Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ



ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Վերջերս քաղաքական վերլուծաբանները սկսել են քննարկել այն հարցը, թե արդյոք Ղազախստանի քաղաքականությունն ո՞ւնի պանթյուրքական ուղղվածություն: Առիթը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մի շարք մտքերն են, որոնք նա արտահայտել է հոկտեմբերի 12-ին` Ստամբուլում ելույթ ունենալով Թյուրքական խորհրդի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ: Ահա մի հատված այդ ելույթից.

«Ինչպես ասել է Աթաթուրքը, «Կգա ժամանակը, երբ բոլոր թյուրքերը կմիավորվեն»: Ուստի՝ ուզում եմ ողջունել բոլոր թյուրքալեզու եղբայրներին: Ալթայի և Միջերկրական (այլ տարբերակում` Սպիտակ – Ա.Յ.) ծովի միջև ավելի քան 200 միլիոն եղբայրներ են ապրում: Եթե մենք միավորվենք, ապա կդառնանք շատ հզոր ուժ աշխարհում»: Այս խոսքերը, ընկալվելով որպես Ռուսաստանի դեմ ուղղված, մեծ աղմուկ են բարձրացրել ռուսական մամուլում: Դրանք իրենց «հակառուսականությամբ» «սենսացիոն» որակողները բերում են հետևյալ փաստարկները:

Միջին Ասիայի հինգ երկրներում ապրում է 63.4 մլն մարդ (նրանց մի զգալի մասը, ի դեպ, թյուրք չէ. օրինակ` Ղազախստանում ապրում է 16.4 մլն մարդ, որից 10.5 մլն-ը` ղազախ): Եւս 75 մլն թյուրք ապրում է Թուրքիայում, Ադրբեջանում` 9 մլն (ըստ պաշտոնական վիճակագրության): Բոլորը միասին կազմում են շուրջ 150 մլն մարդ: Իսկ ո՞ւր են մնացած 50 մլն-ը: Ակնհայտորեն` Ռուսաստանում: Նրանց թյուրքական միասնական պետության մեջ ներառելու գաղափարը նոր չէ և կոչվում է պանթյուրքիզմ: Վերջինիս իդեալը` բոլոր թյուրքերի միասնական պետությունը, մի ժամանակ, իբր, գոյություն է ունեցել և կոչվել է Հավերժական Էլ: Նոր Հավերժական Էլը, դատելով ըստ ամենայնի, պետք է ներառի Թուրքիան, միջինասիական պետությունները, Կովկասի, Պովոլժիեի թյուրքալեզու ժողովուրդներին և այլն: Այսինքն` պանթյուրքական այդ պետությունը կարող է ստեղծվել միայն այն դեպքում, երբ քայքայվի Ռուսաստանի Դաշնությունը:

Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՆԻՆ

Ղազախստանի նախագահն ասել է նաև հետևյալը. «Մենք (այսինքն` ղազախները- Ա.Յ.) ապրում ենք թյուրքական ամբողջ ժողովրդի հայրենիքում: Այն բանից հետո, երբ 1861թ. սպանվել է ղազախ վերջին խանը, մենք եղել ենք Ռուսական թագավորության, ապա` Խորհրդային Միության գաղութը: 150 տարվա ընթացքում մազ մնաց, որ ղազախները զրկվեին իրենց ազգային ավանդույթներից, սովորույթներից, լեզվից, կրոնից: 1991թ. Բարձրյալի օգնությամբ մենք հռչակեցինք մեր անկախությունը: Ձեր (այսինքն` թուրքերի – Ա.Յ.) նախնիները, հեռանալով պատմական հայրենիքից` Թյուրքական խաքանությունից, իրենց հետ տարան «թյուրքական ժողովուրդ» անվանումը: Ցայսօր լավագույն ջիգիթներին թուրքերն անվանում են «ղազախ»: Մենք ահա հենց այդ ղազախներն ենք»:

Որոշ ռուս հեղինակներ վիճելի են համարում Ղազախստանի` թյուրքերի հայրենիքը լինելու պնդումը: Նրանք նաև համաձայն չեն Ն.Նազարբաևի ասածի լռելյայն ենթադրվող այն իմաստի հետ, որ ղազախ վերջին խանին սպանել են «նենգ ռուսները»: Իրականում, նշում են այդ հեղինակները, ղազախ վերջին խանը զոհվել է ղրղըզների և կոկանդցիների միացյալ զորաջոկատների դեմ ճակատամարտում. վերջիններս կտրել են նրա գլուխը և ուղարկել Սանկտ Պետերբուրգ` Ալեքսանդր Երկրորդ ցարին, որը, սակայն, «հազիվ թե ուրախացել է այդ բարբարոսական նվերից»: Ղազախստանի նախագահի ընդդիմախոսները նկատում են նաև, որ Ղազախստանի մեծ մասը` Կրտսեր և Միջին ժուզերը (ղազախերեն` «միություն». ղազախների` պատմականորեն ձևավորված միավորումներ: Եղել են Ավագ (Յոթնագետքը, երկրի հարավը և Չինաստանի ու Ուզբեկստանի մի մասը), Միջին (երկրի հյուսիս-արևելքը) և Կրտսեր (երկրի արևմուտքը) ժուզեր) Ռուսական կայսրության կազմի մեջ մտել են ինքնակամ, դեռևս Ռոմանովների արքայատոհմին պատկանող կայսրուհի Աննա Իոանովնայի (1693-1740) օրոք, և միայն Ավագ ժուզի հողերի մի մասն է ռուսական կայսրությանը միացվել ռազմական ուժի միջոցով: Վերջապես, Ղազախական ԽՍՀ-ն «Խորհրդային Միության գաղութ» անվանելով` Ն.Նազարբաևն անուղղակիորեն ընդունում է, որ ինքն էլ եղել է գաղութարարների վարչակարգի գլխավոր ներկայացուցիչը Ղազախստանում (1984-89թթ.` Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ, 1989-91թթ.` Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1990թ. հուլիսի 14-1991թ. օգոստոսի 23-ը` ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ):

ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԴԵՌ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ ՉԷ

Իր ստամբուլյան ելույթում Ն.Նազարբաևը հիշեցրել է նաև, որ 1991թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին անկախություն հռչակելուց հետո Ղազախստանի ժողովրդին առաջինը (մեկ ժամ անց) շնորհավորել է Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: «Թուրքական պետությունը առաջինն է ուրախացել մեր անկախությամբ, ճանաչել մեր անկախությունը: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա դա»,- ասել է Ղազախստանի նախագահը: Այս խոսքերին հավելելով այն, որ թուրք-ղազախական տնտեսական համագործակցության ծավալը տարեցտարի աճում է, ոմանք փորձում են Ղազախստանի պանթյուրքական քաղաքականության լրացուցիչ վկայություններ գտնել:

Իսկապես. Ղազախստանի և Թուրքիայի առևտրաշրջանառությունը 2010թ. կազմել է 1.8 մլրդ դոլար, 2011թ.` 3.3 մլրդ դոլար, 2012թ. միայն առաջին կիսամյակում` 2.4 մլրդ դոլար: Թուրքական ընկերությունների ներդրումները Ղազախստանի տնտեսության մեջ 1991թ. ցայսօր հասնում է 2 մլրդ դոլարի: Ծրագրվում է մինչև 2015թ. երկու երկրների առևտրաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի, իսկ ներդրումների ծավալը ավելացնել տարեկան 500 մլն դոլարով: Համագործակցության նոր եզրեր են բացվում թուրք-ղազախական արդյունաբերական գոտիների ստեղծմամբ, որոնք կապահովեն թուրքական բիզնեսի ներթափանցումը ղազախական տնտեսություն: Առևտրի խթանմանը կնպաստի նաև Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու, ինչպես նաև Կասպից ծովով լաստանավային փոխադրման գործարկումը: Տրանսպորտային այդ միջանցքի շնորհիվ Թուրքիան Ղազախստանի միջոցով կկապվի Չինաստանին:

Սակայն համաձայնեք, որ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության զարգացումը չի կարող պանթյուրքական նկրտումների համար մեղադրվելու հիմք լինել: Ռուսաստանն ինքը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ: 2009թ. այդ երկրների առևտրաշրջանառության ծավալը եղել է 19.6 մլրդ դոլար, 2010թ.` 25.3 մլրդ, 2011թ.` համարյա 32 մլրդ (այն դեպքում, երբ ռուս-ամերիկյան առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 12 մլրդ դոլար): 2011թ. վերջին թուրքական ընկերությունները Ռուսաստանում ներդրել էին 7 մլրդ դոլար, իսկ ռուսականները Թուրքիայում` 4 մլրդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան է կառուցում. միայն այդ նախագծի արժեքը 20 մլրդ դոլար է: 2012թ. հունվարի վերջին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 5 տարում Ռուսաստանի և Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալը կարող է հասնել 100 մլրդ դոլարի: Այնպես որ՝ «բաց տնտեսությունների» մեր դարաշրջանում Ղազախստանի և Թուրքիայի տնտեսական ակտիվ հարաբերությունները պարտադիր չէ, որ քաղաքական հավակնոտ նկրտումներ քողարկեն (թեպետ բացառել նույնպես հնարավոր չէ):

ԱՄՆ-Ի ՄԱՏԸ ԽԱ՞ՌՆ Է

Այսպիսով, հանելուկ է` ի՞նչ էր նշանակում Ղազախստանի նախագահի ստամբուլյան ճառը: Արդյո՞ք այն, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ Մաքսային միության մեջ ինտեգրվելու` Ղազախստանի վարած քաղաքականությունը ստորադասվելու է պանթյուրքական միավորման նախագծին: Թե՞ Նազարբաևի ասածները, այնուամենայնիվ, ավելին չեն, քան հյուրընկալ կողմին հաճոյանալու` Արևելքում ընդունված վարվելակերպ: Միգուցե Թյուրքական միության գաղափարը Ղազախստանի «բազմավեկտոր» քաղաքականության դրսևորումների՞ց է: Կարելի է միայն գուշակել:

Որոշ փորձագետներ առաջ են քաշում այն վարկածը, թե Ղազախստանի նախագահի քաղաքական դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ-ի միջամտությամբ, որը, իհարկե, կտրուկ դեմ է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ինտեգրմանն ու Եվրասիական միության ստեղծմանը: Միգուցե ԱՄՆ-ին հաջողվե՞լ է Նազարբաևին «քաշել իր կողմը»:

Մյուս կողմից, Ն.Նազարբաևը վերջերս հիասթափվել է Արևմուտքից: Մոսկվա կատարած իր վերջին այցի ընթացքում նա իր հեռուստահարցազրույցներից մեկում ասել է. «Իրականում ֆինանսատնտեսական ճգնաժամը չի դադարել. ինչպես սկսվել էր 2007-2008թթ., այնպես էլ շարունակվում է: Այս ամենը վկայում է, որ աշխարհում սկսել են էրոզիայի ենթարկվել (քայքայվել) արևմտյան արժեքները, սպառողական հասարակությունը, որն ագահորեն հարստություն էր կուտակում` օգտվելով «թեթև» վարկերից: Եկել է ժամանակը, երբ այդ փուչիկը պայթել է, ուստի մեր Միասնական տնտեսական տարածության Մաքսային միությունը, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի տնտեսական միությանն ուղղված շարժումը հենց ելք է ստեղծված իրավիճակից»: Մի՞թե այսպես մտածող մարդը կարող էր դաշինքի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ:

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՐԹ ՉԷ

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Թուրքիան ունի Եվրասիայում ինտեգրման ի՛ր տարբերակը, որը հակադիր է Ռուսաստանի առաջարկած Եվրասիական տնտեսական միությանը: Եվ միանգամայն հավանական է, որ Ստամբուլում Ղազախստանի նախագահի հայտարարությունները արտացոլում են ինտեգրման թուրքական տարբերակը կյանքի կոչելուն ուղղված ջանքերը:

Համենայն դեպս, մի բան հստակ է` Ղազախստանը շատ բան է արել և անում է թյուրքական երկրների միություն ստեղծելու ուղղությամբ: Ն.Նազարբաևի նախաձեռնությամբ արդեն գործում են «ԹՅՈՒՐՔՍՈՅ» մշակութային կազմակերպությունը, թյուրքալեզու պետությունների ղեկավարների խորհուրդը, թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովը (Բաքվում), Թյուրքական ակադեմիան (Աստանայում): Այս տարվա օգոստոսի 22-ին թյուրքալեզու պետությունները համաձայնության եկան միասնական դրոշ ունենալու հարցում: Այդ դրոշը կազմվել է չորս պետությունների խորհրդանիշներից. կիսալուսինը վերցվել է Թուրքիայի դրոշից, արևը` Ղրղըզստանի, աստղը` Ադրբեջանի, գույնը` Ղազախստանի: Թուրքիայի արտգործնախարարն այդ առթիվ հայտարարեց. «Միասին մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Նոր դրոշը կլինի Եվրամիության դրոշի նման և պարտադիր կբարձրացվի թյուրքալեզու երկրների ազգային դրոշների հետ միասին»:

Իհարկե, ամեն ինչ հարթ չէ պանթյուրքական միության ճանապարհին: Հակառակ դեպքում Ղազախստանը ստիպված չէր լինի ավելացնել իր ռազմական խմբավորումը Կասպից ծովում և մտահոգվել Ուզբեկստանի ռազմականացման կամ ջրի խնդրի (Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանին գտնվող Արալի ծովի (լճի) ցամաքելու) պատճառով սրել հարաբերությունները հարևանների հետ, մտահոգվել հարևան թյուրքալեզու պետությունների տարածքից մահմեդական ծայրահեղականների ներթափանցմամբ: Ղազախստանի այսօրվա «պանթյուրքիզմի» քաղաքականությանը հազիվ թե աջակցեն ինքնաբավ Թուրքմենստանը և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող Տաջիկստանը, ինչպես նաև Չինաստանը, որի համար պանթյուրքիզմն ու անջատականությունը Սինծյանում հոմանիշներ են: Ստամբուլյան հայտարարությունները կարող են բարդացնել նաև Ղազախստանի հարաբերությունները «ոչ թյուրքական» Իրանի և Իրաքի հետ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ռազմաքաղաքական


28/11/2012