Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ



Մարտի 29-ից պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում մեկամսյա ճամբարային հավաք անցկացրեց գնդապետ Ռ. Գասպարյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Ինչպես նշեց հրամանատարը, ընթացիկ ուսումնական տարում սա զորամասի առաջին դաշտային ելքն է։

-Մեր նպատակը,- շարունակեց գնդապետը,- դաշտային պայմաններում ստորաբաժանումների ներդաշնակման կատարելագործումն է։ Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ձգտում ենք, որքան հնարավոր է, բարձրացնել բոլոր կարգի հրամանատարների իմացություններն ու ունակությունները ենթակա ստորաբաժանումների մարտական գործողությունների և կրակի կառավարման հարցերում, միաժամանակ բարձրացնել անձնակազմի դաշտային վարժվածությունը, ֆիզիկական դիմացկունությունը, ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ։ Նախատեսված է հավաքի վերջնափուլում անցկացնել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

♦♦♦

Բացազատված հրամանատարական կետում բավական լավ պայմաններ էին ստեղծված մարտական խնդիրները կատարելու, պարապմունքների համար։ Այստեղ էին նաև հրթիռահրետանային զորքերի վարչության բաժինների պետեր` գնդապետներ Ա. Գալստյանը և Ս. Հովհաննիսյանը։ Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ս. Բեկջանյանը ցույց տվեց տեղեկատվության և հանգստի սենյակը (վրանը) և ասաց, որ օգտագործելով առկա բոլոր միջոցները, ձգտում է անձնակազմին ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ, կազմակերպում է խաղեր, մրցումներ…

♦♦♦

Կենտրոնացման շրջանում Շտուրմ-Ս և Տ-12 դիվիզիոնների հաշվարկները լավ քողարկման շնորհիվ չէին երևում։ Զինվորների պարապմունքներին հետևելու, նրանց հետ զրուցելու համար դիմեցինք դիվիզիոնի հրամանատար մայոր Վահագն Հարությունյանի օգնությանը։

Կրտսեր սերժանտ Նարեկ Իգիթյանը զեկուցեց մոտեցող հրամանատարին։ Նարեկը մարտական մեքենայի հրամանատար-օպերատորն է։ Վարորդը շարքային Արթուր Բաբայանն է։ Նրանք դիվիզիոնի հրամանատարի հրամանով գործարկեցին մեքենան և նախապատրաստվեցին պայմանական մարտի։ Ներկայացնելով Շտուրմ-Ս-ի աշխատանքը՝ հաշվարկի հրամանատարը պարզաբանեց նշանառության և մարտական կրակ կատարելու կարգը։

-Այստեղ ստանում ենք նույն սնունդը, ինչը որ զորամասում, եղանակը բարենպաստ է, ժամանակն ավելի հետաքրքիր ու արագ է անցնում, քան զորամասում։ Բոլորն էլ շատ ուրախ են, որ ճամբարային հավաքը հենց այստեղ է անցկացվում։ Եթե ինչ-որ բանի կարիք է լինում, օգտվում ենք վրանային ավանում գործող սննդի կետերից,- ասաց շարքային Ա. Բաբայանը։

♦♦♦

Հաջորդ հաշվարկի անդամները, որոնց մոտեցանք, պայմանագրային զինծառայողներ էին։ Հրամանատարը և օպերատորը սերժանտ Ռոման Հարությունյանն էր, մեխանիկ-վարորդը՝ շարքային Համլետ Փիլոսյանը։

-Անցած տարի մենք միասին կատարել ենք մարտական կրակ ու ստացել «լավ» գնահատական։ Դա մեր առաջին կրակն էր, վստահ եմ, որ այս անգամ հարյուր տոկոսանոց խոցում կունենանք,- ինքնավստահ ասաց սերժանտը։

-Գլո՞ւխ է գովում,- մի քիչ թերահավատորեն հարցրի դիվիզիոնի հրամանատարին։

-Որ ասաց՝ կանի,- հանգիստ վստահեցրեց մայոր Վ. Հարությունյանը ու որոշ դադարից հետո շարունակեց։ -Ես պայմանագրայինների ու ժամկետայինների տարբերությունը չեմ զգում, բոլորն էլ նվիրված աշխատում են։ Միակ տարբերությունն այն է, որ պայմանագրայինները կարողանում են ծառայությունից հետո տուն գնալ, իսկ ժամկետայինները` ոչ։ Ունեմ շատ լավ տղաներ, օրինակ՝ պայմանագրային սերժանտ Միսակ Պետրոսյանը, ջոկի հրամանատար ավագ սերժանտ Սևակ Էլբակյանը, ժամկետայիններ` օպերատոր սերժանտ Արթուր Կարապետյանը, կրտսեր սերժանտ Գոռ Եղիազարյանը, մեխանիկ-վարորդներ՝ շարքայիններ Վարդան Կիրակոսյանը, Արթուր Ավետիսյանը…

Դիվիզիոնի հրամանատար կապիտան Արմեն Խաչատրյանը ներկայացրեց հաշվարկներից մեկը. հրամանատար կրտսեր սերժանտ Վոլոդյա Մկրտչյան, նշանառու շարքային՝ Վարդան Բալումյան, հաշվարկի համար շարքային՝ Վլադիմիր Գուրօղլյան։

Կապիտանի հարցին՝ ինչի՞ համար է նախատեսված հրանոթը և ի՞նչ հնարավորություններ ունի, զինվորները տվեցին սպառիչ պատասխաններ։

Ապրիլի 23-ին զորամասն անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խոցվեցին բոլոր նշանակետերը։ Դրանից երկու օր անց զորամասը վերադարձավ մշտական տեղակայման վայր։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Ազգային բանակ


13/05/2013