Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐՈՀԵԼԻՍ՝ ԱՌԱՋԻՆԸ, ՆԱՀԱՆՋԵԼԻՍ՝ ՎԵՐՋԻՆԸ



Հարցազրույց գեներալ-մայոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆԻ հետ

-Պարոն Գզողյան, «Հայ զինվորը» իր և ընթերցողների անունից շնորհավորում է Ձեզ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում երջանիկ, անհոգ ու բարեկեցիկ, սիրով ու ջերմությամբ լի բազում տարիների կյանք։ Հետաքրքիր է, երբ Ձեր կյանքի 70 տարիները արդեն անցյալում են, ո՞րն է այն ամենանվիրական երազանքը, ամենաբաղձալի նպատակը, որ կցանկանայիք իրագործված տեսնել ապագայում։

-Ցանկանում եմ, որ Աստված ինձ այնքան ուժ ու եռանդ տա, որ մինչև կյանքիս վերջին օրը լինեմ բանակի հետ, զինվորի կողքին ու կարողանամ ծառայել հայրենիքիս։ …Կյանքը զարմանալի շրջադարձներ ունի։ Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ հունով կընթանար կյանքս, եթե մի փոքրիկ դիպված անդառնալիորեն չշրջեր կյանքիս անիվը…Երազում էի աշխարհագրագետ դառնալ։ Իմ հարազատ Դաշքեսանում քար ու թուփ, ծառ ու քարափ, բլուր ու ձոր չկար, որ չիմանայի ամենայն մանրամասնությամբ։ Սիրում էի շրջել երկրաբանների հետ, հետևել նրանց աշխատանքին։ Կարծես թե ամեն ինչ կանխորոշված էր, ու ոչ ոք չէր կասկածում, որ ես աշխարհագրագետ եմ դառնալու… Բայց մի օր ազգականիս՝ Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանում սովորող որդին այցելեց մեզ։ Ես բառացիորեն հափշտակվեցի. նա այնքան ինքնավստահ էր, հպարտ, բարեկիրթ, խելացի, ուժեղ։ Չէի կարողանում աչքս կտրել նրա զինվորական համազգեստից։ Մեկ տարի անց, երբ տասնամյակն ավարտեցի, ընկերոջս՝ Պյոտրի հետ մեկնեցի Տաշքենդ, մասնակցելու տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի ընդունելության քննություններին։

-Փաստորեն, դա գիտակցված, կշռադատված ընտրություն չէր, այլ պահի ազդեցության տակ ընդունած որոշում։ Մի՞շտ եք այդպես անակնկալ ու վճռական։

-Հայրս մի լավ խոսք ուներ, որը դարձավ իմ կյանքի հավատամքը։ Ասում էր. «Հրացանդ այնպես բռնիր, որ չվրիպես»։ Կյանքն ինձ մանկուց սովորեցրել է «հրացանը ճիշտ բռնել»։ Բանվորական ավանում, որտեղ մեծացել եմ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին ապրում։ Ես ունեի ռուս, ուկրաինացի, վրացի, հրեա ընկերներ։ Ու ես հասկացա, որ «մարդկային օրենսդրությունը» գրված է ի վերուստ ու անփոփոխ է բոլոր ազգերի ու երկրների համար։

-Եվ որո՞նք են այդ օրենսդրության գլխավոր դրույթները։ Եվ արդյոք «հրացանը ճիշտ բռնել» նշանակո՞ւմ է հավատարիմ մնալ «մարդկային օրենսդրության» օրենքներին…

-Արդարամտություն, բարություն, նվիրում, ազնվություն, քաջություն… ահա սրանք են մարդկային օրենսդրության գլխավոր դրույթները… սրանք են ուղղորդում հրացանիդ փողը ու օգնում, որ միշտ հաղթող լինես։

Ռազմական բուհում սովորելու տարիներին ձևավորվեց իմ աշխարհընկալումը, բնավորությունը, մտածելակերպը, որպես անհատ՝ իմ բարոյականությունն ու գաղափարական արժեհամակարգը։ Ես զգացի պատասխանատվություն բառի ամբողջ ծանրությունն ու գիտակցեցի «սպայի պատիվ» հասկացության ամբողջ տարողությունը։ Գիտեք, ամենադժվարը ենթարկվելու կարողությունն է։ Հենց սովորեցիր ենթարկվել, ուրեմն՝ պատրաստ ես հազարավոր մարդկանց ենթարկել քեզ։

-Չեմ սիրում այդ բառերը… Ենթարկվելն ու ենթարկելը սպանում են մարդու ազատությունը։ Մարդը պիտի կարողանա ազատ մտածել, ազատ գործել…

-Պարզապես դուք սխալ եք բացատրում բառի խորհուրդը։ Ենթարկելն ու ենթարկվելը կապ չունեն հոգու ազատության հետ։ Ենթարկելն այն է, որ դու կարողանաս առաջնորդ լինել այնպես, որ մարդիկ հավատան քեզ ու քայլեն քո բռնած ճանապարհով։ Մի զինվորական ասույթ կա. «Հրամանատարը պիտի առաջինը լինի գրոհելիս և վերջինը՝ նահանջելիս»…

-Խորհրդային բանակում ծառայելու տարիներին Դուք սկսել եք դասակի հրամանատարից, բարձրացել եք հրամանատարական բոլոր աստիճաններով և, հասնելով զորամասի հրամանատարի պաշտոնի, զորացրվել եք փոխգնդապետի կոչումով։ Խորհրդային բանակում Ձեր գործունեությունը գնահատվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» III աստիճանի շքանշանով։ Հիմա ես չեմ ուզում թվել բոլոր այն մեդալները, որ ստացել եք այդ տարիներին, պարզապես ուզում եմ հարցնել, ո՞րն է եղել լավ հրամանատարի բանաձևը Ձեզ համար։

-Ես կարող էի խոսել բարոյական սկզբունքներից ու մարդկային առաքինություններից, ասել, որ մարդու հանդեպ վերաբերմունքը վճռորոշ է բոլոր հարաբերություններում, բայց ավելի կարևոր ու պրագմատիկ բան պիտի ասեմ. ինձ օգնել է մի պարզ դիտարկում, մի առօրեական սկզբունք՝ բանակային օրենքը՝ կանոնագիրքը, հավասար իշխանություն ունի և՛ ինձ, և՛ իմ զինվորի վրա։ Զինվորական բարձրագույն կոչումը, պաշտոնը ոչ թե օրենքից վեր բարձրանալու և օրենքը շրջանցելու առիթ են, այլ օրենքին ավելի պատրաստակամ և բարեխղճորեն ենթարկվելու պարտավորություն։ Իմ ղեկավարած զինվորական կոլեկտիվներում բոլորս ենթարկվել ենք օրենքին և միմյանցից տարբերվել ենք միայն գործունեությունների և ծառայական պարտականությունների բնույթով ու ծավալով։ Ես սովորեցրել եմ զինվորին, որ ամենամեծ կրոնը հայրենասիրությունն է, մեծ հաշվով՝ սերը, որովհետև հայրենիքն այն է, ինչ մենք սիրում ենք՝ մեր ծնողը, երեխան, հարազատները, հողը… Առաջին հայացքից պարզունակ բան պիտի ասեմ՝ եթե հրամանատարը չսիրի զինվորին, զինվորը չի սիրի հայրենիքը։

-Պարզունակ չէ, բացարձակ ճշմարտություն է…բայց սերը ծնվում է սիրո մթնոլորտում։ Կոպտության, դաժանության, անտարբերության մթնոլորտում չի կարող սեր ծնվել, ոչ մի տեսակ սեր ու հայրենասիրություն՝ առավել ևս։

-Ազգային ազատագրական պայքարի զարթոնքն ու Արցախյան պատերազմի հաղթանակը հենց այդ սիրո արգասիքն էին։ Մարտական ոգին դարձյալ սիրուց է ծնվում։ Ատելությունը, թշնամանքը, որքան էլ ուժեղ լինեն, չեն կարող ոգի ծնել: Նույնիսկ վրիժառությունը չի կարող ուժի ու ինքնազոհության երաշխիք դառնալ։ Ուստի Արցախյան պատերազմում հաղթեց մեր՝ սիրով շաղախված ազգային միաբանությունը։

-Զորի Բալայանի «Դրախտ և դժոխք» գրքում կարդացի, որ Դուք պատերազմ եք տարել նաև Ձեր որդուն։ Միակ որդուն։

-Այո՛, տղաս ռազմաճակատում էր, իմ կողքին, իմ զինվորների հետ։ Ես խրախուսել եմ Արցախ մեկնելու տղայիս որոշումը, որովհետև նրա ներկայությունը մեծապես կոգևորեր զինվորներիս։ Իմ խոսքը, իմ հորդորը, իմ կոչը մեծ արձագանք կգտներ նրանց սրտերում, կբազմապատկեր նրանց բազկի և հոգու ուժը։

-Իսկ մա՞յրը… Մոր սիրտը կարո՞ղ է հասկանալ դա։

-Կինս երբեք չի փորձել ընդդիմանալ իմ կամ որդուս Արցախ մեկնելու որոշմանը։

-Հեշտ եք լեզու գտնում կանանց հետ:

…Կանայք ինձ միշտ էլ սիրել են։ Անհամեստ չհնչի՝ սիրուն տղա էի, ուժեղ, կնամեծար, սկզբունքային, շռայլ… Կանայք սիրում են այդպիսի տղամարդկանց։ Բայց ընտանեկան կյանքը իր յուրահատկություններն ունի ու խաղաղ գոյատևելու համար անհրաժեշտ է սեր, փոխըմբռնում, հանդուրժողականություն… միմյանց նախասիրությունները հարգելու պատրաստակամություն։

-Ո՞րն էր Արցախյան պատերազմում Ձեր աստեղային պահը։

-Չգիտեմ՝ աստեղային պահ արտահայտությունը ճի՞շտ է պատերազմի վերաբերյալ…

-Ես երբեք չեմ պատերազմել, բայց բախտ եմ ունեցել զրուցելու բազմաթիվ ազատամարտիկների հետ, տեսել եմ, թե նրանք ինչ ոգևորությամբ են խոսում հաղթական ճակատամարտերի մասին։ Այդ պատճառով էլ «աստեղային պահ» արտահայտությունն օգտագործեցի։

-Դե լավ, թող լինի «աստեղային պահ»։ …Շուշվա ճակատամարտը։ Մենք կենաց-մահու կռվի էինք պատրաստվել։ Ադրբեջանցիները կատաղի դիմադրում էին։ Նրանք չդիմացան ճնշմանը, գրոհի թափին։ Հետո խուճապ սկսվեց։ Ցնծությունը անսահման էր, երբ վերջին ադրբեջանցին հեռացավ Շուշիից, երբ թշնամու վերջին կրակակետերը լռեցին, ու մենք հասկացանք, որ սա հաղթանակած պատերազմի անշրջելի ու ամենագլխավոր արարն է։

-Խաղաղ բանակաշինության տարիներին Դուք զորք եք ղեկավարել, շփվել եք զինվորի հետ, հիմնել եք ավանդույթներ, ձևավորել եք քանակային փոխհարաբերությունների մշակույթ, բարոյականություն։ Ո՞րն է եղել Ձեր գերխնդիրը՝ որպես հրամանատար, զինվորական կոլեկտիվի ղեկավար։

-Ռեժիմը դառնում է ավանդույթ, հոգեբանություն, մտածելակերպ։ Զինվորական կանոնադրությունը բարոյական ենթատեքստ ունի, որովհետև համակարգված և կանոնիկ զինվորական ռեժիմը ինքնանպատակ չէ, այլ միտված է հայրենիքի պաշտպանությանը պատրաստ մարտունակ զորք ձևավորելու գաղափարին։ Սրտառուչ հայրենասիրական քարոզները և վերամբարձ բարոյախրատական զրույցները իմ ոճով չեն։ Ես բարձր եմ գնահատում անձնական օրինակի գործոնը։ Քո բառերը չեն, որ պիտի դաստիարակեն զինվորին, այլ քո կենսագրությունը, քո հեղինակությունը։ Որպես հրամանատար՝ իմ գերխնդիրը եղել է պատանուց զինվոր կերտելը։ Խոսքը ինքնագիտակցության մասին է, երբ մտածելակերպով ու հոգեբանությամբ պատրաստակամ ես նվիրվելու այն գաղափարներին, որոնք բանակի բարոյախոսության հենքն ու առանցքն են։ Բանակն առաջին հերթին բարոյականություն է, որովհետև ինքնանվիրումի ու ինքնազոհողության գաղափարը կարող է միմիայն բարոյականության վրա հենվել։

-Դուք նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ եք։ Կարողանո՞ւմ եք Ձեզ բանակային զգալ, օգտակար լինել զորքին։

-Անշուշտ, ես ինձ բանակային եմ զգում։ Մենք պարբերաբար այցելում ենք զորամասեր, տեղեկանում ենք զորքերում տիրող իրավիճակին՝ սկսած կենցաղային խնդիրներից, միջանձնային հարաբերություններից մինչև մարտական պատրաստության մակարդակը։ Տեղում ցույց ենք տալիս մեթոդական օգնություն, փոխանցելով կրտսեր գործընկերներին մեր փորձը, գիտելիքները։ Մեր յուրաքանչյուր շրջայցից ստացած տպավորությունների ու հատկապես խնդրահարույց իրողությունների մասին զեկուցում ենք նախարարին, վերջինս ձեռնարկում է միջոցներ խնդիրները վերացնելու ուղղությամբ։ Զինվորականի խաչը որքան ծանր, նույնքան պաշտելի է, և իսկական զինվորականը երբեք վայր չի դնում այն։ Որովհետև նա այդ խաչը կրում է սրտի մեջ ու չի բաժանվում դրանից մինչև սրտի վերջին զարկը։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Ճակատագրեր


13/05/2013