Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է»



Գնդապետ Մ.Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմը ներգրավված է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում: Զորավարժության անվանումն է «ՀՀ ԶՈՒ հետ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների կազմակերպում և անցկացում»։

-Գլխավոր շտաբի կողմից հաստատված պլանի համաձայն` մենք, որպես վերահսկողական խումբ, նշանակվել ենք այս զորամասում, որպեսզի վերահսկենք զորավարժությունների ծրագրին համապատասխան անցկացվող բոլոր միջոցառումները, ինչպես նաև հարկ եղած դեպքերում ցուցաբերենք մասնագիտական խորհրդատվություն,- ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ավագ սպա, փոխգնդապետ Ա. Մկրտչյանը։

Տագնապ-ազդանշանը տրվել էր 07։50 րոպեին, զորամասի սպայակազմը ներկայացել էր սահմանված ժամկետում։ Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Գ. Խեչոյանը մեկնարկից առաջ վերջին ցուցումներն էր տալիս.

-Ստացել ենք ազդանշան զորամասը բերել մարտական պատրաստության բարձր աստիճանի։ Տագնապով վերկացի պլանի համաձայն` հրամանատարական կետի անձնակազմը դուրս է գալիս հրամանատարական կետ։ Ստուգման շրջանում տրվեցին վերջին հրահանգները, երթի մարտական հրամանը, և շարասյունը շարժվեց հրամանատարական կետ:

Հրամանատարական կետ ձգվող ոլորապտույտ ճանապարհը լավ վիճակում է։ Այն կառուցելիս հաշվի են առնվել նաև եղանակային հնարավոր անբարենպաստ պայմանները։ Հասնելով հրամանատարական կետ` անձնակազմը ձեռնամուխ է լինում վրանների տեղադրմանը։

-Զորամասը, որտեղ ես միջնորդ եմ, տվյալ ժամին, ըստ ստացած կարգադրության, բացազատել է իր հրամանատարական կետը և ճշտումներ կատարելուց հետո ձեռնամուխ է եղել իր առջև դրված մարտական խնդիրների կատարմանը,- ասում է փոխգնդապետ Ա.Մկրտչյանը։

Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը բարձր է։ Խնդիրը կատարվում է ժամանակին, ըստ հաստատված գրաֆիկի։ Զորամասի ամեն մի ծառայություն կատարում է իր ճշգրտված խնդիրները և իրեն հատկացված տեղում բացազատում է իր կետերը։

-Ես արդեն 20 տարի է՝ ծառայում եմ մեր բանակում։ Դեռ պատերազմական օրերից, ակունքներից տեսել-զգացել եմ մեր բանակի ձեռքբերումները, շատ բան է փոխվել, զարգացման մեծ ճանապարհ ենք անցել,- ասում է ՊՆ-ի աշխատակազմի վերահսկիչ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Գ. Մելքոնյանը։

Զորամասի հրամանատար, գնդապետ Մ. Աբրահամյանի հետ բարձրանում ենք հրամանատարական կետ։ Գնդապետը ցույց է տալիս լեռնալանջերին ձգվող սահմանային այն տարածքը, որտեղ կանգնած են զորամասի զինծառայողները։

-Մարտական հենակետերում գտնվող անձնակազմի առաջնահերթ խնդիրն է սահմանի անվտանգության ապահովումը, սակայն նրանք կատարում են նաև զորավարժության պլանով նախատեսված խնդիրները: Զորավարժությունների արդյունքում անձնակազմը արհեստավարժություն է ձեռք բերում։ Չկա ավելորդ շտապողականություն, խնդիրները կատարվում են սահմանված ժամկետում,- ասաց զորամասի հրամանատարը։

Զրուցում ենք զորամասի տարբեր ծառայությունների պետերի հետ, լսում նրանց կարծիքը։

Զորամասի բուժծառայության պետ, կապիտան Ղ. Թադևոսյան.

-Մարտական խնդիր կատարող զորամասում մեր ծառայությունն առանձնահատկություններ ունի։ Այստեղ բժիշկը անընդհատ պետք է զգոն լինի և պատրաստ` ամեն պահի արձագանքելու ցանկացած արտակարգ իրավիճակի։ Հրամանատարությունը մեծ ուշադրություն է հատկացնում բուժծառայությանը, և մեր առջև ծառացած ցանկացած խնդիր արագ լուծում է ստանում։ Այս պահին զորամասի բուժկետը բացազատվել է թիկունքի ղեկավարման կետի տեղակայման շրջանում։ Մեր խնդիրն է անձնակազմի բժշկական ապահովումը, տարածքի սանիտարահիգիենիկ հետախուզումը։ Հատուկ ուշադրություն է դարձվում ջրամատակարարմանը։ Անընդհատ անցկացվում են սանիտարական և հակահամաճարակային միջոցառումներ։

Փոխգնդապետ Ա. Բուդաղովը վերջերս է ծառայության նշանակվել այս զորամասում, սակայն զգացվում է, որ երիտասարդ սպան արդեն իսկ վայելում է ինչպես հրամանատարության, այնպես էլ զինծառայողների հարգանքն ու վստահությունը։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաներից է։ Ավարտել է եւ անցել ծառայողական բոլոր աստիճաններով։ Պարգևատրվել է «Անբասիր ծառայության» I, II աստիճանի, «Ծովակալ Իսակով» մեդալներով, պատվոգրերով։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

-Ես բազմիցս մասնակցել եմ զորավարժությունների, սակայն դիվիզիոնի կազմով։ Առաջին անգամ եմ մասնակցում այսօրինակ զորավարժության: Իմ ենթակաները միշտ եղել են 18-20 տարեկան զինվորները, իսկ այս զորամասում գործ ունենք տարիքով ավելի մեծ, կյանքի փորձ ունեցող մարդկանց հետ։ Նրանք մեծ ավանդ ունեն մեր երկրի պաշտպանության գործում և մեծ ցանկություն` ծառայությունը շարունակելու։ Հրետանին մեծ դեր ունի լեռնային պայմաններում։ Պիտի ուրախությամբ նշեմ, որ ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները,- ասաց փոխգնդապետ Ա. Բուդաղովը։

Կապավորներ՝ լեյտենանտ Ա. Երիցյանը և սերժանտ Ա. Մելքոնյանը զբաղված են ստորաբաժանումների կայուն, անխափան կապն ապահովելով։

Հրամանատարական կետի բացազատումից հետո փոխգնդապետ Ա. Մկրտչյանը նշեց, որ շտաբի կառավարումը կատարվելու է նոր բացազատված հրամանատարական կետից։ Զորավարժության ընթացքում զորամիավորման շտաբից ստացվելու են լրացուցիչ շրջաբերականներ և ներածականներ, որոնց համապատասխան էլ անձնակազմը ձեռնամուխ կլինի իր հետագա անելիքներին։

♦♦♦

Զորամասի հրամանատար, գնդապետ Մ. Աբրահամյանը, ներկայացնելով ծառայությունն իրենց զորամասում, շեշտեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Բանակը մեր տունն է» կարգախոսն այստեղ հատուկ բովանդակություն ունի: Զորամասում ծառայում են նույն ընտանիքի անդամներ, մասնավորապես՝ կա մի ամբողջ ծառայող ընտանիք` հայրը, մայրը և իրենց երկու որդիները։ Ծառայում են բարեխիղճ, նվիրված։

Ամուսիններ, ենթասպաներ Արմեն Հարությունյանը և Նազելի Մելքոնյանը Չարենցավանից տեղափոխվել և բնակություն են հաստատել սահմանամերձ գյուղում։ Ամուսինը իր մասնակցությունն է ունեցել Արցախյան ազատագրական պայքարին։ Գաղտնի զենք-զինամթերք են պատրաստել և ուղարկել ռազմաճակատ։

Ավագ որդին՝ Նարեկը, կրտսեր սերժանտ է, ջոկի հրամանատար, մյուս որդին՝ Վարդանը, ավագ սերժանտ է, երկուսն էլ բարձրագույն կրթությամբ, երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են։ Ի դեպ, նրանց մորեղբայրը՝ Սարիբեկ Մելքոնյանը, նույնպես ծառայում է այս զորամասում։

-Բնակվում ենք այստեղ վարձակալական հիմունքներով։ Հերթագրված ենք բնակարանի համար։ Ուրախ եմ, որ ողջ ընտանիքով ծառայում ենք մեր բանակում,- ասում է Նազելի Մելքոնյանը,- որդիներս ժամկետային ծառայությունից հետո շարունակել են իրենց ծառայությունը, ամուսնուս հետ եղել են դիրքերում։ Միշտ պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը։

Ընտանիքի անդամները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, արժանացել են դրամական խրախուսանքի։

-Մեր ծառայակիցները կատակում են` «Մնում է թոռներն ու հարսներն էլ անցնեն ծառայության»։ Մեր ընտանիքի ամեն մի անդամ աշխատում է անթերի կատարել իր գործը։ Եթե մեզնից մեկնումեկը թերանում է ինչ-որ հարցում, տանը վերլուծում-գտնում ենք պատճառը և վերացնում,- ասում է Նազելի Մելքոնյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Ազգային բանակ


17/10/2012