Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԱՆՔԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ` Ի ՇԱՀ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ



Խորհրդարանական լսումներ բանակի եւ հասարակության կապի ամրապնդման թեմայով

Սկիզբը նախորդ համարում

Ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով։ Առաջին նիստում թեման արծարծվեց ինստիտուցիոնալ ու բարեփոխումների առաջնահերթությունների, իսկ երկրորդ նիստում՝ քաղաքացիական հասարակության տեսանկյունից։

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշեց, որ իրենց խորհուրդը ստեղծվել է հենց բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով։ Սկզբից ևեթ խորհուրդը սերտորեն համագործակցել է պաշտպանական գերատեսչության բոլոր օղակների հետ, իրականացրել համատեղ ծրագրեր, որոնցում ներգրավված են եղել հասարակության տարբեր շերտերը։ Բազում և բազմաբնույթ են խորհրդի ծավալած աշխատանքները։ Գեղամ Հարությունյանը խոսեց նաև խորհրդի ստացած դիմում-բողոքների մասին, որոնց հետամուտ լինելուց զատ, խորհուրդը վերլուծում է նաև դրանց պատճառները և դիտարկումներով ու առաջարկներով հանդես գալիս։ «ՊՆ-ն լուրջ ընթացք է տալիս ներկայացված դիտարկումներին, եղած թերություններն էլ շտկվում են»,- նշեց Գ. Հարությունյանը։

«Երկրապահ» կամավորականների միության վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը քննարկվող հարցի շուրջ իր ելույթի մեջ շեշտեց, որ ԵԿՄ-ն շահագրգիռ է բանակ-հասարակություն առողջ կապերի ամրապնդմամբ և մատնանշեց այն հանգամանքը, որ երբ խոսում ենք բանակի թերությունների մասին, հիմքերը պետք է փնտրենք հասարակության մեջ, յուրաքանչյուրիս մեջ։ «Բանակի և հասարակության ամուր կապը Հայաստանի անվտանգության ամուր երաշխիքներից է, իսկ այդ կապի խզումը, փոխադարձ վստահության բացակայությունը անվտանգության լուրջ սպառնալիք է։ Պետք է համապարփակ ծրագրեր իրականացնել»,- ասաց Խ. Մկրտչյանը և առաջարկներով հանդես եկավ։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցն էլ ընդգծեց, որ նման լսումներն իրապես ողջունելի են, սա կարևոր երկխոսություն է, երբ պատրաստ են լսելու նաև քաղաքացիական տեսակետները։ Նա անդրադարձավ զինվորական ծառայության ընթացքում կանոնադրության խախտումների դեպքերին, կոռուպցիոն ռիսկերին, զինվորների առողջական խնդիրներին։ Առաջարկեց նաև զինվորներին ոչ միայն ծառայությունից առաջ բուժզննման ենթարկել, այլ նաև ծառայությունն ավարտելուց հետո։ Նա կարևորեց նաև ԶՈՒ նկատմամբ խորհրդարանի վերահսկողությունը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ գործող նախագահ Հայկուհի Հարությունյանը շեշտը դրեց հանրային իրազեկման բարձրացման, քաղաքացիական վերահսկողության կատարելագործման ու ընդլայնման վրա։ Նշեց նաև, որ չպետք է անտեսվեն միջազգայնորեն ընդունված նորմերը։

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը, խոսելով բանակի խնդիրներից, պարզաբանեց, որ դրանք բանակ են թափանցել հենց մեր հասարակությունից. սոցիալ-տնտեսական բևեռացում, հանդուրժողականության պակաս, կոնֆլիկտայնություն, կեղծ առաջնորդության խնդիր… Եվ առաջարկեց դրանց կանխարգելման տարբերակներ։

ԶՈՒ ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին նկատեց, որ այսօրինակ լսումները ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և Ժնևի կենտրոնի միջև ստորագրված հուշագրի լավագույն և խոսուն արդյունքն են։ Ֆլուրին խորհրդարանական վերահսկողությունը չափազանց կարևոր համարեց բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում։

Ինչպես առաջին նիստի, այնպես էլ երկրորդ նիստի ավարտին ևս հետևեցին հարցուպատասխաններ, ելույթներ, եղան սուր հարցադրումներ, պարզաբանումներ, լուսաբանումներ։ Հնչեցին մտահոգություններ, առաջարկներ։ Շեշտվեց, որ ավելի շատ գործնական քայլեր պետք է լինեն, քան տեսական։ Կարևորվեց համագործակցությունը, ուժերի համատեղումը։

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ խորհրդարանական լսումների ընթացքը և արդյունքները գոհացուցիչ են։ Դրանց հիման վրա կմշակվեն և կներդրվեն նոր մեխանիզմներ, որոնց շնորհիվ հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ է՛լ ավելի դրական կդառնա, ԶՈՒ-ն է՛լ ավելի մեծ վստահություն կներշնչի հասարակությանը, բանակն ու հասարակությունը կփոխլրացնեն մեկը մյուսին՝ յուրաքանչյուրն իր չափով, կլուծվեն ծագած խնդիրները` ի շահ մեր բանակի, ի շահ մեր հասարակության։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Բանակ և հասարակություն


26/04/2013