Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Երեւանի պետական բժշկական համալսարանի դահլիճում փետրվարի քսաներեքին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտոր Գոհար Քյալյանը, դասախոսներ, զինվորականներ, ուսանողներ հավաքվել էին դիտելու Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը:
Նախքան ֆիլմի դիտումը նախարարը նշեց` ոչ միայն Բժշկական համալսարանում, այլեւ հանրապետության մյուս ուսումնական հաստատություններում այս օրերին զինված ուժերի ղեկավար կազմը հանդիպումներ է ունենում. «Հայկական բանակի տասնիններորդ տարեդարձի հանդիսավոր նշման շրջանակներում ներկայացնում ենք բանակի անցած ճանապարհը, այն բարեփոխումները, որ իրականացվում են երկրի անվտանգությունը ավելի լիարժեք դարձնելու համար»:
Նախարարը մեդալներ, պատվոգրեր եւ նվերներ հանձնեց ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին, դասախոսներին: Բժշկական համալսարանի ռեկտորն էլ նախարարին հանձնեց համալսարանի ոսկե մեդալը:
ֆիլմը, որը ցուցադրվեց մեծ էկրանին, Ղարաբաղյան պատերազմի խրամատներից արված հազվագյուտ արխիվային նկարահանումների համակցում է փրկվածների մարդկային-հուզիչ պատմությունների հետ: Ֆիլմի ռեժիսորը մարտադաշտից նորություններ էր հաղորդում ամերիկյան CBS News-ին, բայց երբ հասկացավ` պատերազմն ինչ է, հասկացավ նաեւ, որ նորությունները շատ մակերեսային են, եւ շատ սուտ կա դրանց մեջ։ Վ. Հովհաննիսյանը մասնակցել է պատերազմին եւ նկարահանված շատ նյութեր ունի, սակայն ֆիլմի համար ընտրել է հինգ օրերի խրոնիկան. «Որովհետեւ մառախուղ է, թշնամուն չես տեսնում, բայց նա կա, եւ ավելին, մենք այդ նկարահանման ամբողջ ընթացքում համարյա շրջափակման մեջ ենք եղել։ Հետո այդ հինգ օրվա ընթացքում մեր տղաների երեսուն տոկոսին կորցրինք։ Պատերազմի վերջն էր, ռոմանտիկա էլ չկար, բոլորն արդեն հոգնած էին ու այնքան հոգնած, որ հույս էլ համարյա չկար։ Դաշտավայրային մարտ չէր, ճնշման տակ շատ դժվար էր դիմանալ: Պատերազմի սկզբում ես ջահել էի ու լավ չէի հասկանում՝ շուրջս կատարվող ահարկու դեպքերի չդադարող շղթայում որն է ամենակարեւորը` պայթող ռումբե՞րը, վառվող տանկե՞րը։ Բայց դա ոչ մեկին պետք չի։ Ամենակարեւորը մարդու հոգու մեջ էր կատարվում` վախը, հերոսությունը, սերը։ Այդ հհինգ օրերի ընթացքում մենք հասկացանք, թե ինչ է վերջը։ Ես գերի եմ ընկել ու գիտեմ` ինչ է վերջը, երբ ամեն րոպեն կարող է քեզ համար վերջինը լինել։ Այդ հազվագյուտ րոպեներին մարդիկ հիշում են միայն ամենակարեւորի մասին` երեխաների, ընտանիքի, որովհետեւ քաոսի մեջ դա է միակ հույսը»:
Պատերազմից հետո ռեժիսորը որոշել էր չանդրադառնալ պատերազմին, սակայն տարիներ անց, երբ ամուսնացավ, երեխաները ծնվեցին, որդին հարցրեց` ի՞նչ է պատերազմը։ Այս հարցադրումով էլ սկսվում է ֆիլմը. «Այդ հարցը ես երբեք ինձ չէի տվել պատերազմից հետո… Տղայիս հարցը մնաց անպատասխան, քանի որ ինքս էլ չգիտեի՝ ինչ է պատերազմը: Եվ որոշեցի վերադառնալ անցյալ եւ այնտեղ փնտրել»,- ֆիլմում ասում է ռեժիսոր, նույն ինքը՝ ֆիլմի հերոս Վարդան Հովհաննիսյանը: Նա որոշում է գտնել այն մարդկանց, որոնց հետ պատերազմում է եղել։ Մտածում է` միասին կփորձեն պատասխաններ գտնել։ Վախով եւ սպասումով լցված` ռեժիսորը տասներկու տարի անց սկսում է փնտրել իր ընկերներին. «Չգիտեի՝ ո՞ղջ են, թե՞…»,- նշում է Վ. Հովհաննիսյանը: Նա պատմում է, թե հույս ուներ ընկերներին գտնել «հերոսի» կոչման արժանացած եւ խաղաղ կյանքով ապրելիս, սակայն սպասելիքները չարդարացան: Նրանց ներկայիս կյանքը դժվարին է, ասես այդ նրանք չէին պատերազմում հաղթողները: Ընկերներից մեկին գտավ միայնակ` ընտանիքից բաժանված, մյուսին՝ ճաղերի ետեւում, հաջորդին՝ հոգեբուժարանում, եւ բոլորն էլ՝ լքված ու մոռացված «հերոսների» կարգավիճակում: Էկրանին տեսնում ենք Ֆելոյին, Ճուտին, Արմենակին եւ բուժքույր Անահիտին, որ ներկա էր ֆիլմի դիտմանը:
Հանդիսատեսը էկրանին կատարվող իրադարձությունների, այս կամ այն հերոսի ճակատագրի անմիջական մասնակիցն էր դարձել` վերապրելով ֆիլմում կատարվող ամեն իրադարձություն: Ավարտը հուսադրող է. երկու հերոսների կյանքում կատարվում են փոփոխություններ. հոգեբուժարանում հայտնված ազատամրտիկը ապաքինվել է եւ ընկերների հետ բնության գրկում նշում է իր վերադարձը, մյուս հերոսը` Ճուտը, բանտից է ազատվել, եւ կնոջը տանում է ծննդատուն, որտեղ էլ ծնվում է նրա երկրորդ որդին, որին անվանակոչում է զոհված ընկերոջ անունով:
Ֆիլմը ավարտվում է, դահլիճը հոտնկայս ծափահարում է, եւ ռեժիսորը բեմ է դուրս գալիս իր կերտած հերոսներից մեկի` Անահիտի հետ, որ մինչ օրս էլ զինվորական է: Նա հորդորեց ապագա բժիշկներին չխուսափել հայրենիքի հեռավոր վայրերում ծառայելուց եւ պատրաստ լինել հարկ եղած դեպքում առաջնագծում փրկել հայրենիքի պաշտպանի կյանքը:
Իր հերթին ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ հույս ունի՝ իր 12 տարեկան որդին էլ կհասկանա՝ պատերազմին պետք է պատրաստ լինել, որ այն ամեն րոպե կարող է իր դուռը թակել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ոմանց համար ցուցադրվածը լոկ ֆիլմ է, իսկ իր եւ այն մարդկանց համար, ովքեր կերտել են հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, իրական անցած ճանապարհ է. «Ֆիլմը մեզ հնարավորություն տվեց եւս մեկ անգամ տեսնելու մեր մարտական ընկերներին, տեսնելու, թե ինչպես ենք մեզ պարտադրված պատրեազմում հաղթանակներ կռել, որոնց շնորհիվ մեր ժողովրդը խաղաղ ապրում եւ արարում է»:
Ֆիլմն նկարահանվել էր BBC-I, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համատեղ` Վ. Հովհաննիսյանի ղեկավարած «Bars Media» ստուդիայում: Այն միջազգային շուրջ 40 փառատոների մասնակից է և 15 մրցանակների դափնեկիր:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


24/02/2011