Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ…



Օգոստոսի 25-ին Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում տեղի ունեցավ վերակառուցված Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման եւ նորակառույց Նարեկ մատուռի օծման արարողությունը։

1884-1890թթ. կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցվել է Սուրբ Հակոբ նոր եկեղեցին, որը գործել է մինչեւ 1920թ.՝ Հայաստանի խորհրդայնացումը։ Հետագա տարիներին եկեղեցին ծառայել է որպես հացահատիկի պահեստ։ Սակայն որքան էլ ժամանակները եղել են դժնի ու անհավատ՝ վարդենիսցիները չեն կորցրել իրենց հավատն առ Աստված եւ միշտ փակ եկեղեցու դրսի պատերին մոմեր են վառվել։ Արցախյան պատերազմի օրերին այս գյուղից Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանական, հերոսական մարտերին մասնակցել են 30-ից ավելի ազատամարտիկներ, որոնք պատերազմ մեկնելուց առաջ մոմեր էին վառում Սուրբ Հակոբ կիսավեր եկեղեցում եւ սուրբ Նարեկում։ Իսկ երբ նրանք ռազմի դաշտում էին, նրանց հարազատներն էին ուխտի գալիս եւ վառվող մոմերի հետ աղոթքի խոսքեր շշնջում։ Եվ տղաները՝ Ռաֆիկը, Մերուժանը, Մխիթարը, Մանուկը, Ներսեսը, չնայած պատերազմական վերքերին, կենդանի վերադարձան հայրենի օջախ։ Եվ հիմա էլ, երբ վերաօծվում է Սուրբ Հակոբ եկեղեցին, տղաներն իրենց հավատի մոմերն են վառում այնտեղ։

Օրը տոնական էր, օրը բացվել էր լիառատ հավատով։ Արագածոտնի թեմի հոգեւոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչները կատարում են օծման արարողությունը։ Ներկա է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Կոմիտաս վարդապետի, բարերար Օթարի Հակոբյանի հայրենաշունչ եւ հայրենաբաղձ խոսքերն են հնչում-տարածվում Ծաղկունյաց լեռնաշխարհում։

Ե՛վ ելույթ ունեցողները, ե՛ւ մոմավառության մասնակիցները երախտիքի, աղոթքի խոսքեր ուղղեցին բարերարներ Օթարի Հակոբյանի, նրա որդու՝ Արթուր Հակոբյան-Ջանիբեկյանի հասցեին։ Գյուղապետ Կամո Պետրոսյանը ինչպես իր, այնպես էլ գյուղի համայնքի կողմից հայտնելով իր շնորհակալությունը, միեւնույն ժամանակ նշեց, որ ամեն տարի այդ օրը՝ օգոստոսի 25-ը, նշվելու է որպես գյուղի վերածննդի, հավատի, ցնծության օր։

Եվ ասես այդ խոսքերին ի լրումն՝ տարածվում-լսվում է «Վերք Հայաստանի» վեպից մեծ հայրենասեր Խաչատուր Աբովյանի հոգեզմայլ խոսքը. «Հայոց թագավորքը, իշխանքը և պայազատքը՝ Ապարանի բյուրատեսակ ծաղիկների հոտը և պատվական աղբյուրների համն առնելով՝ իրենց ամառվա ջրերը հովացած, զովացած սիրտը աստվածային սիրով վառում, իրենց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը ծաղիկների հոտի հետ խառը, թռչնոց ձենի հետ հավասար, մեկ բերանով իրիկուն, առավոտ երկինք էին ուղարկում»։

Եվ այդ պատմական օրվանից որպես հիշատակություն դարերին ի պահ, եկեղեցու պատին մնալու է համեստ մի արձանագրություն. «Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի…

Վերակառուցվեց Սուրբ Հակոբ եկեղեցիս եւ շինեցավ Զանգակատունս ի հիշատակ մեծ հոր եւ մեծ մոր նրա Ջանիբեկի Հակոբյան եւ Մարիամի Ղարիբյան։ Օրհնեսցե Տեր զբարերարն Արթուր Ջանիբեկյան եւ զգերդաստանն նորա»։

Գ.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Բանակ և հասարակություն


12/09/2012