Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԴԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ…



Երբ 1952թ. հայրս՝ Երվանդ Կիրակոսյանը պատերազմի վերքերից մահացավ, ես՝ 10-12 տարեկան տղա, որոշեցի, որ պիտի մեծանամ բժիշկ դառնամ, որպեսզի գոնե հորս ընկերներին բուժեմ, փրկեմ։ Իսկ հորս ընկերները նրա պատերազմական ընկերներն էին՝ Արտավազդ դային՝ Իջեւանից, Հաբիբ դային՝ Կրասնոսելսկից, Սերգո դային՝ Ղարաբաղի Ջանիաթաղ գյուղից։ Նրանք չորս ընկերով՝ երեք հայ, մեկ ադրբեջանցի, կռվել էին առաջին ուկրաինական ռազմաճակատում, հասել էին Չեխոսլովակիա, գնացել մինչեւ Բեռլին։ Հենց այնտեղ էլ ռազմի դաշտում չորսով երդվել էին, որ եթե ողջ մնան, ապա երբեք միմյանց չեն մոռանա եւ պատերազմական ընկերությունը կշարունակեն նաեւ խաղաղ ժամանակ։
Եվ նրանք հավատարիմ մնացին իրենց երդմանը։
Ես հիմա լավ չեմ հիշում, թե երբ առաջին անգամ իմացա, որ հայրս Սերգո դայուն, որը երկու աղջիկ ուներ, խոստացել էր, որ իր երեք տղաներից մեկին նրան կտա՝ որպես որդի։ Երկու ընկերոջ այս պայման-խոստման մասին մեր տանը այնքան էր խոսվել, որ երբ Ղարաբաղից Սերգո դային մեր տուն եկավ՝ իր որդու հետեւից, մենք՝ ո՛չ մայրս, ո՛չ երեխաներս, չզարմացանք, քանի որ ընկերների եղբայրական ջերմ հարաբերությունները վաղուց փոխանցվել էին նաեւ մեզ։ Մենք վաղուց նրանն էինք։
Ես այդ օրը, երբ առաջին անգամ տեսա Սերգո դայուն, երբեք չեմ մոռանում։ Այդ օրը մեր գյուղ մի վիթխարի արջ էր մտել, ու գյուղի ջահելները, տղամարդիկ, մի-մի եղան առած, քշում էին գազանին։ Գիշերը երկու ճակատային ընկեր իրար կողք քնեցին։ Նրանց սենյակից լսվող քչփչոցը, որ մինչեւ լույս չդադարեց, դեռ ականջումս է… Քանի՞ օր մեր տանը մնաց Սերգո դային, չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մեր տանը տոն էր, հարսանիք, թեեւ հետպատերազմյան ծանր տարիներն էին։
Սերգո դայու հետ Ղարաբաղ գնաց մեր եղբայրներից ամենափոքրը՝ Ռուբենը։ (Լաց եղավ, թե՝ ես եմ գնալու։ Եվ գնաց)։ Համարյա մի տարի Ռուբենը Ղարաբաղում մնաց։ Նրանից նամակներով էինք տեղեկություն ստանում։ Մի օր էլ Սերգո դայուց մի շատ հուզիչ նամակ ստացանք, համարյա բառացի հիշում եմ նամակի բովանդակությունը, քանի որ տասնյակ անգամ ինձ կարդալ տվեցին. «Այն օրվանից, ինչ երեխային մորից կտրել, այստեղ եմ բերել, ոչ մի գիշեր հանգիստ չեմ քնել։ Տանջվել եմ, բայց մյուս կողմից էլ այնքան եմ կապվել այս երեխայի հետ, որ չեմ կարողանում նրանից բաժանվել՝ հոգուս կտորից ո՞նց պոկվեմ»։ Նամակը լացելով կարդացինք։
…Մայրս պատմում էր, որ հազիվ են Ռուբենին համոզել, որ տուն գա. «Չէինք կարողանում բռնել. կտուրից կտուր էր թռչում, փախչում էր… Գալու օրը անտառից ենք բռնել-բերել»։ Երբ եղբորս տեսա՝ չճանաչեցի՝ լավացել էր, կլորացել, թշերը վառվռում էին։ Շատ ավելի շփոթվեցի, երբ սկսեց խոսել, տեսա՝ բան չեմ հասկանում՝ Ղարաբաղի բարբառով էր խոսում… Որքա՜ն ծիծաղեցինք, որքա՜ն ուրախացանք…
…Երբ հայրս մահացավ, ու մենք որբ մնացինք, մեր միակ ապավենն ու մխիթարանքը նրա ընկերները դարձան, եւ նրանք երբեք չթերացան։ Հաբիբ դային շուտ-շուտ էր մեզ այցելում. մեկ էլ տեսար՝ նրա ձին, ծանր խուրջինները թամբի երկու կողմերից կախ արած, կանգնում էր մեր դռանը։ Նույնը եւ՝ իջեւանցի Արտավազդը… Իմ հոր շիրմաքարը երեք ընկերով դրեցին (Իջեւանի խասքարից) եւ վրան մակագրեցին՝ «ընկերների կողմից»։
…Հետո ես Մոսկվա գնացի՝ սովորելու… Երկար մնացի։ Երբ վերադարձա Հայաստան, շուրջս ամեն ինչ փոխվել էր՝ կյանքը, ժամանակները, մարդիկ։ Ավաղ, ուշ էի վերադարձել՝ վաղուց չկային իմ հոր ընկերները, եւ իմ՝ բժշկության դոկտորիս գիտելիքների կարիքը նրանք արդեն չունեին… Ես այդպես էլ չկարողացա խոստմանս տեր դառնալ՝ բուժել իմ հոր ընկերների պատերազմական վերքերը…
♦♦♦
Տարիներ անց, երբ ինձ հրավիրեցին Ղարաբաղում աշխատելու, ես ինձ արված այդ անակնկալ հրավերը՝ քաղաքացիական պարտքից առավել, իմ որդիական, իմ հոգու պարտքը մարելու նշան համարեցի… Գնացի հորս մարտական ընկերոջ՝ Սերգո դայու ժառանգներին գտնելու։ Հասա Մարտակերտի շրջան, Ջանիաթաղ գյուղ, գտա նրա տունը… դատարկ։ Գյուղացիք ասացին, որ նա վաղուց չկա, որ աղջիկներից մեկի ամբողջ ընտանիքը կոտորվել է պատերազմի ժամանակ, երբ գյուղը ձեռքից ձեռք է անցել, իսկ մյուսը վաղուց մեկնել է Հյուսիսային Կովկաս, եւ նրանից լուր չկա… Գնացի գյուղի գերեզմանատուն, հեռվից ճանաչեցի հորս պաշտելի ընկերոջ՝ Սերգո դայու նկարը… Թե որքան ժամանակ եմ գլխահակ կանգնել նրա տապանաքարի մոտ, չգիտեմ, բայց այդ ընթացքում իմ աչքի առջեւով մի ամբողջ՝ 60-ամյա կյանք անցավ… Տեսա չորս ընկերներին՝ երիտասարդ, աշխույժ, հիշեցի նրանց խոսքերը, խրատները, երազանքները… Ահա ես դպրոցն ավարտել եմ, եւ Արտավազդ դային մեր տուն է գալիս գինու, օղու, բերքուբարիքի հսկայական բեռով, Հաբիբ դային, 20 կգ ձուկ շալակած, սարերով եկել, մեր տուն է մտնում… Սերգո դային լաց է լինում. «Այն օրվանից, ինչ երեխային մորից կտրել-բերել եմ, չեմ կարողանում քնել…»։
Երբ գլուխս բարձրացրի, տեսա՝ օրը գնում էր մայրամուտ։ Եվ միայն այդ ժամանակ նկատեցի շրջապատի գեղեցիկ բնությունը, անտառում խտացած մշուշը։ Շուրջը ամեն բան որքա՜ն գեղեցիկ ու խորհրդավոր էր՝ իսկը Սերգո դայու մեծ ու բարի սրտի նման։ Ես նայում էի անտառի հավերժական կանաչ-կապույտին, ու ասես հեռու հեռվից իմ ականջին էր հասնում երկու ընկերների քչփչոցը…
♦♦♦
Հանկարծ շուրջս նայեցի՝ տեսա մենակ չեմ. համարյա ամբողջ Ջանիաթաղը եկել էր տեսնելու, թե ինչպես եմ ես իմ որդիական պարտքը մարում… թեկուզ ուշացած… 60 տարի հետո։

ՍԵՐԳԵՅ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ք. Ստեփանակերտ

Խորագիր՝ #06 (871) 16.02.2011 – 23.02. 2011, Ճակատագրեր


24/02/2011