Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ
ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 1-13-ը՝ համաբանակային զորավարժություններ

Զրույց Կենտրոնական տարածքային զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, զինկոմի տեղակալ փոխգնդապետ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն փոխգնդապետ, առաջին հարցը, որ ուզում եմ տալ, հուզում է շատերին։ Արդյոք համաբանակային զորավարժությունները կապվա՞ծ են վերահաս պատերազմի հավանականության հետ։

-Ո՛չ։ Պատերազմը այսօր նույնքան է հավանական, որքան մեկ կամ երեք տարի առաջ էր։ Համաբանակային զորավարժությունները ծրագրավորվել էին դեռևս անցյալ տարի։ Եվ ես չեմ կարծում, թե պատերազմի սպառնալիքը կամ պատերազմի հավանականությունը կարող են խուճապային տրամադրության պատճառ դառնալ մեր ժողովրդի շրջանում։ Ոչ ոք երբեք չի բացառել պատերազմի հնարավորությունը, և մեր ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ է ընդունել մարտահրավերը և պաշտպանել սեփական հայրենիքը։

-Այդուամենայնիվ, ժողովուրդը ցանկանում է իմանալ ճշմարտությունը՝ ինչո՞ւ 20 տարվա կենսագրություն ունեցող բանակը հենց այս տարի առաջին անգամ կազմակերպեց համաբանակային զորավարժություն։

-Երբ էլ լիներ զորավարժությունը, այդ հարցը հնչելու էր՝ ինչո՞ւ հենց հիմա։ Նման զորավարժությունների կազմակերպումը կապված է ֆինանսական ծախսերի հետ։ Եվ չեն կարող հաճախակի կազմակերպվել։ Վաղուց հասունացել էր պահը ստուգելու կցագրված անձնակազմի (պահեստազորայինների) զորահավաքային պատրաստականությունը։

-Ինչպե՞ս են ընթացել զորավարժության նախնական աշխատանքները։

-Կցագրված անձնակազմը ծանուցվել է համաբանակային զորավարժություններին իր մասնակցության մասին և հրավիրվել է զինկոմիսարիատ։ Զինկոմիսարիատում որոշակի բացատրական-ճանաչողական աշխատանքից հետո հրահանգավորվել է, ապա ստորագրությամբ հաստատել է զորավարժությանը մասնակցելու իր պարտավորությունը։

-Զորահավաքային ռեսուրսի ո՞ր մասն է կցագրված, և ինչո՞վ է պայմանավորված ընտրությունը։

-Զորամասերին կցագրված է զորահավաքային ռեսուրսի մոտ 15 տոկոսը։ Ընտրության ելակետը տարբեր զինվորական մասնագիտություններ ստացած զինապարտների պահանջարկն է զորամասերի համալրումն ապահովելու նպատակով։ Այսինքն՝ կցագրվում է զորամասերի մարտունակությունն ապահովող զինապարտների անհրաժեշտ քանակը։

-Ժողովուրդը պատրաստակա՞մ էր մասնակցելու համաբանակային զորավարժություններին։ Հրաժարվողներ կայի՞ն։

-Մարդիկ հիմնականում պատրաստակամ էին մասնակցելու զորավարժություններին։ Տարվել էր բացատրական աշխատանք։ Նրանք հասկանում էին, որ համաբանակային զորավարժությունն անհրաժեշտ միջոցառում է երկրի պաշտպանունակության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներին առավելագույն արդյունավետությամբ դիմակայելու համար։ Սակայն կային զինապարտներ, որոնք ունեին զանազան սոցիալական-կենցաղային խնդիրներ, ինչը, բնականաբար, խոչընդոտներ էր ստեղծում։ Կային նաև հրաժարվողներ (մի քանի հոգի), որոնց վերաբերյալ նյութերը ուղարկվել են համապատասխան իրավական ատյաններ՝ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու համար։

-Պարոն Աղաջանյան, պահպանվե՞ց արդյոք սոցիալական արդարության սկզբունքը համաբանակային առաջին զորավարժությունների ժամանակ։ Պաշտոնյաները և ֆինանսական հնարավորություն ունեցող մարդիկ մասնակցեցի՞ն զորավարժություններին, թե այն «ծանրացավ» բանվորագյուղացիական խավի ուսերին։

-Կենտրոն համայնքում ի՞նչ բանվորագյուղացիական խավ։ Քաղաքի կենտրոնական մասում ապրողները հիմնականում ունևոր մարդիկ են, ովքեր չեն վաճառել բնակարանը և չեն տեղափոխվել ծայրամաս ցուրտ ու մութ տարիներին, կամ ավելին, բնակարան են գնել քաղաքի Կենտրոն թաղամասում։ Զորավարժությանը մասնակցում էին և՛ բիզնեսմեններ, և՛ հարկային ու մաքսային ծառայությունների աշխատակիցներ, և՛ պաշտոնյաներ։ Թանկարժեք մեքենաների շարասյունը գնում էր դեպի համապատասխան զորամասեր, որպեսզի դրանց տերերը մասնակցեն զորավարժություններին։

-Քանի՞ օր է տևել զորավարժությունը։

-Կային երկու խմբեր՝ մեկօրյա և հնգօրյա։ Մեկօրյա խմբի մասնակիցները գալիս էին զինկոմիսարիատ, հրահանգավորվում էին, այնուհետև նրանց տանում էինք իրենց զորամասերը, որտեղ ստուգվում էին փաստաթղթերը, հաշվառվում էին և վերադառնում տուն։

Հնգօրյա խմբի մասնակիցները հավաքվում էին զինկոմիսարիատում, հրահանգավորվում էին, այնուհետև տեղափոխվում էին զորամաս։ Զորամասում ստանում էին համազգեստ, հանդերձանք և ծրագրով սահմանված կարգով իրականացվում էր ներդաշնակում (տեղի էին ունենում զորավարժանքները)։

-Ի՞նչ հաճախականությամբ է ստուգվում կցագրված անձնակազմը։

-Տարին մեկ անգամ։ Անհրաժեշտության դեպքում բացակայող անձինք փոխարինվում են։

-Իսկ չկցագրված ռեսուրսի շարժը հնարավո՞ր է վերահսկել։

-Մասամբ։ Տարին մեկ անգամ Հայաստանի բոլոր հիմնարկները տալիս են տեղեկություն իրենց զինապարտ աշխատակիցների մասին։ Գյուղական շրջաններում այն ավելի վերահսկելի է, որովհետև գյուղապետերը շատ լավ տեղյակ են գյուղի անցուդարձից։ Եվ անմիջապես զինկոմիսարիատին տեղեկություններ են հաղորդում առկա փոփոխությունների մասին։

-Ո՞ր տարիքային խմբերն էին մասնակցում զորավարժությանը։

-Մինչև 50 տարեկան շարքայինները, սերժանտները և ենթասպաները։ Մինչև 55 տարեկան սպաները։

-Ինչպե՞ս մասնակցեցին զորավարժությանը Ձեր տարածքի զինապարտները։

-Մեր տարածքի կցագրված զինապարտները գրեթե 100 տոկոսով ներկայացան զինկոմիսարիատ։ Զորավարժություններն անցան առանց միջադեպերի։ Մեր զինապարտները գոհացուցիչ արդյունքներ ցուցադրեցին զորավարժությունների ժամանակ, և նրանց մի մասն արժանացավ պարգևների։

-Ընդհանուր առմամբ, ի՞նչ տվեցին այս համաբանակային զորավարժությունները։

-Սա հայկական բանակի I համաբանակային զորավարժությունն էր, որը հնարավորություն տվեց ստուգելու կցագրված պահեստազորայինների զորահավաքային պատրաստականությունը։ Վերջիններս հնարավորություն ունեցան շփվելու զենքի հետ, վերհիշելու իրենց մասնագիտական գիտելիքները… Այս զորավարժություններն ունեին նաև բարոյահոգեբանական ենթատեքստ. այն մեկ անգամ ևս հիշեցրին ժողովրդին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և հայրենիքի պաշտպանության պարտքի մասին։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ