Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՍՊԻՏԱԼԸ



Զանգեզուրի կայազորային հոսպիտալը (պետ, բ/ծ փոխգնդապետ Կամավոր Խաչատրյան) ճանաչվեց 2011-ի լավագույն հոսպիտալը եւ արժանացավ ՊՆ Պատվո դրոշին։ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ճաշարանի պետ Ռուզաննա Հարությունյանը արժանացավ լավագույն խոհարար կոչմանը։ Թերապեւտիկ բաժանմունքը լավագույնն էր հոսպիտալների բաժանմունքների մեջ։

Զրույց Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

Փոխգնդապետ Կամավոր Խաչատրյանը ծնվել է Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում։ 19 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ «Նիկոլ Դուման» ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողություններին։ 96-ին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, իսկ 98-ին ծառայության է անցել ՊՆ ռազմաբժշկական վարչությունում։ Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիան ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը ԶՈւ-ում։ 2010-ին նշանակվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ։

-Պարոն Խաչատրյան, այսօր լավագույնն է այն հոսպիտալը, որը ղեկավարում եք։ Չենք կարող չնկատել, որ այս հաջողությունները նաեւ Ձեր անձի եւ գործունեության հետ են կապված։

-Մեր հաջողությունները կոլեկտիվ աշխատանքի արդյունք են, պարզապես ես ունեմ մի քանի սկզբունքներ, որոնք կարեւոր նախադրյալ են հաջողության հասնելու համար։ Առաջինը անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն է եւ համախմբվածությունը։ Մենք գաղափարի շուրջ համախմբված զինվորական կոլեկտիվ ենք, եւ այդ գաղափարը կարեւոր ու թանկ է յուրաքանչյուրիս համար։ Դա բանակի մարտունակության գաղափարն է, ինչը իր հերթին ուժեղ երկիր եւ պաշտպանված սահմաններ ունենալու երաշխիք է։ Մենք մեկ միավոր ենք, եւ մեկի թերացումը անպայմանորեն ազդում է մյուսների աշխատանքի արդյունքի վրա, ուստի նախանձախնդիր ենք, որ մեր պատճառով չտուժեն ուրիշները, միեւնույն ժամանակ՝ պատրաստ ենք աջակցել ընկերոջը՝ վերացնելու թերությունները, ծառայելու այն չափանիշներին համապատասխան, որոնք ընդունված են կոլեկտիվում։ Հաջողության երաշխիքներից մեկն էլ ընկերական, հարազատական մթնոլորտի ձեւավորումն է կոլեկտիվում, մենք բոլորս մեկ մարդու նման ծառայական ընկերոջ թիկունքին ենք, նրան երբեք մենակ չենք թողնում իր հոգսուցավի հետ։

-Ի՞նչ ծառայություններ է իրականացնում Զանգեզուրի կայազորային հոսպիտալը։

-Հոսպիտալը սպասարկում է բանակային զորամիավորումների զորամասերի, այսինքն՝ ունի մեծ ընդգրկում։ Ցուցաբերում է ստացիոնար եւ ամբուլատոր բուժսպասարկում՝ ամբողջ ծավալով՝ որակավորված էտապին համապատասխան։ Լրացուցիչ օժանդակության կարիք ենք ունենում միայն մասնագիտացված բուժօգնության անհրաժեշտության ժամանակ, եւ հիվանդին տեղափոխում ենք համապատասխան կլինիկա։

-Ինչպիսի՞ն են հոսպիտալի շենքային պայմանները։

-Շենքը կապիտալ նորոգված է, վերանորոգման կարիք ունի միայն մեկ բաժանմունք, ինչը կիրականացնենք շատ մոտ ապագայում։ Հիվանդասենյակները ապահովված են առանձին լոգարաններով, լվացարաններով, մահճակալներն ունեն կողապահարաններ, յուրաքանչյուր բաժանմունք ունի իր բաղնիքը։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնում հիգիենային։ Մեր հոսպիտալում կատարյալ մաքրություն է։ Ճաշարանի մաքրությունը հսկվում է մեծ ուշադրությամբ։ Հիվանդների սնունդը չի տարբերվում տանը պատրաստված ճաշերից, ինքս ճաշում եմ հիվանդների հետ, ուտում եմ այն, ինչ ուտում է իմ զինվորը։

-Ապահովվա՞ծ եք համապատասխան բժիշկ-մասնագետներով։

-Շատ բարձրորակ անձնակազմ ունենք, կատարել ենք որոշ կադրային փոփոխություններ, ազատվել ենք առկա պահանջները չբավարարող մասնագետներից։ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը ինձ հնարավորություն տվեց մասնակցելու կադրերի ընտրությանը։ Սա հաջող նախադեպ էր։ Ես շատ գոհ եմ անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունից եւ բարոյահոգեբանական որակներից։ Մեր նյարդաբանը բժշկական գիտությունների թեկնածու է, քիթ-կոկորդի մասնագետը պահանջված բժիշկ է, հոսպիտալի պետի բուժ. գծով տեղակալը նույնպես աշխատում է հագեցած գրաֆիկով… Մենք սպասարկում ենք նաեւ քաղաքացիական բնակչությանը։ Հոսքը շատ մեծ է, մարդիկ վստահություն ունեն հոսպիտալի հանդեպ, եւ աշխատում ենք մեծ ծանրաբեռնվածությամբ։

-Խոսենք նաեւ տեխնիկական հագեցվածության մակարդակից եւ դեղորայքային ապահովումից։

-Տեխնիկական հագեցվածությունը կատարելագործվում է պարբերաբար։ Այսօր ապահովված ենք աշխարհում ընդունված բոլոր համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են տվյալ որակավորված փուլին։ Մեր հոսպիտալում հիվանդը չունի լրացուցիչ սննդի եւ դեղորայքի կարիք։

-Ինչպե՞ս կգնահատեք զորամասերի բուժկետերի աշխատանքը։ Խոսքը բարդացած հիվանդությունների կամ սոցիալ-հոգեբանական ազդակների հետեւանքով առաջացած առողջական խնդիրների՞ մասին է։

-Ես պիտի ասեմ, որ ոչ մի բժիշկ չի կարող անօգնական թողնել հիվանդին։ Սա՝ միանշանակ։ Եղել է, որ հիվանդի վիճակը վատացել է հիվանդությունը սխալ ախտորոշելու հետեւանքով, ինչը նույնպես անխուսափելի է, որովհետեւ երբեմն ախտանիշները խաբուսիկ են, բայց, պիտի նշեմ, բարդացումը չի ունեցել այնպիսի խորացում, որը առողջության քայքայման պատճառ դառնար կամ անդառնալի հետեւանքներ առաջացներ։ Մենք պարբերաբար այցելում ենք տարածքի զորամասեր՝ կատարելու բուժպրոֆիլակտիկ աշխատանքներ։ Զննում ենք գանգատներ ունեցող անձնակազմին։ Տարին երկու անգամ իրականացնում ենք ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն՝ 100 տոկոս ընդգրկումով։ Հիվանդները վերցվում են դիսպանսեր հսկողության տակ։ Ինչ վերաբերում է զորամասերում հիվանդության նախադրյալներին, կենցաղային պայմանները եւ սնունդը չեն կարող դժգոհության տեղիք տալ։ Ես կուզենայի մենք ավելի ուշադիր լինենք բարոյահոգեբանական գործոնի հանդեպ, ինչը նույնպես հիվանդացության նախադրյալ է։

-Ինչպիսի՞ն են դիրքային ծառայության պայմանները։

-Դիրքերում բարոյահոգեբանական խնդիրները առավել հաղթահարված են։ Զինվորն ունի բնականոն կենսակերպի հնարավորություն, ամեն ինչ արված է, որ առաջնագծում զինվորը կարողանա լավ սնվել, հանգստանալ, զբաղվել իր հիգիենայով, ունենալ հանգիստն ու ժամանցը կազմակերպելու հնարավորություն։

-Պարոն Խաչատրյան, 2011-ին Ձեր հոսպիտալը համարվել է լավագույնը բանակում։ Որո՞նք են բնութագրման ցուցիչները եւ գնահատման չափանիշները։

-Հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ՝ ամփոփիչ քննությունների արդյունքները, ցուցաբերված բուժօգնության ծավալն ու մակարդակը, հիվանդների բուժման արդյունավետությունը, տարվա ընթացքում ղեկավար մարմինների ստուգումների արդյունքները եւ այլն։ Պատվո դրոշը ստացա անձամբ պաշտպանության նախարարից։ Մենք շատ ենք սիրում այդ դրոշը եւ ամեն ինչ անելու ենք այն մեզ մոտ պահելու համար։

-Իսկ այն, որ Ձեր հոսպիտալում զինվոր մահացավ, չի՞ խանգարի Պատվո դրոշը Ձեզ մոտ պահելուն։

-Խոսքը մենինգոկոկցեմիայով հիվանդացած զինվորի մասին է։ Հիվանդի վիճակը ծայրահեղ վատացավ մի քանի ժամվա ընթացքում։ Արել ենք հնարավոր ամեն ինչ։ Աշխարհում ոչ մի բժիշկ չէր կարող փրկել նրան։ Այս տեսակետը հաստատվեց նաեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով։ Այս ցավալի դեպքը չի կարող անդրադառնալ մեր հեղինակության վրա։

-Ամենածայրամասային տարածքից հիվանդ զինվորին ինչքա՞ն ժամանակում կհասցնեն հոսպիտալ եւ կցուցաբերեն առաջին բուժօգնությունը։

-Մեկ ժամից հիվանդը կստանա առաջին բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կարող են օգտվել նաեւ քաղաքացիական կլինիկաների ծառայություններից։ Սա նորմալ ցուցանիշ է։

-Շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր անձնակազմին լավագույնը ճանաչվելու կապակցությամբ, մաղթում եմ, որ երկար պահեք այն Պատվո դրոշը. որը Ձեր բառերով ասած, շատ եք սիրում։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/10/2012