Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ



Խաղ-մրցույթ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

Հանրակրթական դպրոցներում կարևորվում է դպրոցական ծրագրերից դուրս միջոցառումների անցկացումը: Այս առումով ԼՂՀ ԿԳ նախարարությունը կազմակերպել է Արցախյան շարժման 25 ամյակին նվիրված «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Ապրիլի 10-ին շրջվարչակազմի կրթության բաժինը Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացրեց մրցույթ-փառատոնի շրջանային փուլը՝ Քաշաթաղի հանրակրթական 9 դպրոցների 9-12-րդ դասարանցիների միջև: Ըստ կանոնակարգի՝ մրցույթ-փառատոնը կազմված էր 2 փուլից՝ առաջինում 15 հարց, երկրորդում՝ 10, յուրաքանչյուրը՝ 1 կամ 0,5 միավոր:

Հանձնախմբի կազմում էին շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, ֆինանսատնտեսական վարչության պետ Հարություն Բերբերյանը, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը: Հարցաշարը նվիրված էր Արցախի պատմությանը: Մրցույթն անցկացրեց հարցաշարը կազմող կրթության բաժնի առաջատար մասնագետ Ալվարդ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցում են այն դպրոցները, որոնց 9-12-րդ դասարաններում 10 և ավելի աշակերտներ կան:

Նախատեսված 12 թիմի փոխարեն մասնակցեցին 9 դպրոց՝ Բերձորի թիվ 1 (Հագարի) և թիվ 2 (Զարթոնք), Հայկազյան (Որոտան), Վան (Վանեցիներ), Աղաձոր (ԱՍԱԼԱ), Արտաշավի (Տիգրանակերտ), Գետամեջ (Օրխիստինե), Այգեհովիտ (Արցախի արծիվներ), Միջնավան (Արաքս): Կայացավ գեղեցիկ մրցակցություն: Յուրաքանչյուր 5 հարցից հետո հայտարարվում էր արդյունքը:

Ընդմիջումների ընթացքում զրուցում էի մասնակից թիմերի աշակերտների հետ: Աղաձորի դպրոցի սաները միատեսակ շապիկներով էին՝ «ԱՍԱԼԱ» մակագրությամբ: Լավ էին նախապատրաստվել մրցույթին. դիմում եմ թիմի ավագ, 10-րդ դասարանցի Քրիստինե Ավոյանին՝ «Ինչու՞ է իրենց թիմը կոչվում «ԱՍԱԼԱ» հարցով: Պատասխանում է՝ որոշումը կայացրել են խմբովի, քանի որ «ԱՍԱԼԱ»-ն 20-րդ դարի 2-րդ կեսին մեծ դեր ունեցավ մեր պահանջատիրության, արդարահատույցի շարունակականության գործում: Քրիստինեն որոշել է իրավաբան դառնալ: Ասում է՝ եկել են հաստատ հաղթելու վճռականությամբ: Նույնն են ասում նաև Բերձորի Վ. Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգի «Զարթոնք» թիմի աշակերտները: Հավատում են, որ մեր շրջանը զարթոնք է ապրելու, և որ այդ նկատառումով են իրենց թիմը կոչել «Զարթոնք»: Արտաշավիի «Տիգրանակերտ» թիմի ավագ Գոռ Ամիրյանն ասաց, որ շատ են սիրում ու գնահատում Մեծն Տիգրան արքային, այդ պատճառով են այդպես կոչվում: Ինքն ու Մհեր Կիրակոսյանը որոշել են դառնալ պատմաբան: Գետամեջի դպրոցի թիմի ավագ Լիլիթ Ծառուկյանը և Թովմաս Առաքելյանը բացատրում են, որ իրենց անվանումը՝ «Օրխիստինե», Արցախի անվանումներից է՝ հիշատակված Ստրաբոնի երկերում: Այգեհովիտի «Արցախի արծիվներ»-ը գտնում են, որ իրենք ևս հայրենիքի պաշտպաններ են, պահում են ազատագրված պատմական մեր տարածքները:

Երկրորդ փուլն էլ է ավարտվում: Հանձնախումբը հայտարարում է արդյունքները: Առաջին տեղում է Աղաձորի «ԱՍԱԼԱ»-ն՝ 23 միավոր, երկրորդում Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի «Հագարի»-ն՝ 15,5 միավոր. թիմը նաև միատեսակ շապիկներ նվեր ստացավ ՄՍԵ բաժնի կողմից: Միջնավանի «Արաքս» և Արտաշավիի «Տիգրանակերտ» թիմերը հավասար՝ 15 միավորով կիսեցին 3-րդ տեղը: Առաջին տեղ նվաճած «ԱՍԱԼԱ»-ն իրավունք ստացավ մասնակցելու հանրապետական փուլին, նաև արժանացավ շրջվարչակազմի պատվոգրին և որպես հուշանվեր ստացավ Քրոնքի ժայռափոր եկեղեցու լուսանկարը: Պատվոգրի արժանացան նաև 2-3-րդ տեղեր գրավածները:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Բանակ և հասարակություն


03/05/2013