Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1992Թ. ՓԵՏՐՎԱՐ. ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱԼԻԲԵՅԼԻԻ, ՂՈՒՇՉՈՒԼԱՐԻ ԿՐԱԿԱԿԵՏԵՐԸ



1992 թվականի փետրվարի սկզբին շարունակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի, մասնավորապես՝ Ստեփանակերտի ռմբակոծությունը: Դիրքային մարտեր էին ընթանում Մարտակերտի շրջանի Կիչան, Սրխավենդ գյուղերի պաշտպանական բնագծերում, որոնց ընթացքում զոհվում են 4 հայեր, ևս չորսը վիրավորվում են:

Փետրվարի 10-ին ադրբեջանական ստորաբաժանումները Մալիբեյլի գյուղի կրակակետից հարձակում են սկսում Ստեփանակերտի վրա: Համառ դիմադրությունից հետո, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը կասեցնում են հակառակորդի գրոհը, անցնում հակահարձակման և հաջողությամբ վնասազերծում ադրբեջանական այդ կրակակետը: Մալիբեյլիից հետո ոչնչացվում է նաև նրա մոտակայքում գտնվող Ղուշչուլար գյուղը:

«Հանրապետության ինքնապաշտպանության ուժերը հաջողությամբ ետ են մղել Ադրբեջանի զինյալ ուժերի գրոհը Ստեփանակերտի վրա: Երեկ գիշեր ադրբեջանցիները չորս կողմից` Շուշիից, Ջանհասանից, Մալիբեյլիից եւ Խոջալուից սաստիկ հրթիռակոծել են Ստեփանակերտը: Նրանք Մալիբեյլիի տարածքից շարժվել են դեպի մայրաքաղաք եւ փորձել ներխուժել ծայրամասային շրջանները: Կատաղի կռիվներում ազատամարտիկները կարողացել են առանց կորուստների ետ մղել թշնամուն: Մայրաքաղաքը գրավելու անհաջող այս փորձի ընթացքում Ադրբեջանի զինյալ ուժերը մեծ կորուստներ են կրել»:

«Երկիր», 11 փետրվարի, 1992թ.

Ադրբեջանցիները մեծ աղմուկ են բարձրացնում գյուղերի կորստից հետո` շրջանառելով խաղաղ բնակչության շրջանում, իբր թե, եղած զոհերի վերաբերյալ տեղեկություններ: Սակայն դա նրանց հերթական քարոզչական հնարքն էր, որը հերքվում էր պաշտոնական բոլոր աղբյուրներով: Դեպքից մի քանի օր անց, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը մեկնաբանում է այս իրադարձությունները.

«Ադրբեջանական իշխանություններին ղարաբաղյան ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշտության մեջ համոզելու համար, մենք ստիպված ենք թշնամական զինյալ ուժերի դեմ ուժ կիրառել,- ասել է Լևոն Մելիք-Շահնազարյանը: Անդրադառնալով Մալիբեյլի եւ Ղուշչուլար գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողություններին` հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այդ գյուղերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կրակակետերի վնասազերծումը ստիպողական քայլ էր հանրապետության մայրաքաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու համար և հայտարարել, որ գրավված գյուղերում քաղաքացիական բնակչություն բացարձակապես չի եղել: Այնտեղից հայկական ինքնապաշտպանության ուժերն առգրավել են մեկ ծանր հրանոթ, մեկ հրթիռ արձակող սարքավորում եւ 50 հազար փամփուշտ»:

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է «ԳՐԱԴ» ԿԱՅԱՆՔԻՑ

1992թ. փետրվարի 13-ին Ադրբեջանը հերթական բարբարոսական գործողությունն է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ. Ստեփանակերտը հրթիռակոծվում է ԲՄ-21 «Գրադ» ռեակտիվ կայանքով, որի կիրառումը բնակավայրերի հրետակոծության նպատակով արգելված էր միջազգային նորմերով:

«Փետրվարի 13-ին, ցերեկը մեկ տասնյակ «Ալազան» հրթիռների հետ քաղաքի վրա ընկել է նաև Շուշիից մեկ համազարկով արձակված մեծ ավերիչ ուժ ունեցող 12 արկ: Դրանցից վեցի բեկորները տարվել են ԼՂՀ պետանվտանգության կոմիտե, որտեղ զինվորական փորձագետները հաստատել են, որ դրանք զանգվածային ոչնչացման «Գրադ» կայանքի ԲՄ-21 տիպի բեկորաֆուգասային արկեր են, որոնց գործածումը բնակավայրերի նկատմամբ արգելված է միջազգային համաձայնագրերով: Ստեփանակերտի երկու բնակչուհիներ` Ֆլորա Խաչատրյանը և Վիկտորյա Զաքարյանը, զոհվել են: Անդրանիկի պողոտայի շատ տներ ավերվել կամ վնասվել են:

«Հայաստանի Հանրապետություն», 15 փետրվարի, 1992թ.

Փետրվարի 10-ից սկսված հրետանային ուժգին հարվածների հետևանքով վնասվում են բազմաթիվ շենքեր, այդ թվում Ստեփանակերտի մանկական հիվանդանոցը, վնասվում են բժշկական թանկարժեք սարքավորումներ: Հիվանդանոցն աշխատում էր հիմնականում որպես ռազմական հիվանդանոց, որտեղ բուժվում էին վիրավոր մանուկները:

ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռազմական գործողությունների կտրուկ աճի և Ադրբեջանի կողմից նախկին խորհրդային սպառազինության օգտագործման առնչությամբ ԼՂ Հանրապետության նախարարների խորհուրդը հանդես է գալիս հայտարարությամբ: Այնտեղ նշվում էր, որ 1992թ. առաջին մեկուկես ամիսների ընթացքում Ադրբեջանում 23 հարձակում է կատարվել զորամասերի, 15 հարձակում զինծառայողների վրա, զոհվել է 3 մարդ: Փետրվարի 13-ին հակաօդային պաշտպանության ստորաբաժանման վրա կատարված հարձակման հետեւանքով զավթվել է 2 մարտական ուղղաթիռ՝ 2805 արկ մարտական կոմպլեկտով, որոնցից 457-ը ՆՈՒՐՍ-5 արկեր:

«Ակներև է, որ արդիական զենքը տանկերի, զրահամեքենաների, «Գրադ» տիպի կայանքների հետ կօգտագործվի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, որոնք արդեն որերորդ տարին է՝ պաշտպանում են իրենց նախնիների հողի վրա ապրելու իրավունքը: Փետրվարի 13-ին ադրբեջանական կողմն առաջին անգամ օգտագործեց «Գրադ» կայանք` գնդակոծելով Շահումյան շրջկենտրոնը, որի հետևանքով զոհվեց շրջկենտրոնի 5 բնակիչ, այդ թվում կրծքի երեխա, վիրավորվեցին ավելի քան 15 բնակիչներ: Զենքի, մարտական տեխնիկայի ու զինամթերքի բռնի գրավման գործելակերպը փաստորեն նշանակում է, որ Ադրբեջանական Հանրապետության ղեկավարությունը հրաժարվում է Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում բանակցություններ վարել ռազմական հարցերի շուրջ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհուրդը դիմում է ԱՊՀ-ի պետությունների, նախ և առաջ Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին` հաստատակամորեն պահանջելով օգտագործել իրենց ողջ ազդեցությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել, կասեցնելու Ադրբեջանի կողմից զանգվածային խոցման զենքի զավթման փաստերը:

«Հայաստանի Հանրապետություն», 15 փետրվարի, 1992թ.

Պատրաստեց ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Պատմության էջերից


21/02/2013