Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵՂԵՆ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է



Փոխգնդապետ Ալիկ Բաբայանը ծառայել է տարբեր զորամասերում: Ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը` ծառայության է նշանակվել որպես ակումբի պետ, այնուհետեւ՝ հրաձգային գումարտակի, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ:

Արժանացել է բազմաթիվ պարգևների՝ «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանի, «Բարեխիղճ և օրինակելի ծառայության համար» մեդալների…

– Պարոն փոխգնդապետ, Դուք ծառայել եք տարբեր զորամասերում. ինչպիսի՞ ընդհանրություններ ու առանձնահատկություններ ունի ծառայությունը այս զորամասում։ Արդյոք այսօրվա ձեռքբերումներն ուղիղ համեմատակա՞ն են նրա անցած մարտական փառավոր ուղուն…

– Տարիքային առումով ես չեմ մասնակցել Արցախյան ազատամարտին, բայց ծառայելով տարբեր զորամասերում, պետք է ասեմ, բոլորն էլ իրենց կազմավորման ու գործունեության հիմքում ունեն հերոսական կենսագրություն, քանի որ անմիջականորեն կրում են Արցախյան պատերազմում տարած հաղթանակի կնիքը: Բանակի բոլոր ստորաբաժանումներում էլ կան հայրենիքի սահմանները քաջությամբ պաշտպանած, փառավոր մարտական ուղի անցած զինծառայողներ: Պատերազմի ահեղ որոտների մեջ է ծնվել և կայացել «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, պատվո դրոշի արժանացած մեր զորամասը, որի քաջարի մարտիկները` սկսած 1993թ. հունվարից մինչև հրադադարն ընկած ժամանակահատվածը, ակտիվորեն մասնակցել են սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը, Լաչինի մարդասիրական միջանցքի, հայկական բնակավայրերի ազատագրական մարտերին: Նրանցից շատերը քաջաբար զոհվեցին, իսկ փառքով վերադարձածներն էլ իրենց մարտական ահռելի փորձով ու հայրենասիրությամբ քար քարի վրա շարել-ստեղծել ու կայացրել են զորամասը: Եվ յուրաքանչյուր զինվորի համար, համոզված եմ, մեծ պատիվ և հպարտություն է ծառայել այս զորամասում, որը քաջության, սխրանքների, հայրենասիրության մի իսկական դարբնոց է: Սա, ինչ խոսք, մարտական ուղի անցած բոլոր զորամասերի ընդհանրությունն է և, միևնույն ժամանակ, առանձնահատկությունը, ինչը մենք` երիտասարդ սպաներս, քաջ գիտակցում և ամրապնդում ենք զինվորի հոգեբանության մեջ, դարձնում դաստիարակչական հզոր խթան: Այստեղից էլ բոլոր մյուս գործոնները` կարգապահական, բարոյահոգեբանական….

Ինչ վերաբերում է ուղիղ համեմատականին, ասեմ, որ ոչ պակաս արիությամբ են տոգորված մեր այսօրվա զինծառայողները: Չէ՞ որ մենք, ի վերջո, մեծացել և դաստիարակվել ենք Արցախյան պատերազմում կռված և հաղթանակած հայրերի սխրանքներով ու պատգամներով, և 18-20 տարեկան զինվորն էլ նույն կերպ դաստիարակվել, ներշնչվել է այդ ոգով և ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայելու իր ժողովրդին, պաշտպանելու հայրենիքը թշնամու ոտնձգություններից։ Զինվորի ոգին ամուր է, նա իր հայրենասիրությամբ և կարգապահությամբ չի զիջում զորամասի վետերաններին, կարող եմ վստահաբար ասել` նրանց արժանի ժառանգորդն է: Զուր են այն մտավախությունները, թե` այս սերունդը կկարողանա՞ կռվել իր հայրերի պես` թե որ հարկ լինի: Այո՛, կկարողանա՛ և արդեն իսկ պատրաստ է թե՛ հոգեպես, թե՛ մարտական պատրաստությամբ: Ավելին, ունենք ռազմական հաստատություններում կրթված, գիտակ սպաներ, որոնք իրենց հարուստ փորձով ու գիտելիքներով արդեն տարիներ շարունակ մարտական ծառայություն են պատվով կատարում բանակի ստորաբաժանումներում:

– Զորամասի նախկին հրամանատարներից մեկն ասել էր` ամեն մի զինվոր նախ և առաջ իմ որդին է…

– Այլ կերպ լինել չի կարող. հրամանատարը ծնող է, ավագ ընկեր, զինվորը` զավակ, կրտսեր եղբայր: Փոխադարձ վստահությունը ծնում է համերաշխություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, կարգապահություն, մարտական պատրաստության բարձր որակ: Միայն չոր, պլանով նախատեսված պարապմունքներն ու միջոցառումները ոչինչ չեն փոխի զինվորի հոգեբանության, վարքագծի մեջ, եթե նրա նկատմամբ անհատական, տարբերակված մոտեցում չդրսևորենք, չփորձենք հասկանալ յուրաքանչյուրին հուզող անձնական խնդիրները։ Այս առումով անհատական զրույցներն անփոխարինելի են:

Ի դեպ, վերջերս անցկացված զորավարժության օրերին գրանցած հաջողության երաշխիքներից մեկն էլ կարգապահությունն է, որով աչքի ընկավ մեր զորամասը:

– Այդուհանդերձ, կարգապահական ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվում զորամասի ստորաբաժանումներում, և ինչպիսի՞ կանխարգելիչ աշխատանքներ են կատարվում:

– Կարգապահական կոպիտ խախտումներ չեն եղել, բայց, ինչ խոսք, փոքրիկ տարաձայնություններ, կենցաղային հողի վրա ծագած վեճեր լինում են, որոնք անմիջապես հարթվում են` հրամանատարների զրույցների, պարզաբանումների միջոցով: Տեղյակ եմ դեպքերի, երբ վիճողները դարձել են լավ ընկերներ: Զինվորը գիտի, որ հրամանատարի վստահությունը պետք չէ չարաշահել: Դժվար դաստիարակվող, կարգապահական խախտումների հակված որոշ ծառայողներ մեզ մոտ կարճ ժամանակում, հրամանատարի անձնական ճիշտ աշխատանքի շնորհիվ, դարձել են ամենակարգապահ և լավագույն զինծառայողները: Եվ ամենևին պարտադիր չէ պատժիչ միջոցներ կիրառել, հաճախ բավարար է լինում տեղին ասված հեղինակավոր խոսքը…

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ.Գ. Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանի հետ զրույցն անկեղծ է, անկաշկանդ: Զրուցում ենք զորամասի ստորաբաժանումներում տարվող զինվորական դաստիարակության ու կարգապահության, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների, պարբերաբար անցկացվող սպորտային, մշակութային միջոցառումների, զինվորների նախաձեռնությունների, արվեստի ասպարեզում շնորհալիների հայտնաբերման ու խրախուսման, հայրենիքի, հայրենասիրության մասին զինվորների պատկերացումների, զորամաս-հասարակություն փոխհարաբերությունների, դպրոցներում կազմակերպված բազում հանդիպումների, դպրոցականների` զորամաս փոխադարձ այցելությունների, զինվորների հիգիենիկ, առողջական խնդիրների և այլ հարցերի շուրջ…

Հիացմունքիս և հուզմունքիս չափ չկար, երբ նորակոչիկ Սարգիս Շահինյանը, ի պատասխան փոխգնդապետ Ա. Բաբայանի՝ իրեն ասված խրախուսական խոսքերի, պատվի առնելով, խրոխտ և վստահ ասաց` ծառայում եմ հայրենիքիս: Ինչպես կարելի է չհավատալ ու չսիրել այս զինվորներին, որոնք հաղթանակած ժողովրդի արժանի զավակներն են: Մտովի տեղափոխվեցի 1988-94 թթ` նույն ոգին է, հայի անկոտրում ոգին…

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ազգային բանակ


28/11/2012