Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ



Անկախությունը հայերիս կյանքում բացարձակ արժեք է, մեր դարավոր երազների մարմնացումը: Այսօր մենք ունենք նվաճված անկախություն, ազատագրված Արցախ, բայց երբեք չպետք է մոռանանք այդ ամենի ակունքներում կանգնած հայոց մարտիկներին, իրենց կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած մահապարտներին, որոնց հիշատակի առաջ ամենամեծ տուրքը նվաճված հաղթանակը պատվով պահելն է:

«Արծիվ-մահապարտներ» գումարտակի 20-ամյակը ուրույն հնչեղություն ստացավ Նոր Նորք վարչական շրջանում: Այս առիթով այցելություն էր կազմակերպվել Նոր Նորքի Ազատամարտիկների պուրակ, որտեղ հյուրերը ծաղիկներ դրեցին ազատագրական պայքարում իրենց մեծ ներդրումն ունեցած հայ մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Ներկաների կազմում էին մերօրյա հերոս, Շուշիի ազատագրման գործողության ղեկավար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի համակարգող, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի հրամանատարներից Սպարտակ Մաթևոսյանը, ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը և այլք:

Հոբելյանական արարողությունը շարունակվեց Նոր Նորք համայնքի վարչական շենքի դահլիճում, որտեղ հուշ-երեկույթի հյուրերը մասնակցեցին ծրագրով նախատեսված միջոցառման մշակութային մասին:

Նոր Նորքում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու և գալիք սերունդներին ազգային արժեքներով զինելու համար վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը խրախուսեց պատվոգրով: Անդրադառնալով «Արծիվ-մահապարտներ» գումարտակի անցած 20-ամյա ուղուն` վարչական շրջանի ղեկավարը անուրանալի և անգնահատելի համարեց այն մեծ ավանդը, որ ունեցել է յուրաքանչյուր մահապարտ հաղթանակի նվաճման գործում: «Հերոսների մահով է անմահանում ու հավերժանում հայրենիքը: Հայրենիքի կանչով ձևավորված մահապարտների ջոկատը մահվանն ընդառաջ գնաց` գիտակցելով իր անձնազոհության գինը: Հավերժ խոնարհում իրենց կյանքը ազատության զոհասեղանին դրած մարտիկներին»-հավելեց վարչական շրջանի ղեկավար Ա.Ուլիխանյանը:

Միջոցառման հանդիսավոր մասում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց Արցախյան հերոսամարտում իրենց մեծ ավանդն ունեցած մարտիկներին:

ՀԵՂԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Բանակ և հասարակություն


03/10/2012