Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ՉԱՓՈՎ



Վերջերս նշվեց գնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող Սիսական գնդի 19-րդ տարեդարձը: Զորամասը կազմավորվել է 1994 թ.-ի մարտի 4-ին: Փոխգնդապետ Վ. Մարգարյանը զորամասի հիմնադիրներից է: Հայրենասիրությունը ծնվում է հայրենագիտությունից: Իսկ զորամասի անցած տարիները արդեն պատմություն են, ուսանելի պատմություն…

Զորամասի գլխավոր հուշարձանախումբը հիացնում է իր գեղեցկությամբ: Թե ինչպես է այն ստեղծվել, խնդրեցի պատմել զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդգես Մարգարյանին.

-Զորամասի առաջին հրամանատար Հովհ. Ազոյանի նախաձեռնությամբ հիմք դրվեց հուշարձանի կառուցմանը՝ խաչ ու սուր պատկեր-քանդակով։ Այն նվիրված էր սպարապետ Վ. Սարգսյանին։ Տարիների հետ արդեն ավանդույթ էր դարձել՝ զորամասում տեղի ունեցող ամեն մի միջոցառում՝ լինի դա ներզորամասային, թե պետական, տեղի էր ունենում հուշարձանի մոտ։

2011 թվականին զորամաս ծառայության նշանակվեց զինվոր Հայկ Ղազարյանը, որի հորեղբայրը՝ Կամսար Ղազարյանը, քանդակագործ է և ապրում է Արալեզ գյուղում (Արարատի մարզ)։ (Վ. Սարգսյանի տուն-թանգարանի բակում կանգնեցված կիսանդրին նա է քանդակել)։ Կամսարի արմատներն էլ Սյունյաց աշխարհից են, նաև ազգակցական կապ ունենք։

Հայկ Ղազարյանի երդման արարողության ժամանակ, երբ քանդակագործ Կամսար Ղազարյանի հետ շրջում էինք զորամասում, նա առաջարկեց հուշարձանի կողքին տեղադրել Վ. Սարգսյանի կիսանդրին։ Երբ այդ մասին տեղեկացրի զորամասի նախկին հրամանատար Ա.Սարգսյանին, նա մեծ ոգևորությամբ հավանություն տվեց գաղափարին` նկատելով, որ լավ կլինի` Գարեգին Նժդեհի կիսանդրին էլ ավելացվի։ Կամսարի հետ գործի անցանք։ Ընտրեցինք Սիսիանի բազալտը, ուղարկեցինք քանդակագործին, նորից սալապատեցինք, պատրաստեցինք տեղանքը։ Այդ բոլոր աշխատանքները կատարեցինք այն սպաների, այն զինվորների հետ, ովքեր քարի հետ գործ էին արել, գիտեին քարի լեզուն։

Եկավ բարի լուրը՝ պատրաստ են կիսանդրիները։ Վազգեն Սարգսյանի կիսանդրին քանդակել էր Կամսար Ղազարյանը, իսկ Գարեգին Նժդեհինը՝ զինվոր Հայկի եղբայր Սևակ Ղազարյանը։ Հուշարձանի բացումը կատարեցինք 2012թ. հուլիսին։ Վ. Սարգսյանի կիսանդրու բացումը կատարեց գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, իսկ սպարապետ Գարեգին Նժդեհինը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։

Հիմա զորամասում ամեն մի միջոցառում կատարվում է այստեղ, զորամասի հուշահամալիրում։ Զորացրվողներն այստեղ հրամանատարության, սպաների հետ լուսանկարվում են։ Պարգևատրումները նույնպես այստեղ են կատարվում։ Հայոց ավանդական, ինչպես նաև անկախության հետ ծնունդ առած բոլոր տոների հիշատակումը կատարվում է այս հուշարձանի մոտ, զինվորների և ողջ անձնակազմի ներկայությամբ:

***

…Փոխգնդապետ Վարդգես Մարգարյանի ապրած կյանքը մի նոր իմաստ ստացավ 1988-ի հայոց ազգային զարթոնքի հետ։ Երբ սահմաններում սկսվեցին ընդհարումները, շատերի նման նա էլ զենք վերցրեց և ջոկատների կազմում հերթապահեց Նախիջևանի սահմաններում, որտեղ ադրբեջանցիները սկսել էին անասնագողությունը։ 1990-ից զինվորագրվեց Հատուկ գնդին, ընդգրկվեց Սիսիանի վաշտում, ապա նշանակվեց սահմանապահ ջոկատի ուղեկալի պետ։ 1994-ի հունվարի 12-ին վիրավորվեց Հորադիզում, որտեղ թեժ կռիվներ էին ընթանում։ Բուժվելուց հետո նորից շարք վերադարձավ, նշանակվեց վաշտի, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար։ 1998-ից մինչ օրս թիկունքի գծով հրամանատարի տեղակալն է։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Արցախի «Արիություն», «Մարտական հերթապահություն», «Մայրական երախտագիտություն», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։

Փոխգնդապետ Վ.Մարգարյանի աչքի առաջ է կայացել հայոց բանակը:

-Սկիզբը դժվար էր,- պատմում է նա։- Մեր զորամասի 2 վաշտեր տեղակայված էին Արևիս գյուղում։ Կորիզը ազատամարտիկներն էին։ Հիշում եմ՝ առաջին անգամ զորակոչվել էին 5 ժամկետային զինծառայողներ, հետո աստիճանաբար ավելացան։ Բանակը նոր-նոր կայանում էր, հազար ու մի խնդիր կար` կապված սննդի, հիգիենայի, կացարանների հետ։ Տղաներով պայմանավորվել էինք, ամեն մեկս տնից մի բան բերում էինք` լոբի, կաղամբ, կարտոֆիլ, երբեմն գառ էինք մորթում, որպեսզի լուծենք սննդի հարցը (շատ էինք սիրում հայոց բանակի առաջին զինվորներին)։ Հագուստը բազմազան էր, բազմատեսակ՝ շինել, բուշլատ, բատինկա, վալենկա։ Այսպես մանրամասն թվարկում եմ, որ հասկանալի լինի, թե որտեղից ուր հասանք։ Հիմա, փառք Աստծո, զորամասի ոչ մի զինվոր խնդիր չունի։ Համապատասխան կարգագրերով ժամանակին ստանում ենք ամեն ինչ՝ սնունդ, հանդերձանք։ Չկա ուշացում, որակը լավ է։ Էլ հարկ չկա կոշիկը նորոգելու, համազգեստը կարկատելու։ Հատկապես վերջին համազգեստի կտորը ամուր է, դիմացկուն։ Զորամասում 2005թ. կառուցվել է ճաշարան, բաղնիք, լվացքատուն, բուժկետ, որոնք մինչ օրս չեն նորոգվել և լավ պահպանվում են։ Կան խնդիրներ` կապված կապիտալ շինարարության հետ։ Զորամասը կառուցվել է 1963 և 1981թթ. գիշերօթիկ դպրոցի և ավտոդպրոցի տեղում: Այդ կառույցները տիպային չեն, և ժամանակի հետ առաջացել են խնդիրներ` կապված շենքերի, հարմարությունների հետ։ Անցյալ տարի պաշտպանության նախարարը այցելեց զորամաս, ծանոթացավ իրավիճակին: Այս տարի նախատեսվում են կապիտալ շինարարական աշխատանքներ։

Մարտական հենակետերում խնդիրները լուծված են՝ կացարան, վառելիք, սնունդ, ինժեներական աշխատանքներ, ճանապարհներ… Ձեռքբերումներն ահռելի են, աչքի զարնող: Հոգիս փառավորվում է, որովհետև իմ աչքի առաջ, ու նաև իմ մասնակցությամբ է ստեղծվել այդ ամենը։ Անկեղծ ասած, միայն ափսոսում եմ, որ արագ եմ տարիքս առնում։ Օր օրի ամեն ինչ փոխվում է դեպի լավը, զինվորի համար ստեղծվում են ավելի բարեկեցիկ, հարմարավետ պայմաններ։

Մեր ընտանիքը իր մասնակցությունն է ունեցել մեր անկախության, մեր բանակի կայացման գործում։ Մայրս, հարսս պատերազմի օրերին շատ են օգնել վիրավոր ազատամարտիկներին։ Եղբայրս՝ Վահագնը, նույնպես անդամագրվեց հայոց բանակին, եղավ դասակի հետախուզական վաշտի հրամանատար։ Սակայն մեր բազմանդամ ընտանիքին օգնող ձեռք էր պետք, և եղբայրս դուրս եկավ բանակից և սահմանամերձ գյուղում զբաղվում է մենատնտեսությամբ։ Օգնում է բոլորիս։ Ունի 2 տղա, մեծը շուտով կավարտի ծառայությունը, իսկ փոքրը գարնանը կզորակոչվի։

Ես էլ ունեմ երկու տղա, մեկ աղջիկ։ Աղջիկս տատի մասնագիտությունն է ընտրել՝ բուժքույր է, տղաներս դպրոց են հաճախում, դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության հարցում։ Կինս՝ Լիլիթը, աշխատում է մանկապարտեզում։ Մեր անկախության ճանապարհին ամեն մեկս պետք է քայլի իր ճանապարհով, ամեն մեկս պետք է գտնվի իր տեղում և իր ուժերի ներածին չափով սատար կանգնի մեր հայրենիքին։

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր
Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ազգային բանակ


14/03/2013