ ահա այսօր արդեն ես անսահման շնորհակալ եմ նրան` ընկերոջս, որ ինձ հնարավորություն տվեց ոչ միայն գտնելու, վերահաստատելու կապը իմ հեռավոր, մոռացված ընկերների հետ, այլեւ հայտնաբերելու ինձ համար անհայտ-անծանոթ մարդկանց դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ կամ ավելի ճիշտ` հայտնագործելու ինձ անհայտ-անծանոթ նոր աշխարհներ… Չէ՞ որ, իրավ է ասված, ամեն մարդ մի նոր աշխարհ է` անհայտ, խորհրդավոր, եզակի ու անկրկնելի…

Ամենայն հավանականությամբ, այս հոդվածը չէր գրվի, եւ ես երբեւէ չէի ճանաչի ու առիթ չէի ունենա պատմելու մի ազնվազարմ հայուհու եւ նրա զինվոր որդու մասին, եթե «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հոբելյանական համարի կապակցությամբ գրված իմ ահա այս կարճ խոսքը, թույլ տվեք մեջբերել` «Եթե չե՛ս ապշում, եթե չես զարմանո՛ւմ, եթե չե՛ս տխրում եւ չե՛ս զայրանում, եթե սիրտդ չի պայթում անզորությունից, եթե ո՛չ քրտնում ես շոգից ու ո՛չ էլ դողում ցրտից, եթե չես հուսավառվում բացվող օրով եւ չես տագնապում վաղվա օրվա համար, եթե նայում ես ու չես տեսնում, ախպոր պես, գրիչդ ցած դիր», չարժանանար «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի` տիկին Անահիտ Նահապետյանի հավանությանը: Խոստովանեմ` որպես լրագրող շոյված էի ինձ հասկանալու համար, չէ՞ որ ես խոսում էի մեր այս ծանր ու դժվարին օրերում լրագրողի մասնագիտական խղճի, պարտքի ու պարտասխանատվության մասին:

Իմ շնորհակալական խոսքին հետեւեց տիկին Անահիտի բավականին անսպասելի պատասխանը, որն արդեն շոյում էր ոչ միայն լրագրողի, այլեւ զինվորականի, քաղաքացու, պարզապես հայ մարդու իմ ինքնասիրությունը. «Ես ամբողջ կյանքում վստահել եմ նախախնամությանը, եւ ահավասիկ` մեկ առիթ եւս: Մայիսի 9-ը տղայիս ծննդյան օրն է: Տղաս արդեն երկրորդ տարին է, ինչ ծառայում է բանակում: Հենց նրան հարցնում են` ե՞րբ ես ծնվել, հպարտությամբ պատասխանում է` Շուշիի ազատագրման օրը: Եվ ահա որդուս ծննդյան նախօրեին Ձեզնից հղում եմ ստանում… Ուղղակի շնորհակալ եմ Ձեզ եւ Աստծուն, որ այսպիսի աննկարագրելի նվեր մատուցեցիք որդուս ծննդյան օրվա առիթով: Ձեր կրած համազգեստի հանդեպ իմ զգացմունքը չեմ կարող խոսքերով հոմանիշել: Փառք ու պատիվ հայ զինվորականին, փառք ու պատիվ հայ բանակին, որ նաեւ իմ մայրական քնքուշ գրկից դուրս բերեց իմ մի հատիկ որդուն եւ նրանից պատրաստեց առնական, լավագույն հատկանիշներով օժտված հայ տղամարդ, որը հայրենյաց սահմանին երկու տարի լինելը պատիվ է համարում: Ես հպարտ եմ, հպարտ եմ բոլոր նրանց համար, ովքեր հայրենիքի զինվոր են, քանզի, ինչպես որդիս է ասում` «Ես այստեղ եմ, մայրի՛կ, որ դու խաղաղ քնես»: Թող Հաղթանակի խորհուրդը առաջնորդի նրան ամբողջ կյանքում»:

Եվ րոպեների տարբերությամբ ֆեյսբուքյան էջում հայտնվում է տիկին Անահիտի մյուս նամակ-հաղորդումը` այս անգամ որդուն ուղղված, որն ավելի շուտ նման է աղոթքի, «թղթին» հանձնած մայրական թաքուն մտորումների, մենախոսության. «Շնորհավոր ծննդյանդ օրը, իմ հատուկ ու թանկ Զինվոր: Արդեն երկու տարի այս համազգեստով ես դիմավորում ծննդյանդ օրը, իսկ դա անասելի հպարտություն է: Մաղթում եմ, որ կյանքում քեզ ուղեկցեն բանակային տարիներին ձեռք բերված փորձառությունն ու խոհեմությունը եւ այն բոլոր արժանիքները, որոնցով անշուշտ նորովի ես արժեւորելու կյանքը: Շնորհակալ եմ, որ կաս: Քեզ նման զավակ ունենալը Աստծուց տրված ամենամեծ շնորհն է: Համբուրում եմ»:

Եվ այսպես` ակամայից հաղորդակից եմ դառնում զինվոր որդու դարձին սպասող մոր ապրումների ու խոհերի աշխարհին, տեսնում մոր եւ զինվորի միջեւ ընկած հսկա գունագեղ ծիածանը… «Վարդուհի ջան, նախանձելի բան են իմ այս ապրումները: Հպարտ եմ, որ տղաս զինվոր է, այն էլ հյուսիսային սահմանում, եւ հպարտ եմ, որ պարտքը կատարած տուն կգա: Մայրերը միշտ էլ կարոտից խենթանում են»,- գրում է զինվորի մայրը ընկերուհուն: Եվ զինվորի մայրը օրհնում ու սրբացնում է այն ճանապարհը, որ ձգվում է տնից դեպի զորամաս. Ֆեյսբուքյան էջում տեսնում ենք անտառածածկ, լեռնային տեղանքով անցնող ճանապարհի լուսանկարների մի ամբողջ շարք եւ մի կարճառոտ մակագրություն. «Դեպի զորամաս` Վանանդիս մոտ»: Քիչ հետո եւս մի գրություն` լրացուցիչ. «Ճանապա՛րհ, գոնե դու ինձ մեկ-մեկ այնտեղ տար»:

Թերեւս ոմանց սենտիմենտալ կթվա այս պատմությունը կամ հայրենասիրության անհարկի վրձնահարվածներով գունազարդված, ուստի ստիպված կլինեմ ներկայացնել Զինվորի մոր մտածումների, ապրումների ու մտահոգությունների ողջ ներկապնակը… Ահա հայ կնոջ հոգեւոր, բարոյական եւ մտավոր այն բազմաշերտ աշխարհը, որում ապրել, մեծացել ու դաստիարակվել է ապագա զինվորը.

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. Արցախյան հերոսամարտը եւ հաղթանակը պատկերող լուսանկարների շարք. ահա հայ ազատամարտիկը կռացել ու համբուրում է մամիկի ձեռքը. «Այս լուսանկարը լայն տարածում է գտել ռուսական լրատվամիջոցներում», «Ոսկան Երեւանցու 1666 թ. Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը հանձնվում է Մատենադարանի տնօրենին», «Աշոտ Ղուլյանի հիշատակին` «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»:

♦♦♦

ԾՆՐԱԴՐՈՒՄ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ. «Իսկ Դուք երեկ երեկոյան Ձեր պատուհանի մոտ վառե՞լ եք մոմ ի հիշատակ 1915 թ. անմեղ զոհերի»:

♦♦♦

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ. «Պատմության թատերաբեմում լինելը դեռեւս իրավունք չի տալիս ապրելու այնպես, ինչպես խելքիդ փչի… Հետեւաբար, անհրաժեշտ է, որ մեր սերունդը խոր գիտակցումով հոգա ու պայքարի ազգի ապագայի համար»:

♦♦♦

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ. մեջբերում Կոմիտաս վարդապետի խոսքից.

«…Մթնոլորտը թոյն կը տեղա, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն: Փառասիրութիւն, փութկոտութիւն մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն միւս երեսէն: Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգեցած է իբր հանդերձ, յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր մարմին նեխած է, մեր հոգին ապականած, մեր կեանքը դիակնացած… Ո՞ւր է խոհական Խորենացին, թող ելլէ՛ արիւնաքամ հողու տակէն եւ ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Սիրտս փլած է»:

♦♦♦

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ. բանաստեղծություն Վահան Թեքեյանից.

Կանձրեւե տղա՛ս… Աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…

Պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ… Կանձրեւե, տղա՛ս…

Կանձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,

Կմըրսի՞ սիրտըդ, եւ կդողդըղա՞ս`

Խոհելով պայծառ արեւին անցյալ,

Դըռան մեջ ներքեւ գոց ճակատագրի…

♦♦♦

ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ. մակագրություն ազգային բանակի զինվորների խմբանկարի տակ. «Ոչ մեկին չեմ ճանաչում, բայց նրանք բոլորն իմ զինվոր զավակներն են… Իմ ջերմ, ապահով թիկունքն են… Բոլոր հայ մայրերի օրհնանքը նրանց… Խաղաղություն հայոց երկնքին ու սահմաններին»:

♦♦♦

ՄԱՅՐԱԿԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐ. «Ժպտում եմ հատուկ Զինվորիս համար… ժպտում եմ ու օրերը հաշվում… երեսուներե՜ք օր, երեսուներեք օրում երեսուներեք անգամ կխենթանամ…»:

Եվ որքա՜ն հանճարեղորեն է բանաձեւել Նժդեհը` ասելով, որ մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգի ճակատագիրը: Քանզի մայրերի սրտերի միջով են անցնում այս մեծ աշխարհի բոլոր փոթորիկներն ու խորշակները, որոտներն ու կայծակները: Մենք պարտավոր ենք գլուխ խոնարհել տիկին Անահիտ Նահապետյանի եւ բոլոր այն մայրերի առջեւ, որոնց աչքը իրենց զինվոր զավակների տունդարձի ճանապարհին է… Թո՛ղ բոլոր զինվորները տուն վերադառնան ծաղիկների փնջերով եւ դուռը ծեծեն. «Մա՛մ ջան, դո՛ւռը բաց…»: Գլուխ խոնարհենք մեզ համար եւ համայն աշխարհի մարդկության համար տագնապող մեր մայրերի առջեւ:

Թերթում եմ հայ զինվորի մոր` Անահիտ Նահապետյանի ֆեյսբուքյան էջերը: Ինչ-որ մեկն ահա այսպիսի տողեր է թողել. «Անահիտ հունարեն նշանակում է համարձակ, պարսկերեն` անարատ, անթերի, հայ դիցաբանության մեջ` մայրության ու պտղաբերության աստվածուհի»:

Ավելի լավ վերջաբան հազիվ թե գտնեի:

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Բանակ և հասարակություն


30/05/2013