Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ



Գեղամ Հայրապետյանը 20 ամիս ծառայել է սահմանային զորամասում: Կրտսեր սերժանտ է: Ընդհատեց պարտադիր ծառայությունն ու ենթասպաների դպրոցում մասնակցում է սերժանտական դասընթացների: Երկու ամսից նա կստանա սերժանտի կոչում եւ պայմանագրային ծառայության կանցնի ՀՀ զինված ուժերում` որպես ջոկի հրամանատար. «Առավոտյան տողանի ժամանակ կանգնած էի շարահրապարակում, գումարտակի հրամանատարը հայտարարեց, թե ով ցանկանում է պայմանագրային սերժանտ դառնալ, մեկ քայլ առաջ գա, պահը բաց չթողեցի: Նախկինում եւս մասնակցել էի սերժանտական դասընթացների, պարտադիր ծառայության ընթացքում ջոկի հրամանատար էի, պատասխանատվություն էի կրում 7 զինվորների համար. հետեւում էի, որ խնդիրներ չունենան: Զինվորները հաճախ էին ինձ դիմում տարաբնույթ հարցերով, օրինակ` միջնորդեմ, որ արձակուրդ ստանան, պատահել է՝ գիշերվա ժամը 12-ին զինվորներից մեկի ջերմությունը բարձրացել է, որոշում եմ կայացրել եւ նրան անմիջապես ուղեկցել բուժկետ: Ես պարտավոր էի հետեւելու օրվա կարգացուցակի կատարմանը, ջոկում մաքրության եւ ներքին կարգուկանոնի պահպանմանը, ենթականերից պահանջելու զինվորական կարգապահության պահպանում»:

Գեղամն ասում է, որ իր վերադասներից շատ բան է սովորել, հետեւել է նրանց աշխատանքին, օրինակ վերցրել ու արդյունքում կայացել որպես ջոկի հրամանատար. «Բարձրանում էի դիրքեր` մարտական հերթապահության, հակառակորդի եւ մեր միջեւ ընկած տարածությունն ընդամենը 800 մետր էր: Մարտական հենակետում ջոկի յուրաքանչյուր անդամ պետք է զգա, որ դու համարձակ ես, ոչնչից չես վախենում, չգիտես` ինչ բան է երկյուղը: Հիշում եմ` մի անգամ ջոկի տղաներից մեկը կասկածելի շշուկներ լսեց, վախեցած դիմեց ինձ, միանգամից հասկացա, որ հակառակորդի դիվերսանտ է, բայց խուճապի չմատնվեցի. նայելով ինձ՝ տղաները եւս երկչոտություն չդրսեւորեցին եւ լցվեցին համարձակությամբ: Ջոկի սերժանտը պարտավոր է իր զինվորների ներկայությամբ տոկունության, համարձակության, խելամիտ որոշումներ կայացնելու եւ պահի թելադրանքով առաջնորդվելու անձնական որակներ դրսեւորել: Մարտական հենակետում չթերանալու, կորուստներ չտալու ամենակարեւոր պայմանը համարում եմ չքնելը. դու դիրքում չպիտի քնես, որ քո թիկունքում հանգիստ քնեն»:

Գեղամը նշում է, որ սերժանտը պետք է շուտ հարմարվող լինի, նաեւ կարողանա մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը. «Եթե մարտի դաշտում, օրինակ, հրամայեմ ջոկին գրոհել առաջ, բայց դրա ժամանակը չլինի, բոլորը կտուժեն, կորուստները անխուսափելի կլինեն: Ջոկի սերժանտը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմի ժամանակ պատասխանատու է մարտական առաջադրանքների հաջող կատարման, սպառազինության, ռազմական տեխնիկայի ճիշտ օգտագործման համար»:

Արթուր Մկրտչյանը զորացրվել է 2011թ.: Ծառայել է սահմանային զորամասում, այժմ վերապատրաստվում է ենթասպաների դպրոցում: Շուտով արհեստավարժ սերժանտը ծառայության կանցնի զորքերում: «Զորացրվելուց հետո վերաարժեւորել եմ ծառայությանս շատ դրվագներ, եւ այն շարունակելու ցանկություն է առաջացել: Դիմել եմ հաշվառման վայրի զինկոմիսարիատ, եւ արդեն երկու ամիս է, ինչ մասնակցում եմ սերժանտական դասընթացների: Կարեւորում եմ ջոկի սերժանտի աշխատանքը եւ կարծում եմ, որ նա պետք է նախաձեռնող լինի, ծառայության նկատմամբ սեր, զենքի եւ ռազմական տեխնիկայի նկատմամբ հոգատար վերաբերմունք «պատվաստի» ջոկի ամեն մի զինվորի մեջ, հոգ տանի ենթակաների մասին եւ տեղեկացված լինի յուրաքանչյուրի խնդիրներին, ինչը կնպաստի վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Ճշտապահությունն ու սկզբունքայնությունը շատ կարեւոր են ինձ համար, կարծում եմ՝ բնավորությանս այդ գծերի շնորհիվ ծառայությունս արդյունավետ կլինի: Նաեւ` պետք է կարողանամ ենթականերիցս յուրաքանչյուրի հետ առանձնահատուկ շփվել, քանի որ տարբեր մարդիկ են, ունեն իրենց ուրույն խառնվածքն ու հույզերը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Ազգային բանակ


11/04/2013