Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ



ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ողնաշարի վնասվածքները կարող են կյանքի համար վտանգավոր լինել, այդ իսկ պատճառով շատ կարևոր է համապատասխան օգնություն ցուցաբերելը։ Հաճախ վնասվածքի ճիշտ ախտորոշումը հնարավոր է միայն ռենտգեն հետազոտությունից հետո։ Եվ քանի որ չեք կարող անմիջապես գնահատել վնասվածքի ծանրությունը, միշտ պետք է ենթադրել, որ գործ ունեք լուրջ վնասվածքի հետ։

Մի շարք նշաններ կարող են հուշել ողնաշարի վնասվածքների մասին։ Դրանց լրջությունը որոշելիս ձեզ կօգնեն դեպքի վայրի զննումը և վնասվածքի պատճառը, օրինակ՝ ավտովթարը, բարձրությունից ընկնելը, ուժեղ հարվածը մեջքին և այլն։ Տուժածը կարող է պարանոցում, մեջքի շրջանում ուժեղ ցավ կամ ճնշում զգալ։ Մեջքի վրա կարող եք նկատել անսովոր այտուցվածություն, դուրս ցցված կամ փոս ընկած տեղեր։ Տուժածը վերջույթներում կարող է թմրածություն կամ ծակծկոց ունենալ։

Հնարավոր է՝ նա չզգա ձեռքերն ու ոտքերը և չկարողանա շարժել։ Տուժածի գիտակցությունը կարող է խանգարված լինել։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Եթե անգամ ողնաշարի վնասվածքի չնչին իսկ կասկած ունեք, գործեք շատ զգույշ, հնարավորինս սահմանափակեք տուժածի գլխի և ողնաշարի շարժումները։ Գլխի և ողնաշարի յուրաքանչյուր շարժում կարող է վնասել ողնուղեղը և զգալիորեն վատթարացնել տուժածի վիճակը, հանգեցնել անդառնալի հաշմանդամության, անդամալուծության։

Ուստի ողնաշարի վնասվածքների դեպքում օգնության հիմնական քայլը, որ կիրառվում է, մեկ առանցքով անշարժացման տեխնիկան է։ Մեկ առանցքով մարմինն անշարժացնելու համար երկու ձեռքով բռնեք տուժածի գլուխը կողքերից, զգուշորեն բերեք այն մարմնի հետ նույն առանցքի վրա և այս դիրքում պահեք մինչև շտապօգնության գալը։

Ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքների դեպքում անհրաժեշտ է պարանոցն անշարժացնել։ Դրա համար կիրառվում են պարանոցային բեկակալներ օձիքի տեսքով։ Կարող եք նաև ձեռքի տակ եղած միջոցներից պատրաստել «օձիք»։ Դրա համար կարելի է օգտագործել եռանկյունաձև վիրակապ կամ որևէ նման կտոր։

ԵԹԵ ՏՈՒԺԱԾԸ ՓՍԽՈՒՄ Է ԿԱՄ ԿՈՐՑՐԵԼ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ողնաշարի վնասվածքով տուժածի շնչուղիները բացելիս բարձրացրեք միայն կզակը՝ առանց գլուխը հետ տանելու, ինչը լիովին բավական է, որ օդն անցնի շնչուղիներով։ Շնչառության առկայության մասին կարելի է դատել կրծքավանդակի շարժումներով, շնչառական ձայներով։

Եթե ողնաշարի վնասվածքով տուժածը կորցրել է գիտակցությունը, անհրաժեշտ է նրան շրջել կողքի՝ շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար։ Նման դեպքերում տուժածի գլխի, պարանոցի և մեջքի շարժումները նվազագույնի հասցնելու նպատակով այդ գործողությունը պետք է կատարել առնվազն երկու հոգով։ Ընդ որում, մեկը պետք է շրջի տուժածի մարմինը, իսկ մյուսն ապահովի մեկ առանցքով անշարժացումը։

Ապահովեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը՝ ծածկելով նրան և հնարավորության դեպքում տակը որևէ ծածկոց անցկացնելով։

Ողնաշարի վնասվածքներով տուժածին չի կարելի տեղաշարժել։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, եթե մասնագիտական օգնությունը չի կարող մոտենալ տուժածին, մենակ մի տեղափոխեք տուժածին, խնդրեք մոտակայքում գտնվող մարդկանց օգնել ձեզ։ Միշտ հիշեք, որ մի քանի հոգով տեղափոխում կատարելիս պետք է նախ համոզվել, որ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն, և նախապես որոշեք, թե ով պիտի տա հրահանգները։ Սովորաբար հրահանգները տալիս է գլխի մոտ կանգնած անձը։

Ողնաշարի վնասվածքով տուժածին պետք է տեղափոխել պատգարակով կամ, եթե հնարավոր չէ, ծածկոցով։

Ծածկոցով տեղափոխելու համար անհրաժեշտ է առնվազն 4 հոգի։ Մինչև տեղափոխելը պետք է համոզված լինեք, որ ծածկոցը շատ ամուր է, ապա երկարությամբ փռեք տուժածի կողքին և նրան մոտ գտնվող եզրը փաթաթեք ծածկոցի լայնության կեսի չափով։ Բռնելով ուսից, կոնքից ու ֆիքսելով ոտքերը՝ տուժածին համաչափ թեքում եք կողքի, մյուսները ծածկոցի գալարը հնարավորինս խորը մտցնում են տուժածի մեջքի տակ։ Ցանկալի է, որ մարմնի հետ մեկ գծի վրա պահվի տուժածի գլուխն ու պարանոցը և մարմնի հետ համաչափ թեքվի։ Մեջքի վրա պառկեցնելով ծածկոցին, հրահանգի համաձայն, բոլորը միաժամանակ բարձրացնում և տեղափոխում են տուժածին։

ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
բ/ծ կապիտան

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ռազմական


07/03/2013