Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ



Հիշողությունները երբեմն ննջում են, հոգու խորքում քուն մտնում, սակայն միշտ պատրաստ են արթնացումի։ Կապիտան Սերոբ Բազիկյանի հետ հանդիպումը մանկության անմոռաց հիշողություններ արթնացրեց։ Սերոբի հայրը՝ Նշանը, մեր դասարանից էր՝ հաղթանդամ, քաջակորով ու հաղթ բազկով։ Մենք նրան Տորք Անգեղ էինք ասում։ Եվ ինչպես բնորոշ է հսկաներին՝ անչափ բարի էր, միամիտ ու ազնիվ։ Ու արդեն տարիների հետ մենք նրան բնութագրում էինք որպես Բարի հսկա։ Երասխում, երբ սկսվել էին ընդհարումները, գյուղի տղաների հետ այնտեղ էր։ Սկզբում, երբ դեռ զենք-զինամթերք չկար, մեկ էլ Նշանը կանգնում էր հասակով մեկ ու խոյանում դեպի թշնամին։ Իսկը էպոսից իջած հերոս. «Ախր էդ ո՞վ են, է, ես դրանց հիմա կասեմ։ Թե տղամարդ են, թող դուրս գան կռվի»։ Այս տոհմի պատմության հերոսական էջերը գալիս էին վաղնջական ժամանակներից, Շատախի բարձրաբերձ լեռներից, որտեղից էլ Մեծ եղեռնին գաղթել էր Գրիգոր մեծ պապը։ Նշանի Հայկազ հայրը գյուղի անասնապահական ֆերմայի վարիչն էր։ Խորհրդային տարիներին ադրբեջանցի խաշնարածները, երբ սովորության համաձայն հոտերով անցնում էին գյուղի տարածքը, նա այնպիսի դաս տվեց քոչվորներին, որ էլ չփորձեցին անցնել սահմանը։ Հիմա էլ գյուղի յայլայում կա Հայկազ պապի կառուցած Հովիվների աղբյուրը, որտեղ գյուղի երիտասարդները ամեն անգամ հացի նստելիս զարմանքով նայում են բնական քարե նստարաններին ու հսկա սալքարե սեղանին, որը միայնակ ձորից հանել-տեղադրել է Հայկազ պապը։

Այսպիսի հիշողություններ ծնվեցին երիտասարդ կապիտանի հետ հանդիպումից։

-Զինվորական դառնալու որոշումը դո՞ւ ես կայացրել,- հարցնում եմ։

-Երբ արդեն պետք է ավարտեի միջնակարգը, հայրս կանչեց ինձ ու եղբորս՝ Անդրանիկին, ու ասաց. «Անդրանի՛կ, Սերո՛բ, դուք լավ գիտեք, թե ովքեր են եղել ձեր մեծ անվանակիցները, ինչու եմ ձեզ անվանակոչել այդ անուններով։ Եթե ոչ երկուսդ, ապա մեկնումեկդ պետք է դառնա զինվորական։ Մենք արդեն բանակ ունենք, պետություն։ Ես լավ գիտեմ բանակի դերը, ազատագրական պայքարի օրերին տեսել եմ մասնագետ զինվորականների փորձի ու հմտության կարևորությունը։ Այնպես որ՝ որոշեք»,- պատմում է Սերոբը, ապա շարունակում,- հայրս առողջական խնդիրներ ուներ, ու երկու եղբայր որոշեցինք, որ Անդրանիկը մնա, օգնի տան գործերում, իսկ ես գործերս հանձնեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

Ավարտելով ՌԻ-ը, լեյտենանտ Ս. Բազիկյանը նշանակվում է զորամասի տանկային դասակի հրամանատար։ 2009 թվականից նույն զորամասում տանկային վաշտի հրամանատար է։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ 2009-ին օպերատիվ մարտավարական զորավարժության ժամանակ մարտական խնդիրների հաջող կատարման համար պարգևատրվել է թանկարժեք նվերով, իսկ 2011թ. բանակի 19-րդ տարեդարձի առթիվ կապիտան Սերոբ Բազիկյանի վաշտը իր կարգապահության և մարտական պատրաստության արդյունքներով ընդգրկվել է մարտկոցի, դիվիզիոնի, վաշտի, գումարտակի մրցույթի հաղթողների կազմում։

-Զգալի հաջողություններ են, որոնք հարստացնում են ձեր տոհմի պատմությունը։ Կպատմե՞ս, թե ինչպես արժանացար «Մարտական ծառայության» մեդալին,- հարցնում եմ։

-2011-ին, երբ տանկային զորավարժարանում քննություն էինք հանձնում կրակայինից, մեքենավարումից, կարողացանք մեկուսացնել «ադրբեջանցի դիվերսանտին»։ Անկեղծ ասած` ինձ համար աննկարագրելի էր այն պահը, երբ ստացա այս պարգևը։ Այն ստանալուց հետո անմիջապես գյուղ մեկնեցի, հայրս ծանր վիճակում էր։ Եվ երբեք չեմ մոռանա այն հպարտությունը, ծնողի այն երջանկությունը, որը կարդացի հորս դեմքին։ Ընդհանրապես, երբ ծառայության ընթացքում որևէ հաջողության եմ հասնում, ավելի վստահ, ավելի կարոտով եմ ոտք դնում իմ ծննդավայր, Նախիջևանի սահմանագծից Ուրցի լեռներով բաժանված իմ գյուղը։ Գյուղ եմ մտնում ու գիտեմ, որ իմ ծննդավայրի մարդիկ ավելի են հպարտանում, ուրախանում այդ հաջողություններով։ Ամեն ոք առաջին հերթին պետք է պատվով և արժանապատվորեն ոտք դնի իր ծննդավայր։ Անդրանիկ եղբայրս իր որդուն անվանակոչել է հայրիկիս անունով՝ Նշան։ Ես իմ առաջնեկին՝ մայրիկիս անունով՝ Իզաբելլա։ Եղբորս տղան չնայած իր փոքր տարիքին մեկ սարերում է, մեկ գյուղամիջում, որտեղ մտնում է գյուղապետի՝ հորեղբորս աշխատասենյակը ու հարցնում. «Ի՞նչ կա, Կարո պապի, ո՞նց են գյուղի գործերը։ Հենց մեծանամ՝ ես, էլ եմ զինվոր դառնալու…»:

-Նոր ուսումնական փուլը սկսվել է, նոր հաջողություններ, ձեռքբերումներ եմ մաղթում Ձեզ։

-Զորամասի հրամանատարը խստապահանջ է, մշտական ուշադրության կենտրոնում է պահում ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքները, զինծառայողների ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ կենցաղային պայմանները։ Նոր խնդիրներ, նոր առաջադրանքներ, որոնց կատարման համար վաշտի զինծառայողները պատրաստ են։ Իսկ հաջողությունների հիմնական գրավականը սպայական առողջ կոլեկտիվն է, այդ թվում` դասակի հրամանատար լեյտենանտներ Տիգրան Սահակյանը, Խաչատուր Հակոբյանը, տանկի հրամանատարներ, սերժանտներ Մհեր Հովհաննիսյանը, Մնացական Խչոյանը, կրտսեր սերժանտ Հովհաննես Չալիկյանը, շարքայիններ, մեխանիկ-վարորդներ Գրիմիկ Միքայելյանը, Արարատ Մուրադյանը, նշանառու-օպերատորներ Էդիկ Գրիգորյանը, Նորիկ Գևորգյանը… Անունների թվարկումը կարելի է շարունակել: Հավաստիացնում եմ հրամանատարությանը և վստահ եմ` ակնկալվող արդյունքին հասնելո՛ւ ենք։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Ազգային բանակ


14/02/2013