Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է



Ձևավորված կարծիքի համաձայն՝ բանակի ամենամարտունակ ուժը հետախուզական զորամասերն ու ստորաբաժանումներն են։ Մեծ է վստահությունը նրանց նկատմամբ, և դժվար է պատկերացնել բանակն առանց հետախույզների և հետախուզական ստորաբաժանումների։ Հենց այդ պատճառով էլ մեր ազգային բանակում Հետախույզի օրը տոնական է ինչպես ԶՈՒ ԳՇ համանուն վարչության և ենթակա զորամասերի, այնպես էլ մյուս զորատեսակների՝ հատկապես հրաձգային ու մոտոհրաձգային զորամասերի, հետախուզական ստորաբաժանումների համար։ Անտարակույս, զորատեսակի առաջատարը գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասն է, որը, կազմավորվելով Արցախյան ազատամարտի օրերին, իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ հայոց նոր պետականության ռազմարվեստի պատմության մեջ։ Ինչպես բանակաշինության նախորդ փուլերում, այնպեսև այսօր զորամասը փայլուն է կատարում առաջադրվող բոլոր խնդիրները և, մշտապես կատարելագործելով ստորաբաժանման մարտունակությունը, պատրաստ է ցանկացած պահի կատարել մարտական ամենաբարդ առաջադրանքները։

Հետախույզի օրվա առիթով կրկին այցելեցինք զորամաս, գնդապետ Վ. Գրիգորյանի հետ զրուցեցինք ընթացիկ ուսումնական տարվա ծրագրերի իրականացման շուրջ, հետևեցինք ընթացող պարապմունքներին։

-Զորամասի առանձնահատկություններից ելնելով՝ մեծ ուշադրություն ենք դարձնում ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆիզիկական, էլ չեմ խոսում կրակայինի և ձեռնամարտի մասին, որոնք շատ բարձր մակարդակի վրա են։ Զորամասի յուրաքանչյուր ստորաբաժանում ուսումնական տարվա ընթացքում անցկացնում է լեռնային ուսումնական կենտրոնում, որտեղ ստեղծված են մարզումային հատուկ պայմաններ։ Պաշտպանության նախարարության համազորային ուսումնական կենտրոնում նույնպես հետախուզական զորքերի համար ստեղծվել են մարզումների ուսումնական տեղամասեր, որոնք նույնպես լիարժեքորեն են օգտագործվում։ Ինչպես տեսնում եք, զորամասում աշխատանքներ ենք տանում նոր, է՛լ ավելի լավ մարզումային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Ամենօրյա ուսումնական ծրագիրը կատարվում է, ստորաբաժանումներով սովորում են, մարզվում, կատարելագործում դեսանտային (թռիչքային) տեխնիկան։ Ուսումնական գործընթացը երբեք կանգ չի առնում, ավելին՝ գնալով կատարելագործվում է։

-Տարվա ընթացքում ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եք ստուգել ստորաբաժանումների մարտունակության աստիճանը։

-Ուսումնական ծրագրի համաձայն, սահմանված ժամկետներում ստուգվում են առանձին զինծառայողների և խմբերի, վաշտերի գիտելիքներն ու հմտությունները, որոշվում են լավագույնները, և եթե լինում են թերացումներ, ապա լրացուցիչ աշխատանք է տարվում դրանք շտկելու համար։ Բացի այդ, անցկացրել ենք մարտավարամասնագիտական զորավարժություններ, օրինակ՝ փոխգնդապետ Ա. Վարդանյանի ստորաբաժանումը կազմակերպել և իրականացրել է հետիոտն 300 կմ-անոց երթ N օպերացիոն ուղղությամբ։ Որպեսզի զինծառայողները պատրաստ լինեն նման առաջադրանքի կատարմանը, պետք է անհրաժեշտ պատրաստություն ունենան։ Հենց դրա համար էլ պարապմունքներ ենք կազմակերպում լեռնային բարդ պայմաններում։ Յուրաքանչյուր ստորաբաժանում ամսվա ընթացքում գտնվում է դաշտային երթի մեջ, հղկում մասնագիտական ունակությունները, զբաղվում կրակային պատրաստականության մակարդակի բարձրացմամբ։ Կազմակերպել և անցկացրել ենք նաև զորավարժություններ վաշտերի, ջոկատների կազմերով։ Սեպտեմբեր ամսին մայոր Վ. Օհանյանի ստորաբաժանումը մասնակցեց ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ համատեղ զորավարժությանը և ամբողջությամբ կատարեց առաջադրված խնդիրը, որը, ի դեպ, մեր զինծառայողների համար շատ հեշտ էր։ Հոկտեմբերի մեկից զինված ուժերում անցկացված հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության ֆոնին մենք անցկացրինք զորամասի կազմով մարտավարամասնագիտական զորավարժություն։ Մասնակցում էին բոլոր ստորաբաժանումները, դրանց մի մասի համար նախատեսված էին «անիրագործելի» առաջադրանքներ։ Նրանք պետք է ստուգեին, ճշտեին և մեզ ապացուցեին, որ առաջադրանքն անիրագործելի է։ Ի պատիվ իրենց, նրանք կարողացան ճիշտ կողմնորոշվել։ Դեռ ավարտված չէ այդ զորավարժության արդյունքների ամփոփումը, բայց կարող եմ ասել՝ ես գոհ եմ կատարված աշխատանքից։

-Ի՞նչ վիճակում է զորամասի սպառազինությունը, արդյոք համապատասխանո՞ւմ է զորատեսակի բոլոր պահանջներին։

-Սպառազինությունը միշտ թարմացվում է։ Պաշտպանության նախարարությունը մեզ ապահովում է նոր, լավագույն զենքերով, սարքավորումներով, հատուկ հանդերձանքով։ Այդ հարցում ոչ մի խնդիր չունենք։

-Հետախույզների շրջանում առանձին աշխատանք տարվո՞ւմ է նրանց բարոյահոգեբանական, կամային որակների բարձրացման ուղղությամբ։

-Անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստությունը շատ բարձր է, և այդ ուղղությամբ մենք ամեն օր ենք աշխատում։ Մեր զորամասը ուժեղների, անձնազոհության պատրաստ տղաների զորամաս է, գիտակցական ցածր աստիճան, բարոյակամային թույլ հատկանիշներ ունեցող մարդիկ մեր զորամասում չեն կարող ծառայել։

-Ներկայացրեք, խնդրեմ, զորամասի համալրման չափորոշիչները։

-Զորամասում ծառայության են նշանակվում միայն մասնագիտական կրթություն ստացած սպաները և այլ զորամասերում ծառայած ու մեզ անհրաժեշտ պատրաստականություն ունեցող սպաները։ Միջին ու կրտսեր օղակների սպաներից շատերը մասնագիտական վերապատրաստում են անցնում տարբեր երկրների ուսումնական հաստատություններում, բանակներում։ Այդ գործընթացը շարունակական է, այսինքն՝ այսօր էլ սովորելու համար գործուղվածներ կան։

Զորամասը համալրվում է ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային ծառայության զինվորներով, որոնք, կրկնում եմ, ունեն անհրաժեշտ մակարդակի գիտելիքներ և ֆիզիկական տվյալներ։

♦♦♦

Զորամասի խմբերից մեկը մեկնել էր ավիացիայի ուսումնական կենտրոն՝ դեսանտային պարապմունքների։ Ստորաբաժանումներից մի քանիսն էլ ձեռնամարտի պարապմունք էին անցկացնում։ Փոխգնդապետ Հ. Բաբայանի վաշտերից մեկը մարզվում էր կապիտան Գ. Վարդումյանի ղեկավարությամբ։

-Սա կոչվում է բահերով կատ, այն կոչվում է նաև «խաչի ասպետ»։ Սրա բարդությունն այն է, որ պաշտպանվում և հակառակորդին չեզոքացնում ես բահերով, բայց փակ աչքերով,- պարզաբանեց կապիտանը։

Մեկ այլ տեղամասում պայմանագրային զինծառայողներն էին։ Նրանց շարքերում շատ էին նաև աղջիկները։

-Ես, մինչև ծառայության անցնելը, զբաղվել եմ սամբոյով, իսկ այստեղ հմտացել եմ արևելյան մարզաձևերում։ Չեմ դժվարանում, նույնիսկ հաճույք եմ ստանում պարապմունքներից,- ասաց շարքային Ալինա Սարգսյանը։

-Արդեն երրորդ տարին է, ինչ ծառայում եմ, բազմաթիվ զորավարժությունների, ռազմերթերի եմ մասնակցել, կատարել եմ լուրջ առաջադրանքներ,- ասաց շարքային Մարիամ Գևորգյանը։

Հետաքրքիր էր նրա մենամերտը շարքային Վարդգես Վարդանյանի հետ։ Մարիամը հմտորեն Վարդգեսին շրջեց գլխիվայր ու դաժանորեն տապալեց գետնին։ Այստեղ նույնիսկ մարզումների ժամանակ իրար «չեն խնայում»։

Կրտսեր սերժանտ Ռ. Գևորգյանը արևելյան մարտարվեստների հմուտ մասնագետ է և իր վարպետությունն է փոխանցում ջոկի անդամներին, ձյուդոյիստ շարքային Հ. Խաչատրյանն էլ այստեղ է տեղափոխվել խաղաղապահ զորամասից ու, բնականաբար, ըմբշամարտի այդ ձևի մարզումներ է անցկացնում։

Զորամասում ծառայողների ութսուն տոկոսից ավելին սպորտով զբաղված մարդիկ են։ Սուրեն Սահակյանը, օրինակ, թեթևատլետ է, 1500 մ վազքի մրցումներում երեք անգամ դարձել է հանրապետության չեմպիոն, ծառայության ընթացքում էլ համաբանակային սպարտակիադայի չեմպիոն։ Սերժանտ, ջոկի հրամանատար Գևորգ Սայամյանը նույնպես պարապած տղա է։ Հունահռոմեական ըմբշամարտիկներ են շարքայիններ Գալուստ Փիլոյանը, Էդվին Չիբուխչյանը, Սևակ Խաչատրյանը։ Վերջինս երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Սիբիրում և դարձել է մարզի չեմպիոն։ Շարքային Մխիթար Վարդանյանն էլ բասկետբոլիստ է, ՀՀ հավաքականի անդամ։ Շարքային Անի Հովհաննիսյանը նույնպես թեթևատլետ է, իսկ ծանր զենքի դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ Մարտիրոս Հարությունյանը՝ ջիու-ջիցու մարզաձևով։

Փոխգնդապետ Ա. Վարդանյանի վաշտերից մեկի պարապմունքը ղեկավարում էր կապիտան Վ. Սրապյանը։ Նա վինգտսան մարտարվեստի մարզիչ է։

-Մենք հղկում ենք ինքնաձիգով, ատրճանակով զինված հակառակորդին փայտերով, դանակներով դիմագրավելու և չեզոքացնելու մեր վարպետությունը։ Զինծառայողների մեջ քիչ չեն տարբեր մարզաձևերից նախկինում մարզիչներ աշխատած տղաները, օրինակ՝ շարքային Կարեն Մհերյանը կարատեի մարզիչ է, վաշտում կան նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ՝ նրանցից է շարքային Կարեն Կարապետյանը։ Նա ներքին զորքերի զինվոր է եղել։ 1992-94թթ. կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Մեր փորձառու և երիտասարդ զինվորների միասնությունը, հաջող ծառայությունը նպաստում է ոչ միայն մասնագիտական վարպետության կատարելագործմանը, այլ նաև մարտական ոգու, բարոյակամային բարձր հատկանիշների,- ասաց կապիտան Վաղինակ Սրապյանը։

♦♦♦

Մասնագիտական տոնը բարձր արդյունքներով է նշանավորում գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասը։

-Այս տարվա առաջին ուսումնական փուլի ավարտական քննություններն ընդունել է վարչության հանձնաժողովը, որը գոհ է մնացել աշխատանքից,- ասաց փոխգնդապետ Ս. Օրդյանը։ -Ուսումնական տարվա ընթացքում իրականացված միջոցառումներից, անշուշտ, ամենածավալունը հոկտեմբերի մեկից սկսված հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժություններն էին, որոնց մասնակցում էին բոլոր մարտական հենակետերը։ Զորավարժությունը շատ «հոգեհարազատ» էր մեր մարտական ստորաբաժանումներին, որովհետև համահունչ էր նրանց ամենօրյա գործունեությանը։ Մենք՝ հրամանատարական կազմի սպաներս, ծառայությունների պետերը, պարբերաբար լինում ենք հենակետերում, հետևում և ստուգում ենք ռազմական ուսուցման, առաջադրանքների կատարման, կենցաղային և կուլտմասսայական աշխատանքների կազմակերպման ընթացքը, ծառայական կարգապահության վիճակը։ Ընթացիկ ուսումնական տարում իրենց նվիրված աշխատանքով առանձնանում են կապիտան Հ. Սարգսյանը, ավագ լեյտենանտ Յ. Զախարյանը, մայոր Ս. Խանդոյանը (ներկայումս լավագույն հենակետն է), փոխգնդապետ Ա. Բեգլարյանը, ՌԴ ակադեմիաներից մեկը վերջերս ավարտած և զորամաս վերադարձած և հենակետի հրամանատար նշանակված մայոր Ռ. Շահջանյանը, շարքայիններ Վարդան Պապիկյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Ծատուրյանը, կրտսեր սերժանտ Սևակ Ղազարյանը, շարքային Սարգիս Հովհաննիսյանը, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարազդատ Ղազարյանը, շարքայիններ Սարգիս Գիշյանը, Ռուդոլֆ Գասպարյանը, Տիգրան Ջահանգիրյանը։ Զորամասը գտնվում է վարչության ամենօրյա ուշադրության կենտրոնում, ապահովված է ժամանակակից սարքավորումներով և ամբողջությամբ կատարում է ամենօրյա առաջադրանքները։

Ասեմ նաև, որ մենք աստիճանաբար անցնում ենք պայմանագրային ծառայության և ձգտում ենք ստորաբաժանումները համալրել կարող ուժերով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/11/2012