Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ



Արդեն քանի տարի է, ինչ մեր զինված ուժերի բուժանձնակազմը համալրվում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներով: Հիմնավոր տեսական գիտելիքներ ստանալուց հետո նրանք զորքերում գործնականում կիրառում են բուժօգնություն տրամադրելու իրենց կարողությունները, կատարելագործվում որպես մասնագետներ եւ նշանակվում տարբեր պաշտոնների: Բնական է, որ ֆակուլտետի հետ կապված բոլոր խնդիրները տարեցտարի ավելի մեծ ուշադրության են արժանանում: Օրերս հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ֆակուլտետի շուրջ վեց տասնյակ ուսանողի երդման արարողությունը, եւ նրանք արդեն իրավամբ կկոչվեն կուրսանտներ:

-Մի քանի տարի այստեղ երդում չէր անցկացվել, այսօր պաշտպանության նախարարի կարգադրությամբ այդ ավանդույթը վերականգնվել է. երդվում են նախեւառաջ բարձր կուրսեցիները: Նախատեսում ենք, որ եկող տարվա ընդունվողներն արդեն ուսումնառության սկզբին կերդվեն, իրենց լիիրավ զինծառայողներ կզգան,-նշեց ֆակուլտետի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Ս. Գալստյանը:
Փետրվարի 5-ին ռազմաբժշկական ֆակուլտետի ողջ անձնակազմը տոնական համազգեստով շարված էր շարահրապարակում: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան զինվորականներ, կուրսանտների ծնողներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ- լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Շնորհավորելով բոլորին իրավամբ տոնական օրվա առթիվ` նա նշեց, որ հայկական բանակում ռազմական բժշկությունն իր ուրույն ու կարեւոր դերն ունի, դեռ Արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկները ցուցադրել են իրենց մասնագիտական կարողությունները եւ այսօր էլ մեր զինվորի ու սպայի առողջության պահպանման հուսալի երաշխավորներն են:
-Զինվորական բժշկի մասնագիտությունը երեւի թե միակն է, որ երկու բաղկացուցիչ ունի` մասնագիտական եւ զինվորական պարտականություններ։ Մաղթում եմ, որ երկուսին էլ լիարժեք տիրապետեք, ծառայողական առաջընթաց ունենաք` նպաստելով ձեր ոլորտի եւ հայկական բանակի հզորացմանը,-ասաց գեներալ-լեյտենանտը:
Այնուհետեւ սկսվեց երդման արարողությունը: Կուրսանտները հերթով մոտեցան սեղաններին, խրոխտ ու ձիգ կեցվածքով արտասանեցին երդման տեքստը, ապա զբաղեցրին իրենց տեղը շարքում: Նրանց երդումն ընդունում էին գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանը, ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետի տեղակալ, գնդապետ Է. Ոսկանյանը: Յուրաքանչյուր կուրսանտ երդման ավարտին նվեր ստացավ Նոր կտակարան` որպես ամեն մի նախաձեռնության մեջ հավատքի զորությամբ, աստվածային պատվիրաններով առաջնորդվելու խորհրդանիշ: Քիչ հետո էլ ապագա ռազմական բժիշկները զինվորական նվագախմբի նվագակցությամբ եւ ծնողների, հարազատների ուրախ ու հպարտ հայացքների ներքո անցան հանդիսավոր երթով:
Ուրախ էին բոլորը։ Առանձնապես ոգեւորիչ էր համազգեստ հագած իրենց որդիների հետ գրկախառնվող զինվորականների տեսնելը. իրենց կարգապահ ծառայությամբ, ապրելակերպով նրանք կարողացել են ընտանիքում ամրապնդել հարգանքը բանակի հանդեպ՝ թերեւս սկիզբ դնելով զինվորական գերդաստանի: Նրանցից մեկն է փոխգնդապետ Ա. Մաթեւոսյանը: Զորամասի հրամանատար է, փորձառու օդաչու, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է: Կինը` Անժելան, զինվորական բժշկուհի է, ծառայում է հոսպիտալում: Նրանց որդին` Արման Մաթեւոսյանը, մոր ճանապարհով է գնացել, սակայն հոր համար կարեւորը բանակի հետ նրա կապն է, հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը:
Երդման մասնակիցների թվում էր նաեւ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր գնդապետ Սեյրան Շահսուվարյանի որդին` Նարեկ Շահսուվարյանը: Նրա ավագ որդին՝ Գեւորգը, ավարտել է նույն ֆակուլտետը, ծառայություն անցել զորքերում, այժմ էլ ուսանում է օրդինատուրայի դիմածնոտային բաժանմունքում։
Միջոցառման ավարտին գնդապետ Գալստյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ֆակուլտետում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, նշեց, որ երդման արարողությունների դադարեցումը պայմանավորված էր երկփուլ կրթական համակարգի ներդրմամբ: Այժմ փորձ է արվում վերականգնելու երդման նախկին կարգը, նաեւ մշակվում է ռազմաբժշկական կրթության նոր հայեցակարգ: Միաժամանակ լուծվում են ֆակուլտետի ապահովման խնդիրները` ֆինանսական, նյութական, կադրային եւ այլն: Անձնակազմը ծավալել է գիտական լայն գործունեություն, տպագրվել են բժշկական տարբեր ոլորտների վերաբերյալ ուսումնասիրություններ: Ներկայումս մշակվում են ոչ սովորական պայմաններում ռազմական բուժծառայության եւ քաղաքացիական տարբեր ծառայությունների համագործակցության մեթոդները: Մի խոսքով, ֆակուլտետում նպատակային աշխատանք է տարվում ուսանողին համապարփակ գիտելիքներ փոխանցելու, դրանք զարգացնելու ուղղությամբ, ինչն անպայման կնպաստի վաղվա մեր զինվորի բուժսպասարկման որակի բարձրացմանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Ազգային բանակ


17/02/2011