Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՖՐԱՈՒ ՕԼԳԱ



«Կանայք առանձնահատուկ ուժեղ են, երբ զինված են թուլությամբ»։

Իվան ԲՈՒՆԻՆ

«Կնոջ փոքր թերությունները նրան ազդեցության հզոր լծակներ են տալիս մարդկային փոխհարաբերությունների ոլորտում»։

Գալինա ՖՅՈԴՈՐՈՎԱ, անլեգալ հետախույզ

«Բարդ իրավիճակներում կանայք հաճախ ավելի վճռական են և հատուկ հանձնարարություններ կատարելիս ավելի քիչ են ենթակա երկբայության և արածի համար խղճի խայթի, քան տղամարդիկ»։

Ստելլա ՌԵՄԻՆԳՏՈՆ, 1991-96թթ. «Մի-5»-ի գլխավոր տնօրեն

«Գաղտնիքը, որը չի կարող կորզել կինը, չի կորզի ոչ ոք»։

Ֆրանսիական ասացվածք

«Հետախուզական գործունեության արդյունքի 75%-ը պատկանում է կնոջը»։

Գևորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Խորհրդային Միության հերոս

1945թ. նոյեմբերի 14-ին «Դեր Կուրիեր» թերթում տպագրվեց «Շքանշան Օլգա Չեխովային» հոդվածը, որում ասվում էր. «Տարիներ շարունակ նա իր վտանգավոր խաղն էր վարում՝ չբացահայտվելով գեստապոյի կողմից։ Միայն վերջին օրերին, երբ Կարմիր բանակը կռվում էր Բեռլինի մատույցներում, ձերբակալվում է նրա վարորդը, իսկ ինքը կարողանում է ձերբակալությունից խուսափել»։ Տեղեկությունները, որ Չեխովան հետախույզ էր, բացի այդ թերթից, կան նաև այլ իրազեկ աղբյուրներում, այդ թվում Վ. Ֆրիշաուերի՝ անգլիական «people» ամսագրում տպագրված հոդվածը։ Արևմտյան մամուլում նրան անվանում էին «ռուս լրտեսուհի, որն իրեն ենթարկեց Հիտլերին», «նացիստական ռայխի թագուհի»։

Ո՞վ եք դուք, ֆրաու Օլգա։ 1990-ականներին Կիևում գործուղման լինելով՝ տողերիս հեղինակին հաջողվեց հանդիպել «Կոմետա» ԳՀԻ գիտական ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր Սերգո Լավրենտիի Բերիայի հետ, որը մեր զրույցի ընթացքում պատասխանելով հարցերիցս մեկին, ասաց բառացիորեն հետևյալը. «Ես ոչ մի կասկած չունեմ, որ դերասանուհի Օլգա Չեխովան բարձրագույն կարգի խորհրդային անլեգալ հետախույզ էր։ Նա չափազանց շատ բան գիտեր այն մասին, թե ինչ է կատարվում Ֆյուրերի շրջապատում։ Ստալինի սեղանին տարիներ շարունակ պարբերաբար դրվում էին տեղեկություններ, որոնք ստորագրված էին կանացի չքնաղ անունով՝ «Մերիլին» (այդպես էին կոչում հեռավոր անցյալի գուշակներից մեկին). դրա տակ քողարկվում էր թատրոնի և կինոյի դերասանուհին։ Օլգա Չեխովան այն հետախույզներից էր, որը 1941թ. հունիսի 12-ի շտապ հաղորդագրության մեջ ճշգրիտ հաղորդել է Գերմանիայի հարձակման ամսաթիվն ու ժամը»…:

Օլգա Չեխովայի մասին գրել է նաև գեներալ-լեյտենանտ Պավել Անատոլիի Սուդոպլատովը իր «Հետախուզությունն ու Կրեմլը» գրքում, նրան անվանելով «Բերիայի և Ստալինի գերգաղտնի գործակալներից մեկը»։ Նախկին հետախույզ, արտաքին հետախուզության գերմանական բաժնի պետ, գնդապետ Զոյա Իվանովնա Վոսկրեսենսկայան իր «Կեղծանունը՝ Իրինա» գրքում հայտնում է պատմական այդ սենսացիան. «Այսօր մի բան պարզ է. նացիստական ռայխի թագուհի Օլգա Չեխովան նրանց թվում էր, ովքեր անտեսանելի ճակատում արիաբար պայքարում էին Ֆաշիզմի դեմ»:

Ավելի քան 20 տարի շարունակ Բեռլինից Մոսկվա տեղեկություններ էին ստացվում թատրոնի և կինոյի դերասանուհի (որը նկարահանվել է ավելի քան 145 կինոնկարներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում, Բալկաններում և Հոլիվուդում), Ռազմավարական հետախուզության հատուկ ծառայության (Ստալինի անձնական հատուկ ծառայության) անլեգալ հետախույզ (1922-1945թթ.), ոչ երկրային գեղեցկության, վառ տաղանդի և անսովոր ճակատագրի տեր կին, Մեծ հաղթանակի գործում աննախադեպ ներդրում ունեցած Օլգա Կոնստանտինովնա Չեխովայից (Կնիպպեր)՝ ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովի զարմիկի կնոջից։ ՌՍՖՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին կից պետական քաղաքական վարչության արտասահմանյան բաժնի աշխատակիցները վերջինիս հետ առաջին շփումը հաստատել են Ռուսաստանում գտնվող նրա ընտանիքի անդամների միջոցով։ Օլգա Չեխովայի և Մոսկվայի միջև կապը պահպանվում էր Բեռլինում և մերձակայքում գործող երեք անկախ ռադիոկայանների միջոցով։ Համեմատության համար նշենք, որ գլխավոր հետախուզական վարչության հզորագույն՝ լեգենդար Ռիխարդ Զորգեի անլեգալ ռեզիդենտուրան, որն ուներ տեղեկույթի ավելի քան 100 աղբյուր, սպասարկվում էր ընդամենը մեկ ռադիոկայանով։ Չեխովայի տրամադրության տակ մշտապես երեք անկախ ռադիոկայանների առկայությունը զարմանալի չէ, քանի որ ռազմավարական կարևոր տեղեկության նրա սկզբնաղբյուրներն էին Երրորդ ռայխի պարագլուխները՝ Հիտլերը, Հեսսը, Գեբելսը, Կեյտելը, Շպեերը և մյուսները, ինչպես նաև նրանց կանայք ու սիրուհիները, որոնց հետ նա ընկերական սերտ կապերի մեջ էր։

Օլգա Կոնստանտինովնա Կնիպպեր-Չեխովան ծնվել է 1897թ. ապրիլի 14(26)-ին Էրիվանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում (ներկայումս Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի)։ Ծնողները ռուսացած զտարյուն գերմանացիներ էին։ Նրա կյանքի առաջին տարիներն անցել են Ալեքսանդրապոլում։ Հոր՝ ճարտարագետ-ճանապարհաշինարար Կոնստանտին Լեոնարդովիչ Կնիպպերի ընտանիքը Ռուսաստան էր եկել 19-րդ դարի սկզբին, Վեստֆալիայից։ Կովկասում թունելներ կառուցող ճարտարագետ Կոնստանտին Կնիպպերը երեք երեխա ուներ՝ Ադան, Օլգան ու Լևը։

Միջնեկ դուստրը, որն առանձնանում էր հազվագյուտ գեղեցկությամբ ու խելքով, հետաքրքրվում էր թատրոնով, երազում էր դերասանուհի դառնալ և ուշադրություն էր գրավում իր վառ արտաքինով, բարեկազմությամբ, ինքնատիրապետումով, կամային որակներով։

Երբ հայրը ստանում է հարավային երկաթուղու տեսուչի պաշտոնը, ընտանիքը տեղափոխվում է Ցարսկոյե Սելո։ Ծնողների ծանոթության շրջապատը շատ լայն էր. Ա. Պ. Չեխովից ու նրա կին Օլգա Լեոնարդովնայից մինչև արքայի մերձավորներն ու մեծ իշխանները, որոնց հետ փոքրիկ Օլգան բախտ է ունենում խաղալու Ցարսկոյե Սելոյի պուրակներում։ Երբ լրանում է Օլգայի 16-ամյակը, ծնողները կապուտաչյա գեղեցկուհուն ուղարկում են Մոսկվա՝ սիրելի հորաքրոջ՝ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովայի մոտ, որն էլ զարմուհուն տեղավորում է գեղարվեստական թատրոնին կից ստուդիայում, որտեղ ինքն էլ արդեն մի քանի տարի էր, ինչ խաղում էր։ Օլգայի համար ուսումնառությունն արագ է ավարտվում. 17-ամյա գեղեցկուհին սիրահարվում է Միխայիլ Չեխովին, որը համարվում էր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ծագող աստղ, և 1915թ. գաղտնի ամուսնանում է հետը։ Մեկուկես տարի անց ծնվում է նրանց դուստրը՝ Ադան։ Իսկ երկու տարի անց Օլգա Կոնստանտինովնան ու Միխայիլ Ալեքսանդրովիչը բաժանվում են։ 1921թ. հունվարին Օլգա Լեոնարդովնա Կնիպպերին հաջողվում է ժողկոմ Լունաչարսկուց թույլտվություն ստանալ զարմուհու՝ Գերմանիայում կինեմատոգրաֆիական կրթություն ստանալու համար, որտեղից նա չի վերադառնում։ 1922թ. Օլգա Չեխովան առաջին անգամ նկարահանվում է գերմանական «Ֆոգելեդ ամրոցը» ֆիլմում։ 1920-ականներին նա նկարահանվում է ավելի քան 40 ֆիլմերում։

Փայլուն խաղալով տասնյակ դերեր՝ 1930-ականների սկզբին Օլգան դառնում է գերմանական կինոյի իսկական աստղ, 1930թ. ստանում է Գերմանիայի քաղաքացիություն, ինչպես նաեւ՝ ԽՍՀՄ-ից մորը, դստերը ու քրոջը հրավիրելու թույլտվություն, իսկ 1936թ. Հիտլերը նրան է շնորհում հատուկ այդ նպատակով հիմնված` «Երրորդ ռայխի պետական արտիստուհի» կոչումը:

Օլգա Չեխովան Հիտլերի և ամբողջ Գերմանիայի սիրելին էր` Երրորդ ռայխի առաջնորդներից մինչև շարքային զինվորը: Եվա Բրաունը (Հիտլերի կինը) և Օլգա Չեխովան միասին մասնակցում էին պրեմիերաների, կազմակերպում հացկերույթներ և կանացի փոքրիկ գաղտնիքներ փոխանակում: Ֆյուրերն անձամբ էր Օլգա Կոնստանտինովնային հրավիրում պետական բոլոր հանդիսություններին, ընդ որում՝ նրան միշտ նստեցնում էր իր կողքը` ձախից: Հենց Օլգա Չեխովան և ոչ թե Եվա Բրաունն էր Հիտլերին ուղեկցում նրա բարձրաշխարհիկ շրջագայությունների ընթացքում: Բնականաբար, Ստալինը համարյա օր առ օր տեղյակ էր, թե ինչով են զբաղվում Հիտլերը և նրա շրջապատը:

Բացի դրանից, Օլգա Չեխովայի ինֆորմատորներն էին վերմախտի ավագ սպաներ Ալբերտ ֆոն Քվիրինհայմը, Վերներ ֆոն Հեֆթենը և Էբերհարդ Ֆինկը, որոնց Չեխովան հավաքագրել էր դեռ այն ժամանակ, երբ նրանք ընդամենը լեյտենանտներ էին: Պատերազմի վերջում երեքն էլ գնդապետներ էին: Առաջին երկուսը մահապատժի ենթարկվեցին Հիտլերի դեմ 1944թ. հուլիսի 20-ի մահափորձին մասնակցելու համար: Այն ժամանակ Չեխովան մազից պրծավ□

Տեղեկատվությունը Կրեմլ էր մատակարարվում ռայխսմարշալ Գերման Գյորինգի և ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի աշխատակազմերից: Պետական այդ մարմիններում գտնվող աղբյուրներն աշխատում էին անթերի:

Դերասանուհին բարեկամություն էր անում նաև Հիմլերի, Գեբելսի, Գյորինգի կանանց հետ: Վերջիններս հիացած էին նրա գեղեցկությամբ ու սրամտությամբ: Նա մեծ հեղինակություն ուներ երկրում, և բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ու զինվորականներ ֆյուրերի մոտ նրա միջնորդությունն էին խնդրում իրենց խնդիրները լուծելու համար. ֆելդմարշալ Կեյգելը, գաուլյայտերներ (մարզերի կառավարիչներ), նախարարներ, արդյունաբերողներ, սպառազինության ու ռազմական տեխնիկայի կոնստրուկտորներ: Խոսքը «հատուցման զենքի» մշակումների, ստորգետնյա գործարանների և հրթիռային փորձադաշտերի կառուցման մասին էր: Դերասանուհին բոլոր խնդրանքները գրի էր առնում փոքրիկ ոսկեզօծ գրքույկում: Այդ գրառումների բովանդակությանը տեղեկանում էր ոչ միայն Հիտլերը: Կրեմլը Օլգայից ստանում էր գերգաղտնի տեղեկություն, որի աղբյուրը Հիտլերի շրջապատն էր: Ռայխի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունելությունների ու հանդիսությունների ժամանակ պետական գաղտնիքներ էին մատնում` չկասկածելով, որ իրենց կողքինը խորհրդային հետախույզ է:

Կրեմլը Չեխովայից է իմացել` ա) Կուրսկի մոտ գերմանացիների հարձակման ամսաթիվը («Միջնաբերդ» օպերացիա), բ) գերմանական ռազմական տեխնիկայի արտադրության ծավալը, գ) Հիտլերի հրամանով ատոմային նախագծի դադարեցման մասին, որն աշխարհում առաջինը սկսել էին գերմանացի գիտնականները, դ) Դալեսի հետ գերմանացիների սեպարատ բանակցության մասին: Ծրագրում էին Չեխովային օգտագործել նաև Հիտլերի դեմ մահափորձում, բայց Ստալինը վերջին պահին թույլ չտվեց` վախենալով Գերմանիայի ու Անգլիայի միջև գաղտնի պայմանավորվածությունից: Հիտլերականները շփոթվեցին` փորձելով պարզել, թե որտեղ է կատարվում տեղեկույթի արտահոսքը: Շուտով նրանք ընկան Չեխովայի հետքի վրա: Նրան հարցաքննելու գործը ստանձնեց Հիմլերը: Նա Չեխովայի տուն եկավ, սակայն հետախույզը, իմանալով այցի մասին, թեյի հրավիրեց□ անձամբ Հիտլերին□

Խորհրդային ռազմական հակահետախուզության` հԾժՀՄ-ի սպաները նրան ձերբակալեցին 1945թ. ապրիլի 27-ին` Բեռլինի մերձակայքում գտնվող ամառանոցում` մեղադրելով Հիտլերի համհարզին թաքցնելու համար: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Չեխովան հայտնեց իր օպերատիվ կեղծանունը` «Մերիլին»: Նրան անմիջապես հատուկ չվերթով հասցրին Մոսկվա, որտեղից Բեռլին նա վերադարձավ հունիսի 25-ին. խորհրդային օկուպացիոն իշխանությունն ապահովեց նրա լիարժեք կեցությունը:

Հետպատերազմյան առաջին տարիներին Չեխովան աշխատում էր հիմնականում թատրոնում: Նրա մասնակցությամբ վերջին ներկայացումը բեմադրվել է 1962թ.: 1949-74թթ. խաղացել է 22 կինոնկարներում: 1960-ականների կեսերին Մյունխենում հիմնել է «Օլգա Չեխովայի կոսմետիկա» ընկերությունը, որը մասնաճյուղեր ուներ Բեռլինում և Միլանում: Բիզնեսում, ինչպես և արվեստում, Օլգային ուղեկցում էր հաջողությունը: Իր կյանքի ընթացքում դերասանուհին արժանացավ բազմաթիվ պարգևների: 1972թ. ԳՖՀ նախագահը նրան շնորհեց «Մեծ խաչ» շքանշանը` Գերմանիային մատուցած ծառայությունների համար:

Օլգա Չեխովան` 20-րդ դարի նշանավոր կանանցից մեկը, Ստալինի սուպերգործակալը, մահացավ 1980թ. մարտի 9-ին ուղեղի քաղցկեղից, Մյունխենում: Թաղված է տեղի Օբերմենցիգ գերեզմանոցում:

ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԴ ռազմական գիտությունների
ակադեմիայի իսկական անդամ, տեխն. գիտ. դոկտոր

Լուսանկարը՝ հեղինակի անձնական արխիվից

Թարգմանությունը ռուսերենից`
Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


07/02/2013