Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարարությունում տոնական հանդիսություն էր։ Զինված ուժերի 20-ամյա ռազմաբժշկական ծառայությունը նշում էր իր մասնագիտական տոնը։ Հանդիսությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր՝ բարձրաստիճան զինվորականներ, լրագրողներ, քաղաքացիներ, մտավորականներ, զինվորական բժշիկներ, վետերաններ, ինչպես նաև պաշտպանության, առողջապահության, գիտության և կրթության գերատեսչությունների ղեկավարները։ Տոնը սկսվեց Երևանի պետական բժշկական համալսարանի նորընծա կուրսանտների երդման արարողությամբ։ Ապագա զինվորական բժիշկները խոստացան անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, ինչպես նաև հավատարիմ մնալ բժշկի վեհ կոչմանը։

Երդման արարողությունից հետո կուրսանտներին և հանդիսության մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ գնդապետ Սամվել Գալստյանը։ Նրա խոսքը լի էր ապագա զինվորական բժիշկներին ուղղված հորդորով՝ արժևորել նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գործին և հայրենիքի պաշտպանի՝ զինվորի և զինվորականի առողջության պահպանումը դիտել որպես հոգու պարտք և մասնագիտական պարտականություն։

Կուրսանտների և ծնողների ելույթներից հետո հավաքվածներին ողջույնի խոսք հղեց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա հիշեցրեց, որ ռազմական բժիշկների մասնագիտական տոնը, ռազմաբժշկական ֆակուլտետի նորընծա կուրսանտների երդման արարողությունը համընկավ ուսանողների միջազգային օրվա հետ, և այս եռատոնը մեծ խորհուրդ ունի։ Այսօրվա կուրսանտները ռազմական բժշկության ապագան են, վաղվա մարտունակ բանակի երաշխավորները։ Նախարարը կարեւորեց մասնագիտական գիտելիքների կարևորությունը և ուսումնառության տարիների արդյունավետությունը պայմանավորեց առաջին հերթին կուրսանտների աշխատասիրությամբ և հմուտ մասնագետ դառնալու պատրաստակամությամբ։ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, թե ինչ դժվարին, բայց փառահեղ ու հերոսական ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը իր կենսագրության 20 տարիների ընթացքում, ինչ փորձությունների միջով է անցել, և ինչպիսի տիտանական աշխատանքով ու անմնացորդ նվիրում են երաշխավորվել այսօրվա ձեռքբերումները, սկսած Արցախյան պատերազմից մինչև բանակաշինության խաղաղ ընթացքն ու ներկայիս հաջողությունները։ Նախարարը ռազմական բժշկի մասնագիտությունը որակեց հերոսական, որովհետև ռազմական բժիշկները կոչված են համատեղելու զենքն ու վիրաբուժական նշտարը, զինվորական համազգեստն ու բժշկի խալաթը։ Սեյրան Օհանյանը կուրսանտներին մաղթեց արդյունավետ ուսումնառություն, ինչպես նաև արժանապատիվ, բարեխիղճ աշխատանք՝ բժշկին հատուկ գթասրտությամբ, անձնվիրումով, հիվանդի հանդեպ սիրով ու բարությամբ։

Հանդիսությունը շարունակվեց պաշտպանության նախարարության վարչական շենքի դահլիճում, որտեղ հավաքվածները դիտեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած «Կյանքի և մահվան սահմանագծին» ֆիլմը։ Ֆիլմը ամփոփում էր ռազմական բժշկության անցած ճանապարհը։ Վավերագրական կադրերը պատմում էին զինվորական բժիշկների անհավանական սխրանքների մասին, երբ նրանք վիրահատում էին վրաններում, բաց երկնքի տակ, մոմի լույսի ներքո, արկերի ու ռումբերի պայթյունների ուղեկցությամբ, երբ ազատագրական կռվի բոցերի մեջ գրվում էին ռազմական բժշկության փառքի էջերը։

Հետպատերազմյան խաղաղ բանակաշինության տարիները պակաս տքնանք ու նվիրում չէին պահանջում, երբ կազմավորվում էր ռազմաբժշկական կառույցը, կանոնակարգվում էր աշխատանքը, կառուցվում ու վերակառուցվում էին բուժկետերն ու հոսպիտալները, երբ նորաբաց ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները տարեցտարի համալրում էին բանակը։ Երբ տեխնիկական վերազինումը թռիչքաձև զարգացում էր ապահովում ռազմական բժշկության համար։ Զինված ուժերի ռազմական ծառայությունը հպարտությամբ կարող է փաստել, որ իր 20-ամյա կենսագրության ընթացքում զարգացել է աննախադեպ տեմպերով և իր այժմյան մակարդակով վայելում զարգացած երկրների շահագրգիռ ատյանների հարգանքն ու վստահությունը և հաջողությամբ համագործակցում է նրանց հետ։

Ելույթ ունեցավ նաև ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ բ/ծ գնդապետ Արտաշես Փարսադանյանը։ Նրա խոսքը նույնպես պատմական ակնարկ էր՝ նվիրված ռազմաբժշկական վարչության անցած ուղուն։ Արտաշես Փարսադանյանը նաև շնորհակալության խոսք ասաց ռազմական բժշկության այն նվիրյալների հասցեին, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով ու անձնական ձեռքբերումներով մեծապես պայմանավորում են ռազմական բժշկության զարգացումն ու առաջընթացը։ Նրանք այն վիրաբույժներն են, ովքեր կատարում են բացառիկ վիրահատություններ՝ չունենալով մրցակից ոչ միայն հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Նրանք այն գիտնականներն են, որոնց աշխատանքները նոր խոսք են հատկապես ռազմադաշտային վիրաբուժության ասպարեզում։

Ռազմական բժիշկների տոնը շնորհավորեցին նաև պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերով խորհրդական Բենիկ Հարությունյանը, գրող Զորի Բալայանը, բուժծառայության վետերաններ, բժիշկներ և այլք։ Վերջում ներկայացվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հրամանները՝ ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինվորական բժիշկների մեդալներով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով պարգևատրելու մասին։ Պարգևատրեցին նաև այն քաղաքացիական բուժհիմնարկների ղեկավարներին, որոնք իրենց ղեկավարած կառույցով հանդերձ եղել են ռազմաբժշկական ծառայության կողքին և սատարել են ինչպես զինվորների, զինծառայողների առողջության պահպանմանը, այնպես էլ ռազմաբժշկական ծառայության կատարելագործմանն ու առաջընթացին։ Սեյրան Օհանյանը եզրափակիչ խոսքում հավաստիացրեց, որ բանակի ռազմաբժշկական կառույցը այսուհետև նույնպես զարգանալու է շարունակաբար և հաստատուն, որ զինվորների ու զինծառայողների առողջության պահպանումը լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության հոգածության առանցքում։ Վերջում բոլորը հրավիրվեցին տոնական հյուրասիրության։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ