Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012». Ս.ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ Ն.ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհ է «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքից, կազմակերպումից, եւ ամենակարեւորը` հայ զինծառայողների գործողություններից:

Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ մարտավարական դաշտում մեր զինվորները համատեղ լուծել են ռազմաուսումնական խնդիրներ, ցույց են տվել բարձր պատրաստվածություն, միասնականություն եւ մարտական ընկերության ամենաբարձր մակարդակ:

«Զորավարժության նպատակներն իրականացված են, եւ ես գոհ եմ մեր զինծառայողների գործողություններից»,- հայտարարեց պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանի խոսքով, զորամիավորումների համատեղ գործողություններին նախորդել է ահռելի նախապատրաստական աշխատանք:

«Մեր զինծառայողները, զինվորները, սպաները, գեներալները մշակել եւ պատրաստվել են հիմնական փուլին»,-ասաց նա: Նախարարը շեշտել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը ոչ միայն ղեկավարների, շտաբների գիտելիքների ու կարողությունների ստուգումն ու համատեղ գործողությունների կազմակերպման ու անցկացման կարողությունների զարգացումն էր, ստորաբաժանումների համահունչ գործողություների մակարդակի բարձրացումը, այլեւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ գործողությունների իրականացումը: «Միաժամանակ մենք մեր առաջ դրել էինք հետազոտական նպատակներ` պարզելու, թե ինչպե՞ս են ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ համատեղ գործողությունների, արդյոք կարողանո՞ւմ են օպերատիվ կերպով արձագանքել այս կամ այն սպառնալիքին, որոնք կան ՀԱՊԿ տարբեր տարածաշրջաններում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Իր հերթին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շեշտեց, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժություններն անցան բարձր մակարդակով»: «Իրապես, մեծ աշխատանք է կատարվել, սակայն կարեւորն այն է, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, պաշտպանության նախարարությունն ու անձամբ նախարարը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի այսօր զորավարժարանը դիմափոխվի, մշակվի այդ զորավարժանքների մտահղացումն ու իրականացվի այն»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ըստ նրա` ՀԱՊԿ քարտուղարության համար կարեւոր է, որ ուսումնամարզական խնդիրները լուծվեն համատեղ ռազմական եւ օպերատիվ խմբերում` Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Բելառուսի զինծառայողների ջանքերով: «Նրանք գործում էին համահունչ, եւ ամենակարեւորը, կարողացան աշխատել եւ համատեղ լուծել խնդիրները»,- ընդգծեց Ն.Բորդյուժան:

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ռազմաքաղաքական


03/10/2012