Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ



Ապրիլ ամսին գլխավոր ռազմական տեսչությունը համալիր ստուգումներ է անցկացնելու գնդապետ Գ. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող 89-րդ Թամանյան դիվիզիայի անվան զորամասում։ Բնականաբար, այդ կապակցությամբ ստորաբաժանումներն աշխատում, ուսումնական պարապմունքներն անցկացնում են կրկնակի եռանդով։ Նրանք ամեն օր զորամասի տարածքում և զորավարժարանում կատարելագործում են տեսական գիտելիքներն ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հմտությունները։

Կապիտան Մուշեղ Խալաթյանի վաշտը կրակային գործնական պարապմունքի էր դուրս եկել գումարտակի հրամանատար, մայոր Համլետ Խաչատրյանի ղեկավարությամբ։ Վերջինս, ներկայացնելով ուսումնական ծրագրերի կատարման ընթացքը, նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում հատկապես մարտավարությանն ու կրակային պատրաստությանը։

-Ծրագիրը կատարում ենք նախատեսված ժամանակում։ Ստուգումները ցույց են տալիս, որ զինծառայողները՝ սպաներն ու հատկապես զինվորները, ձեռք են բերել բավարար անհատական պատրաստություն և կկարողանան հաջողությամբ հանձնել քննությունները ինչպես շարայինից, ֆիզպատրաստությունից, ՀՊՊ-ից, կանոնագրքերի իմացությունից, այնպես էլ մարտավարամասնագիտական առարկաներից։ Ամենակարևորը կրակայինն ու մարտավարությունն են, որոնց արդյունքները պետք է անպայման գոհացուցիչ լինեն, այլապես դրական գնահատականի հույս չենք կարող ունենալ։ Մենք արդեն ավարտել ենք ջոկերի ներդաշնակումը և սկսում ենք աշխատել դասակների հետ։ Կրակայինից առաջին և երկրորդ ստուգողական վարժությունները շատ կարևոր են, քանի որ բացահայտում են զինվորների կարողությունները։ Դրա համար էլ այսօր դարձյալ աշխատելու ենք բարելավել հենց այդ վարժությունները՝ հատկապես երկրորդը,- պարզաբանեց մայոր Հ. Խաչատրյանը։

♦♦♦

Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո դասակ առ դասակ սկսեցինք վարժության կատարումը։ Տարբեր դիրքերից (պառկած, ընթացքից, կանգնած և ծնկած, խրամատից) հինգ թիրախների համար զինվորներին տրամադրվում է նախատեսված 25 փամփուշտը։ Կրակը ղեկավարում և կրակողներին ուղեկցում էր անձամբ վաշտի հրամանատարը։ Թիրախային համակարգը կառավարում և արդյունքները գրանցում էին ավագ լեյտենանտ Կարեն Կարապետյանը և օպերատոր, ավագ սերժանտ Վլադիմիր Վարդանյանը։ Երբ դասակներից մեկի զինվորների կեսն արդեն կրակել էր, ավագ լեյտենանտ Կ. Կարապետյանին խնդրեցինք ծանոթացնել գրանցված արդյունքները։ Գնահատականները տարբեր էին. կային և՛ բավարարներ, և՛ անբավարարներ, իսկ շարքայիններ Ալոյան Ռուստամը, Երիկյան Երվանդը և կրտսեր սերժանտ Մելիքյան Հայկը ստացել էին «լավ», կրտսեր սերժանտ Բարինյան Կարենը, սերժանտ Սարգսյան Գուրգենը և շարքային Սահակյան Նորիկը՝ «գերազանց»։

Հրաձգության իր հերթին սպասող զինվորներից մեկը շարքային Գևորգ Գալինյանն էր։ Հետը զրուցելուց զգացվեց, որ շատ հանգիստ է։ Խոստացավ, որ կխոցի բոլոր թիրախները։ Իսկ կրակից հետո, երբ միասին գնացինք արդյունքն իմանալու, պարզվեց, որ ստացել է «լավ» գնահատական։

-Ծառայությանս մնացել է 90 օր, մասնակցել եմ զորավարժությունների, պարգևատրվել եմ պատվոգրերով,- գաղտնիք հայտնելու պես, կամացուկ ասաց զինվորը։

♦♦♦

«Հրաձգությունից՝ «գերազանց»»,- գումարտակի հրամանատարը ներկայացրեց ջոկի հրամանատար սերժանտ Գևորգ Ղուկասյանին և ասաց, որ նա լավագույններից է զորամասում։ Զրույցից պարզվեց, որ Գևորգը Վանաձորից է, ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական կենսաֆիզիկայի ֆակուլտետը, որից հետո զորակոչվել է համազորային ուսումնական զորամաս, որտեղից էլ կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է այստեղ։

-Պարգևատրվել եմ «Հայոց բանակի» գերազանցիկ, «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշաններով, խրախուսվել շնորհակալագրով և թանկարժեք նվերով։

-Պարզ է, այսքան շատ պարգևներ ստանալու համար բարեխիղճ ծառայության հետ նաև պետք է լուրջ պատճառ լիներ։

-Անցած ուսումնական փուլում, երբ զորամասը զորավարժություն էր անցկացնում, դասակներից մեկի հրամանատարը հարգելի պատճառով բացակայում էր, ինձ նշանակեցին պաշտոնակատար, և դասակն առաջադրանքը հաջող կատարեց և ստացավ «գերազանց» գնահատական,- հպարտորեն ասաց սերժանտը։

Խոսեցինք նաև ջոկի մասին։

-Գնդացրորդ, շարքային Սամվել Մարկոսյանը կրակելու է իրեն հատկացված Կալաշնիկովի գնդացրով, հակատանկային նռնականետորդ, շարքային Արմեն Մուրադյանը երկրորդ ստուգողականը կկատարի Կալաշնիկովի ինքնաձիգով և նռնակներով, մյուսները՝ նույնպես ինքնաձիգով։ Վստահ եմ՝ բոլորն էլ բարձր գնահատականներ կստանան, որովհետև փորձառու զինվորներ են։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ազգային բանակ


04/04/2013