Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԷՋ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ



(1920 թ. հունվար)

Սկիզբը՝ նախորդ համարում

Ըստ վաղօրոք մշակված ծրագրի` Շուռնուխը, Էյվազլարը, Մազրան, Նավլուն և նրանց շրջակա գյուղերը մինչև Հագարու գետը թուրք բնակչությունից պիտի մաքրվեին հունվարի 6-ին և 7-ին:

Վարդան Գևորգյանը, իր հեղինակած «Լեռնահայաստանի գոյամարտը (1919-1921)» գրքում ներկայացնելով այդ ժամանակահատվածում Զանգեզուրում ձեռնարկած գործողության մանրամասները, «Շուռնուխի արշաւանքը» ենթագլխում հայ մարտական ուժերի հաղթանակները վերագրում է առավելապես Նժդեհին ու նրա գլխավորած Ղափանի մարտախմբին: Հարկ է ընդգծել, որ Զանգեզուրը մահմեդական բնակչությունից մաքրելու գործողությունների ուսումնասիրությունն աներկբա մատնանշում է, որ Նժդեհին վերագրած Վարդան Գևորգյանի գնահատականը այնքան էլ չի համապատասխանում իրականությանն ու չափազանցված է: Ճիշտ է, Նժդեհի գլխավորած Ղափանի մարտական ուժերը իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել գավառը թուրքերից մաքրելու չափազանց կարևոր գործողության իրականացմանը, սակայն գործել են ռազմաճակատի մեկ այլ հատվածում:

Այդ նույն գործողության մասնակից Արտեմ Խանզատյանի (Զանգեզուրցի) հավաստմամբ` «Նժդեհի առաջնորդած ղափանցիների մարտախմբերին հանձնարարվում է. հարձակումը սկսել Եղվարդ գյուղի տարածքից և շրջապատման մեջ վերցնել ու «մաքրել» մինչև Զեյվա գյուղի անտառապատ սարերն ընկած թուրքական բնակավայրերը»: Նրա հավաստմամբ` Յապոնի և տաթևացի Վարդանի գլխավորած մարտախմբերին է վստահվում Զանգեզուրի ամենադժվարին ու պատասխանատու տեղամասի` թուրքական ամենախիտ բնակչություն ունեցող բնակավայրերի (Տանձավեր, Շուռնուխ, Մազրա, Նավլու ու նրանց հարակից գյուղերի) վրա հարձակվելու և այդ գյուղերը թուրք բնակչությունից իսպառ մաքրելու առաջադրանքը:

Այդ նույն իրողությունը իր հուշերում ներկայացնում է նաև Յապոնը: Նրա վկայությամբ` «…Դրօն կանչեց ինձ իր մօտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային Խորհրդի համաձայնութեամբ կայացուած որոշումով՝ 1920-ի յունուարի սկզբներին պէտք է յարձակում լինի թրքական Շուրնախի-Էյվազլար շրջանի վրայ` այդ շրջանի 28-ի չափ գիւղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանութիւնը եւ զինաթափ լինեն, քանի որ նրանց շրջանը մտնում է հայկական Զանգեզուրի սահմանների մէջ: Այլապէս ամբողջ բնակչութիւնը պէտք է հարկադրուի թողնել այդ շրջանը եւ հեռանալ դէպի թրքական շրջանները:

… նա որոշեց ինձ յանձնել ռազմական գործողութեան դաշտի ամենից պատասխանատու ու դժուարին ճակատը` Շուրնախի կենտրոնական գիւղի վրայ քայլող Տանձաւէրի հովիտից առաջացող ճակատը…»:

Հունվարի 6-ի առավոտյան Դրոն իր զորամասով դուրս է գալիս Գորիսից, ապա Քարահունջ տանող ճանապարհով անցնում է Բարգուշատի ձորերով և շարժվում դեպի Էյվազլար: Որպեսզի թուրքերին զրկի լեռների ամրություններում պաշտպանվելու հնարավորությունից, հրամայում է թնդանոթներից կրակ տեղալ թուրքաբնակ գյուղերի վրա:

«Տեղատարափ կրակոցներէն, – պատմում է Արտեմ Խանզադյանը , – թուրք ժողովուրդը անակնկալի է գալիս: Այնքան անակնկալ է լինում յարձակումը, որ թուրքերը ժամանակ չունենալով որեւէ ապրանք վերցնելու, թողնում են տուն եւ տեղը եւ փախչում պատսպարուելու, գիւղերի շրջաններումը ընկած Ուզուն Մեշու (երկար Անտառ) անտառները»:

Նույն հաջողությամբ էին ընթանում նաև մյուս ուղղություններում հարձակվող զանգեզուրյան մարտական ուժերի գործողությունները: Հարձակման նախօրեին Յապոնի և տաթևացի Վարդանի առաջնորդած Հալիձոր-Երիցաթումբի մարտախմբերը անցնում են Որոտանի կիրճն ու անշշուկ մոտենում և դիրքեր են գրավում Տանձավերի անտառներում ու սպասում հարձակման ազդանշանին: Լուսաբացին մարտախմբերը հարձակվում ու քարուքանդ են անում թուրք բեկերի նստավայրը համարվող Տանձավեր գյուղը, ապա շարժվում դեպի թուրքաբնակ ամենամեծ բնակավայրը` Շուռնուխ: Որպեսզի կարողանային գրավել Շուռնուխը, մարտախմբերը պիտի Տանձավերի հովտից Ուզուն-Մեշա անտառի միջով առաջանային և հաղթահարեին Տանձավեր հովտի միջնամասում գտնվող Մարկազ սարի բարձունքներում և նրա մերձակայքում գտնվող անառիկ դիրք ունեցող գյուղերում կենտրոնացած թուրք զինյալների ամրացած հենակետերի դիմադրությունը:

Իր հուշերում ներկայացնելով կռիվների մանրամասները՝ Յապոնը գրում է. «…Քաշեցի մաուզերս ու առաջ ընկայ:

-Դէպի Մարքազ (նկատի ունի Տանձավեր հովտի միջնամասում գտնվող սարի ու գյուղերում ամրացած թուրքական հենակետերը-Հ. Գ.),-կանչեցի,-չթողնենք, որ թշնամին աչք բաց անի… Ու սկսուեց բոլորի մէջ, զինուոր, թէ սպայ-անասելի մի մրցութիւն. ով առաջինը պիտի հասնէր բարձունքի գագաթը, ով պիտի խլէր այնտեղ ծածանուող դրօշակը…

Հրաշալի է զանգեզուրցու հետ կռուի գնալը: Էդ խօմ կռիւ չէ, այլ քէֆ, հերոսական մրցութիւն՝ դժուարագոյն դիրքը գրաւելու, շարքում առաջինը լինելու համար…

Լուսաբացի հետ Մարքազը մեր ձեռքումն էր:

…Այստեղից մեր թափը կրկնապատկած՝ խփեցինք ուղիղ Շուրնախիի վրայ…»:

Թուրքական այդ կենտրոնական գյուղը թեպետ ուներ շատ լավ, անգամ գնդացիրներով զինված մեծաքանակ մարտական ուժեր և բնական անառիկ դիրք, սակայն կարողանում է ընդամենը մեկ ժամ դիմադրել հայ մարտիկների ձեռնարկած սրընթաց ու անկասելի գրոհին: Թուրքերը, մարտադաշտում թողնելով բազմաթիվ սպանվածների` լքում են գյուղը և դիմում փախուստի: Շուռնուխցիների փախուստին հետևում են սահմանամերձ թուրքական մյուս գյուղերի բնակիչները, որոնք նկատելով շուռնուխցիների փախուստը` խուճապի են մատնվում և հետևելով իրենց արյունակիցների օրինակին` սարսափահար հեռանում ու մոտենալով Մազրա գյուղին` դիրքեր են գրավում անտառում և փորձում դիմակայել հայ մարտիկների հարձակումները:

Զուգահեռաբար նույնպիսի հաջողությամբ թուրքական բնակավայրերը մեկը մյուսի հետևից մաքրում էին Արտեմ Խանզատյանի ու Սաքո-Յապոնի գլխավորած մարտախմբերը, որոնք հարձակման երկրորդ օրը գրավում են Դոնդարլու գյուղաքաղաքը և մոտենում Յապոնի առաջնորդած զորախմբին:

Այդ ընթացքում Շուռնուխը, Մազրան ու նրա սահմանամերձ գյուղերը գրավելուց ու մաքրելուց հետո, Յապոնի գլխավորած զորախումբն առանց ժամանակ կորցնելու արագորեն մոտենում է Նավլուին, ու անկասելի գրոհով գրավում նաև այդ գյուղը, որտեղ հանգրվանել էին տեղահանված թուրքաբնակ գյուղերի բազմահազար բնակիչներ:

Համառ կռիվներից հետո մաքրելով վերոհիշյալ բնակավայրերը` Յապոնի գլխավորած զորախումբն ամբողջովին մաքրում է նաև Մազրա ու Նավլու գյուղերը, որտեղ նրանց են միանում Սաքո-Յապոնի և Արտեմ Խանզատյանի գլխավորած մարտական խմբերը, որոնք Դոնդարլու գյուղաքաղաքը արագորեն ու առանց զոհերի գրավելուց հետո նույնպես հասնում են Նավլու, որը Յապոնի մարտիկների կողմից արդեն մատնվել էր կրակի ու ավերածության:

Իրեն հանձնարարված Եղվարդից մինչև Զեյվա ձգվող տեղամասը թուրք բնակչությունից մաքրելուց հետո, Նավլու գյուղ է հասնում նաև Նժդեհի գլխավորած Ղափանի զորախումբը:

Ա. Խանզատյանի վկայությամբ` հաջորդ օրը «Նժդեհ ղափանցի կտրիճների գլուխը անցած՝ առաւօտեան եկաւ կրակի բաժին դարձած Նաւլու գիւղը»:

Մարտական առաջադրանքը գերազանց էր կատարված: Զանգեզուրի մարտական ուժերն ամբողջովին մաքրում են թուրքաբնակ գյուղերն ու չբավարարվելով ձեռք բերածով` շարունակում են հարձակումը և հետապնդելով խուճապահար հեռացող թուրքերին` հասնում են մինչև Հագարու գետը և այդ տարածքը առանց մեծ ջանքեր գործադրելու, նույնպես մաքրում են թուրք բնակչությունից: Հաշված օրերի, ավելի ստույգ` ընդամենը երկու օրվա ընթացքում Նժդեհի, Հովհաննես և Սաքո Յապոնների, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կարողանում են գրեթե առանց լուրջ կորուստների Զանգեզուրի տարածքը մինչև Հագարու գետը մաքրել թուրք բնակչությունից:

Իր գնահատականների մեջ խիստ հաշվենկատ գեներալ Հախվերդյանը, ըստ արժանվույն գնահատելով այդ փաստը, նշում է. «Առաջին խնդիրը Զանգեզուրի հարավային և արևելյան շրջաններն ու Ղափանը, ինչպես նաև Զանգեզուրի և Ղարաբաղի միջև ընկած գոտին թաթար բնակչութիւնից մաքրումը, կատարվեց փայլուն կերպով: Չնայած համառ դիմադրությանը` թաթարական բնակավայրերը հրդեհվեցին, իսկ բնակիչները դուրս քշվեցին:

Ղարաբաղի հետ կապող ուղին բացված էր»:

Զանգեզուրը մահմեդական բնակչությունից մաքրելու գործողությունը, իրոք, ընթացել է շատ արագ: Ս. Վրացյանի գնահատմամբ` «Այսպէս կազմակերպւած զանգեզուրցիք մի գրոհով մաքրեցին բուն Զանգեզուրի և Ղափանի միջև ընկած տարածութիւնը` Դոնդարլու-Շուռնուխ-Ասկիլիում թրքական շրջանը, մօտ 30 գիւղ: Մարտին գրաււեց Աւդալար-Ալեանչու-Մուսուլմանլար-Բարգիւշատ շրջանը, ուր գտնւում էին մօտ 120 թրքական գիւղեր»:

Եթե ընդհանրացնենք 1920 թ. հունվարի սկզբներին Զանգեզուրում Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ տեղի ունեցած գործողությունը, ապա աներկբա պիտի նշել, որ փաստորեն այդ նշանավոր ու չափազանց արգասաբեր գործողության արդյունքում ոչ միայն լիովին մաքրվում է Զանգեզուրի տարածքը մահմեդական բնակչությունից, այլև բացվում են Արցախ տանող ուղիները:

Հարց է ծագում. ինչպիսի՞ իրավիճակում կհայտնվեր Զանգեզուրը, ու տարիներ անց ինչպիսի՞ն կլիներ գավառի հայ և թուրք բնակչության քանակական հարաբերակցությունը, եթե չձեռնարկվեին վերոհիշյալ գործողությունները:

Եթե նկատի ունենանք, որ մահմեդական բնակչությունը անհամեմատ ավելի արագ է բազմանում, իսկ դա գաղտնիք չէ, ապա այդ հարցի պատասխանը դառնում է միանգամայն ակնառու, հստակ ու հասկանալի:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Պատմության էջերից


07/11/2012