Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենքի շքեղաշուք դահլիճն իր գոյության ընթացքում առաջին անգամ էր հյուրընկալում այդքան մեծաքանակ բարձրաստիճան զինվորականների։ Նրանց հետ էին նաև հանրապետությունում ճանաչված պատմաբան-գիտնականներ, նախկին ազատամարտիկներ, Ղարաբաղյան շարժման ղեկավարներ, մանկավարժներ, ուսանողներ։ Առիթը ռազմական պատմաբան-թանգարանագետ Ռաֆայել Թադևոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից (XIX-XX դարեր)» մեծածավալ աշխատության և նրան կից 17 ռազմապատմական-ուսումնական քարտեզների` 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմից մինչև Շուշիի ազատագրում, շնորհանդեսն էր։

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո հեղինակը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերին իր ծառայություններն առաջարկել բարձրագույն հրամանատարությանն ու որպես մասնագետ մասնակցել մի շարք ռազմական քարտեզներ կազմելու գործընթացին։

1995 թվականին, երբ որոշում ընդունվեց ստեղծելու ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանը, ռազմական պատմաբան Ռ. Թադևոսյանը նշանակվեց գլխավոր խորհրդական և իր նշանակալից ավանդը ներդրեց թանգարանային արժեքների հավաքման, ցուցադրությունների կազմակերպման, գիտահետազոտական, գիտալուսավորչական աշխատանքներն ըստ ամենայնի ծավալելու գործում։ Հիմնականում ոտքով անցնելով Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրման համար մղված մարտական գործողությունների վայրերով, նա թանգարանային նշանակության հազարավոր իրեր հավաքեց, համալրեց նորաստեղծ թանգարանի ֆոնդերը, հընթացս հանդիպեց, զրուցեց ու ձայնագրեց ազատամարտի բովով անցած հարյուրավոր քաջարի հայորդիների, նրանց կյանքն ու անցած մարտական ուղին թանգարանում ներկայացնելուց բացի կազմակերպեց մեծարմանն ու հանրահռչակմանը նվիրված բազմաթիվ ցերեկույթներ, գրեց Արցախյան ազատամարտին նվիրված մի շարք հոդվածներ, մենագրություններ, կազմեց քարտեզներ, գործուն աջակցություն ունեցավ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի լույսընծայմանը։

Զինվորական ծառայությունից փոխգնդապետի կոչումով զորացրվելուց հետո էլ Ռաֆայել Թադևոսյանն իր գրիչը վայր չդրեց։ Նա այսօր էլ ծառայության մեջ է, ծառայում է հայրենիքին, պաշտելի հայ ժողովրդին` իր հարուստ գիտելիքներն ու հարուստ կենսափորձը ի սպաս դնելով պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին, հայոց ռազմական պատմության վիճելի ու կնճռոտ հարցերի նորովի լուսաբանմանն ու մեկնությանը, ինչի խոսուն վկայությունն են ներկայացվող աշխատությունն ու քարտեզները։

Շնորհանդեսին ելույթ ունեցողները` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հանրային խորհրդի նախագահ, ՀՀ Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ, 1992-93 թթ. պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ու մյուսները, շնորհավորելով հեղինակին իր գործերի գործն ավարտին հասցնելու առթիվ, միաժամանակ նշեցին այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարել է Թադևոսյանը` ի մի բերելով մեր ժողովրդի ռազմական պատմությունը վերջին երկու հարյուրամյակում և, արժեւորելով գիտնականի աշխատանքը՝ նպատակահարմար գտան միջնորդել հանրապետության պատկան մարմիններին` գիրքն ու քարտեզները դպրոցներում ու բուհերում ուսումնական պարտադիր դիսցիպլին դարձնելու։ Գրականագետ Սերժ Սրապիոնյանն իր խոսքում նշեց, որ գրքի միակ «թերությունը» այս հանրագիտարանային նշանակության աշխատությունը «դրվագներ» կոչելն է, քանի որ այն մի ամբողջ լիակատար պատմագիտական աշխատության արժեք ունի, և առաջարկեց աշխատությունը քարտեզներով հանդերձ ներկայացնել համապատասխան գիտական խորհրդին` Ռաֆայել Թադևոսյանին պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու համար։

Երկրապահ-կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով՝ Թադևոսյանը պարգևատրվեց միության հուշամեդալով։

Նկատի առնելով Ռ.Թադևոսյանի մեծ ավանդը Վան-Վասպուրական հայրենակցական միության գործունեության ասպարեզում՝ միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը հեղինակին պարգևատրեց միության Ոսկե մեդալով։

Նախկին զինվորական չի լինում։ Կարևոր չէ, թե մարդն ինչ կերպ է ծառայում հայրենիքին` զենքը ձեռքին պաշտպանում է իր տունուտեղը, հայրենի ոստանը, թե հայրենակցի համար տուն է կառուցում կամ նրա երեխային գիտելիք ուսուցանում։ Ռաֆայել Թադևոսյանը շուրջ 40 տարի ծառայում է հայրենիքին գրչով, քանոնով ու մատիտով։ Ուրեմն՝ մաղթենք մեր գործընկերոջը քաջառողջություն, բեղուն գրիչ ու երիտասարդական ավյուն։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Հոգևոր-մշակութային


28/11/2012