Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄՈԿԱՑ ՄԻՐԶԵՆ» ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Մեծն Կոմիտասը, ըստ երաժշտագիտական տվյալների, հավաքել եւ ձայնագրել է 3-4 հազար ժողովրդական երգ։ Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի հանրահայտ «Մոկաց Միրզեն»։ Ուշագրավ պատմություն ունի այն։

Կոմիտասը, գնալով հայ երգի հետեւից, Արեւմտյան Հայաստանում կատարած իր բազմաթիվ շրջագայություններից մեկի ժամանակ հասնում է Մոկս եւ մի գյուղում լսում «Մոկաց Միրզեն» երգը։ Հիացած է մնում՝ ժողովրդական ստեղծագործության մի անգին գոհար էր գտել, որ դեռ պետք է մշակեր, հղկեր, փայլ տար։ Հավաքում է գյուղի բոլոր երգողներին եւ խնդրում երգել՝ ով ինչպես կարող էր։ Նպատակը մեկն էր՝ կատարումների մեջ տեսնել երգի ելեւէջային տարբերությունները, ի մի բերել, համադրել դրանք եւ գտնել այն տարբերակը, որն առավել ստույգ է ու մաքուր՝ որպես զուտ հայ երգ։ Դա հենց այն տարբերակն է, որ այսօր առավել հայտնի է նրա իսկ կատարմամբ։ Մշակումը գտնվել է Կոմիտասի արխիվներում։

Ո՞ւմ մասին է երգը։ Պարզ է՝ Մոկաց Միրզայի, այլ խոսքով՝ Մոկաց մեծ իշխանի, որը քաջարի մարդ է եղել՝ անսասանորեն պահել է իր աշխարհի սահմանները, եւ թշնամին այդպես էլ չի կարողացել ոտնակոխ անել նրա հայրենի հողը։ Ինչպես հայոց պատմության շատ ու շատ դրվագներում՝ այստեղ էլ թշնամին, չկարողանալով ընկճել հայոց իշխանին, դիմել է խորամանկության՝ հյուրասիրության պատրվակով կանչել է նրան եւ ծուղակը գցել՝ տմարդի հաշվեհարդար տեսնելով իշխանի նկատմամբ։

Երգը, որի ամբողջական տեքստը բաղկացած է 14 տնից՝ չորսից ութ տողերով, հենց այդ դրվագի պատմությունն է։ Մոկաց մեծ իշխանը, շրջապատված համաժողովրդական սիրով, ճոխ տոնախմբություն է կազմակերպել Մալաքյավե ամրոցում, ու բոլորը՝ զորական թե շինական, համընդհանուր ուրախության մեջ են։ Բայց հանկարծ («օրն էր ուրբաթ, լույսն ի շաբաթ») որտեղից որտեղ հայտնվում է արաբ ոստիկանի բանբերը եւ մեծ իշխանին մեկնում Կոլոտ փաշայի «թղթիկը», որով տիրակալը նրան հրավիրում էր իր մոտ։ Միրզեն լավ հասկանում է («փախավ կարմիր գույն երեսեն»), թե ինչ է նշանակում այդ հրավերը, բայց, վստահ իր ուժին, հեծնում է բոզ-Բեդավին անունով իր ձին ու ճանապարհ ընկնում «չուր Ջզիրեն» քաղաքը՝ փաշայի նստավայր։ Ժողովուրդն ամենուր ցնծությամբ է դիմավորում իր առաջնորդին, քանի որ «չկեր յուր նման բոլոր դունիեն» (չկար իր նմանը բոլոր կողմերում), նրան տեսնելու է դուրս գալիս անգամ Ջզիրենի բնակչությունը, քանզի «Մոկաց Միրզեն կարժեր քաղաք զմեն»։

Փաշան անում է իր նենգությունը՝ հյուրասիրում է հայոց մեծ իշխանին թունավորած ձմերուկով, եւ վերադարձի ճանապարհին Մոկաց Միրզեն մահանում է։ Հավատարիմ ձին տիրոջ դիակը բերում է հայրենիք, նրան ուղեկցում է ժողովուրդը եւ սգում։

«Մոկաց Միրզեն» կարծես մի պատառիկ է «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունից եւ նկարագրվող անցքն էլ ճիշտ համընկնում է այն նկարագրվող ժամանակաշրջանին, երբ արաբական տիրապետության լուծը թոթափելու համար Սասունի, Ռշտունիքի, այնպես եւ Մոկսի ժողովուրդը հերոսական պայքար էր մղում օտար զավթիչների դեմ։ Դա ամբողջ Տարոն աշխարհի ժողովուրդն էր։

Մոկացիք սգում են իրենց սիրեցյալ իշխանի մահը՝ «հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն, եւ անիծում նենգամիտ տիրակալին՝ «Բեմուրազ կեներ Կոլոտ փաշեն»։ Այս արտահայտություններով են ավարտվում երգի տները, եւ դրանցում ժողովրդի ցավն ու զայրույթն է։

Չնայած ողբերգական պատմությանը՝ երգը տոգորված է հերոսականությամբ, եւ նրա էպիկական շունչը, դյուցազներգական երանգները «Մոկաց Միրզեն» հիրավի դարձնում են մի գողտրիկ էպոս։ Կասկած չկա՝ հենց դա էլ գրավել է Կոմիտասին, որը «Մոկաց Միրզեն» համարել է իր ամենասիրած երգերից մեկը եւ կատարել միայն իրեն հատուկ վարպետությամբ։

Ավետիք Իսահակյանի հուշը շատ բան է ասում Կոմիտասի եւ «Մոկաց Միրզեն» երգի մասին. «Հիշում եմ մի գեղեցիկ օր։ Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստած էինք նրա փոքրիկ պարտեզում՝ ստվերաշատ տանձենու տակ։ Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզեն» եւ մշակել էր այդ էպիկական հուժկու երգը։ Շատ ոգեւորված էր եւ երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով։ Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ։ Անկարելի է նկարագրել այդ։ Ես հիացած էի եւ նույնպես երջանկացած։ Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ»։

Իսահակյանն իր հուշի մեջ վերարտադրում է հենց իր՝ Կոմիտասի խոսքը. «Այդ երգը շատ հին է, հեթանոսական դարերից։ Տես ինչ հզոր ձայներ կան, ինչ խրոխտ շեշտեր։ Մեր բարձրիկ լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծնունդ առել դրանք։ Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը։ Այնքան հին է, որ Ձենով Օհանը երգած, իսկ Սասունցի Դավիթը լսած կլինի այն»։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013