Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԾ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Վերջին տասնամյակում կտրուկ ավելացել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում մարտական գործողությունների, այդ տարիներին հայ և ասորի գաղթականության վիճակի, հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրք և ադրբեջանցի պատմաբանների ուսումնասիրությունները: Ինքնին հասկանալի է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրում է միտումնավոր խեղաթյուրման և նույնիսկ շատ հայտնի պատմական փաստերի ակնհայտ կեղծման բնույթ: Բանն այն է, որ մոտենում են երկու նշանավոր պատմական տարեդարձներ, որոնք նշվելու են գրեթե բոլոր պետություններում` Առաջին համաշխարհային պատերազմի (2014 թ.) և հայերի ցեղասպանության (2015 թ.) 100-ամյակները: Ակնհայտ է, որ պատմաբաններն ու քաղաքագետները պարտադիր անդրադառնալու են այդ իրադարձություններին: Դրանից անհանգստացած թուրք բարձրաստիճան պաշտոնյաները դիմում են զանազան քայլերի, որպեսզի շեղեն համաշխարհային հասարակության ուշադրությունը այդ երկու կարևոր հիմնահարցերից:

Հակաթուրքական քարոզչության թափը նվազեցնելու նպատակով թուրքական կողմը դիմում է հետևյալ քայլին` իր համալսարաններում դասավանդելու նպատակով արտասահմանից հրավիրում է եվրոպացի մասնագետների, որոնք կարճ ժամանակ անց «մոռանալով» մինչ այդ իրենց հեղինակած ուսումնասիրությունները, սկսում են ներկայացնել թուրքական տեսակետը հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ահա նրանցից մեկը՝ բրիտանացի պատմաբան Նորման Սթոունը (ծնվել է 1941 թ. մարտի 8-ին, Շոտլանդիայում, Մեծ Բրիտանիա), որ Օքսֆորդի համալսարանում զբաղեցրել է ժամանակակից պատմության պրոֆեսորի պաշտոնը, ապա դասավանդել է Քեմբրիջի համալսարանում: Նա 1980-ական թթ. հանդիսացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի (1979-1990 թթ.) խորհրդականը:

1997 թվականից սկսած՝ պրոֆեսոր Նորման Սթոունը դասավանդում է Անկարայի Բիլքենդի համալսարանում, որն առաջին մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է Թուրքիայում: Նա երկար ժամանակ գլխավորել է համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնը և ռուս-թուրքական հետազոտությունների կենտրոնը, որտեղ աշխատում են ևս երեք բրիտանացի պատմաբաններ: 2005 թ. պրոֆեսորը տեղափոխվել է Ստամբուլում գտնվող Քոչայի համալսարան: Նա պատկանում է այն սակավաթիվ եվրոպացի և ամերիկացի պատմաբանների թվին, ովքեր ժխտում են հայերի ցեղասպանության փաստը, ինչը Ն. Սթոունը համարում է «հայ ազգայնականների տեսակետ»:

Հավատարիմ իր նոր աշխատատեղում ընդունված «վարդապետությանը»՝ պ-ն պրոֆեսորն իր ուսումնասիրությունները հարմարեցնում է թուրքական պաշտոնական տեսակետներին, այն է` առանց աչքը թարթելու կեղծում է ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության բացահայտ փաստերն ու առանցքային հիմնախնդիրները: 2007թ. նա անգլերեն հրատարակում է «Առաջին համաշխարհային պատերազմ. համառոտ պատմություն» գիրքը, որը երեք տարի անց` 2010 թվականին, թարգմանվում և հրատարակվում է ռուսերեն, երկու հազար տպաքանակով՝ գրավելով ռուս պատմաբանների ուշադրությունը վերը նշված պատճառներով:

Գրքի առաջաբանում պրոֆեսորը շնորհակալություն է հայտնում Բիլքենդի համալսարանի ռեկտորին իրեն դասախոսելու հրավիրելու և սրտալից ընդունելության համար՝ հանձին նրա շնորհակալություն հայտնելով նաև ողջ թուրք ժողովրդին: Կարծում ենք, որ Ն. Սթոունը պետք է տեղյակ լինի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության անդամներից մեկի՝ ֆելդմարշալ Կոլմար ֆոն դեր Գոլցի ճակատագրին: Վերջինս, ծանր հիվանդ լինելով տիֆով, մոռացության էր մատնվել, եւ ինչպես վկայում է օսմանյան բանակում ծառայության անցած ազգությամբ վենեսուելացի, գերմանական զինուժի կապիտան, իսկ հետագայում գեներալ Ռաֆայել դե Նոգալեսը, մահացել էր ոչ այնքան հիվանդության, որքան սովի պատճառով: Հիվանդ ֆելդմարշալին թուրքերը նույնիսկ կերակուր չէին տվել: Այնպես որ՝ 70-նն անց պրոֆեսորը պետք է աչքի առաջ ունենա Կ. ֆոն դեր Գոլցի աննախանձելի ճակատագիրը, որին ինքը այնպես մեծարանքով հիշատակում է:

Մոսկվայում հրատարակվող «ՀցրրՍՌռ հոՏՐվՌՍ»-ում (2012 թ. թիվ 11-րդ համարում), որը տպագրում է Ռուսաստանի պատմության վերաբերյալ հետազոտություններ, անդրադարձել է պրոֆեսորի «Համառոտ պատմությանը»: Գիրքը գրախոսել է պատմաբան Օլեգ Ռուդոլֆի Հայրապետովը: Նա Մոսկվայի պետական համալսարանի դասախոս է, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ: Օ. Հայրապետովը 100-ից ավելի հրապարակումների հեղինակ է, որոնք տպագրվել են նաև անգլերեն, սերբերեն, լեհերեն և ճապոներեն: 2005 թ. նա հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության խորհրդական:

«Հայ զինվորի» ընթերցողին մասնակի կրճատումներով կներկայացնենք Օլեգ Հայրապետովի գրախոսականը` որոշակի պարզաբանումների միջոցով հիմնականում կանգ առնելով մեր պատմությանը վերաբերող կեղծարարությունների բացահայտման վրա: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հոդվածը մասնագիտական է, և մի շարք փաստեր ու երևույթներ ամբողջությամբ չեն լուսաբանված, քանի որ դրանք արդեն իսկ հայտնի են պատմաբաններին և քաղաքագետներին: Հեղինակային միջամտությունները կամ պարզաբանումները կարվեն փակագծերում:

Ցանկանում ենք ավելացնել, որ առաջին անգամ ենք հանդիպում գրախոսականի, որում առաջին իսկ նախադասությամբ, առանց որևէ կեղծավորության, բացասական կարծիք է հայտնվում ուսումնասիրության մասին: Ընթերցելով գրախոսականը, ակամա եզրակացնում ես, որ 71-ամյա թուրք-բրիտանացի գիտնականը` Ն. Սթոունը, ներկայացրել է ուսանողի իր մագիստրոսական թեզը, որն արժանացել է իրեն քննող 50-ամյա դասախոսի` Օ. Հայրապետովի խիստ և անաչառ քննադատությանը: Կարծում ենք՝ պ-ն պրոֆեսորը ցանկանում է իր համար ապահովել «երջանիկ և ապահով ծերություն», որը հարիր չէ իսկական գիտնականին:

Օ. Հայրապետովի գրախոսականը կարդացեք հաջորդ համարում։

Պատրաստեց ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


14/02/2013