Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԱՎ ՀՊՊ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ



Ազգային բանակում զինծառայողներին ուսուցանվում են շուրջ տասնյոթ առարկաներ, որոնց մի մասի համար ուսումնական տարվա երկրորդ կեսում անցկացվում են համաբանակային քննություններ, եւ որոշվում են լավագույնները։ Անհնար է գերագնահատել հասարակական պետական պատրաստություն առարկայի դերն ու նշանակությունը զինծառայողների գիտելիքների զարգացման, ընդհանուր ճանաչողության և հայրենասիրական դաստիարակության հարցերում։ Առարկայի ուսուցումը մշտապես բարելավելու, կատարելագործելու և ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու գործում մեծ է խմբերի ղեկավարների դերը։ Նրանց պատրաստվածության մակարդակը, մարդկանց հետ աշխատելու, սովորեցնելու կամքն ու ունակությունն են նպաստում գործի հաջողությանը։

Կարևորելով ՀՊՊ առարկայի ուսուցումը զորամասերում՝ զինված ուժերի ղեկավարությունն ամեն տարի կազմակերպում և անցկացնում է մրցույթ ՀՊՊ խմբերի ղեկավարների միջև։ Այս տարվա մրցույթի առաջին և երկրորդ փուլերը զորամասերում և զորամիավորումներում անցկացվել են օգոստոս ամսին, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 24-ին, գնդապետ Վահրամ Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում։

-Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու համար ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով ստեղծվել է կազմկոմիտե, որի նախագահն է ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը։ Կազմկոմիտեի կազմում ընդգրկված են զորամիավորումների հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ։ Գնահատվելու, նաև խրախուսվելու են ոչ միայն հաղթողները, այլև աշխատասեր, առաջընթացի ձգտում ցուցաբերած սպաները,- մրցույթից առաջ ասաց կազմկոմիտեի անդամ, գնդապետ Արթուր Ալեքսանյանը։

Նշենք, որ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին նվաճել զորամիավորումներում, առանձին զորատեսակներում ուսումնական հաստատություններում հաղթած սպաները։

Ներկայացնելով մրցույթի գնահատման չափանիշները՝ կազմկոմիտեի անդամ, ԶՈՒ ԱՀՏԱ վարչության ԳԴ և ՀՊՊ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանն ընդգծեց.

-Կարևորվում են ուսուցման սկզբունքների, մեթոդների և ձևերի իմացությունը, դրանք գործնականում կիրառելու ունակությունը։ Նաև կարևոր է պլան-համառոտագրի առկայությունը և դրա բովանդակությունը։ Ուշադրություն ենք դարձնում պարապմունքը կազմակերպելու և անցկացնելու մեթոդիկայի արդյունավետությանը, ուսումնանյութական բազայի նպատակային օգտագործմանը, ինչպես նաև ունկնդիրների ակտիվությանը և ուսումնական նյութի յուրացմանը։

Ասենք նաև, որ մրցույթն անցկացվեց թեստերի միջոցով։ Արդյունքների ամփոփումից հետո ամենաբարձր ցուցանիշով ՀՊՊ խմբերի ղեկավարների մրցույթի հաղթող ճանաչվեց կապիտան Հարություն Նաջարյանը՝ գնդապետ Վահրամ Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասից։ Երկրորդ տեղում նախորդ տարի առաջին տեղը գրաված ավագ լեյտենանտ Էդգար Ավալյանն էր՝ տանկային զորամասից։ Երրորդ տեղում ավիացիայի ուսումնական զորամասի ներկայացուցիչ, ավագ լեյտենանտ Անդրանիկ Այդինյանն էր։ Մրցանակային էին նաև չորրորդ և հինգերորդ տեղերը, որոնք համապատասխանաբար գրավեցին ավագ լեյտենանտ Սեդրակ Մադարյանը, գնդապետ Արթուր Օհանյանը և մայոր Գևորգ Գալստյանը՝ գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասից։

Մրցույթի հաղթողն ու մրցանակակիրները կներկայացվեն խրախուսանքի։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/10/2012