Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ



1991թ. փետրվարի 24-ին, երբ դաշնակիցների զորքերը ԱՄՆ գլխավորությամբ սկսեցին Իրաքի դեմ ցամաքային օպերացիան, Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնը բարկացած անպատվել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին` նրան անվանելով «խաբեբա» և պնդելով, որ Գորբաչովը կամ բավականաչափ ազդեցություն չունի, կամ էլ պարզապես չի ցանկանում կասեցնել ԱՄՆ նախագահ Բուշին: Այս մասին գրում է «The New York Times»-ը` վկայակոչելով 2003թ. ամերիկացիների հափշտակած իրաքյան արխիվի գաղտնազերծված փաստաթղթերը:
Մինչ պատերազմի սկսվելը Ս.Հուսեյնն իր արտաքին գործերի նախարարին գործուղել էր Մոսկվա` փորձելով ԽՍՀՄ-ի աջակցությամբ կանխել ռազմական գործողությունները: Փետրվարի 24-ի նախօրեին Հուսեյնը Գորբաչովին նամակ է ուղարկել, որում ասվում էր. «Իրավիճակը բարդանում է: Մեր ժողովուրդն ու բանակը մտահոգ են»: Իսկ փետրվարի 24-ի առավոտյան Գորբաչովը պատասխանել է, որ եթե Հուսեյնն ուզում է խուսափել պատերազմից, պետք է անհապաղ հայտարարի 9-10 օրվա ընթացքում զորքերը հետ քաշելու մասին:
Գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ Սադամ Հուսեյնը համոզված էր, որ ԱՄՆ-ը չի համարձակվի ցամաքային պատերազմ սկսել և չէր սպասում, որ Քուվեյթի նավթահանքերի հրկիզումը վրդովմունք կառաջացնի աշխարհում:

Խորագիր՝ Նորություններ, Պատմության էջերից


28/02/2011